
«Մանսուրյանը երաժշտությունը դարձրել է պոեզիա»
«Մանսուրյանը երաժշտությունը դարձրել է պոեզիա,- ասում է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը:- Եթե Շնիտկեն աղմուկից է հանում երաժշտությունը, Գուբայդուլինան` լռությունից, Մանսուրյանի մոտ հիշողությունից, մանկությունից է գալիս երաժշտությունը, չարչրկված խոսք կա` գենետիկայից է գալիս»:
Երևանում մեկնարկել է մանսուրյանական օրերի շաբաթը. մեծանուն կոմպոզիտորն այս տարի նշում է իր 75-ամյակը: Մանսուրյանը հիշում է, թե ինչպես իր ուսանողության տարիներին իրեն և ընկերներին հաջողվեց Հայաստանում տարածել նորագույն երաժշտութան ալիքը և ավանգարդ երաժշտության հիմքը դնել: Դրան զուգահեռ նրա օտարազգի ընկերները զարմանում էին, թե այդ երաժշտության մեջ, որը վերազգային էր, ինչպես էր Մանսուրյանին հաջողվում «կարողանալ մնալ հայ»:
Սեպտեմբերի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում Տիգրան Մասուրյանը և իր ընկեր Աշոտ Զոհրաբյանը բեմում նստած զրուցում էին 1960-70-ական թթ.-ի երաժշտական ալիքի, երաժշտության զարգացման, ազդեցությունների, ձայների համակցության և մեղեդիների ստեղծման մասին: Այն ժամանակ դեռևս երիտասարդ կոմպոզիտորների և նրանց սերնդակիցների վրա իր ուրույն ազդեցությունն է ունեցել ավստրիացի կոմպոզիտոր Անտոն Վեբերնը: Երիտասարդների համար նա դարձավ այլընտրանք, նոր մտածողություն, և երաժշտական մեծ ալիք տարածվեց, որովհետև, ինչպես Մանսուրյանն է համոզված, այլևս անհնար էր ստեղծագործել հին ձևերով:
Չնայած մի կողմից՝ Մանսուրյանն իր վրա է կրում եվրոպական երաժշտության ազդեցությունը, մյուս կողմից` նրա ստեղծած երաժշտական ժառանգության վրա երևում է Կոմիտասի թողած հետքը: Տ. Մանսուրյանը հպարտությամբ է խոստովանում, որ երաժշտություն ստեղծելիս ինքը «լիովին օգտվել է» Կոմիտասի գործերից: Նորագույն երաժշտության յուրացման ճանապարհի ընթացքում Կոմիտասը դարձել է Մանսուրյանի հենարանը:
«Վեբերնը մեզ ստիպեց նորովի գնահատել Կոիմտասին»,- ասում է Տ. Մանսուրյանը:
Ա. Զոհրաբյանը հիշում է, թե ինչ բծախնդրությամբ ու աշխատասիրությամբ է Տ. Մանսուրյանը ստեղծում իր գործերը: Նա դա անգամ դաժանություն է որակում: Բայց այդ «դաժանության» արդյունքում Մանսուրյանին հաջողվում է ստեղծել կատարյալ գործեր, որոնք իրենց երաժշտական կառուցվածքով հիացմունք են առաջացանում մասնագիտական շրջանակներում և հուզում հանդիսատեսի լայն շրջանակին:
Սեպտեմբերի 17-ին «Նարեկացի» արվեստի միությունում Արթուր Ավանեսովը դասախոսություն կկարդա «Մանսուրյանը և ութսունականները» թեմայով, սեպտեմբերի 18-ին Մհեր Նավոյանը դասախոսությունն կկարդա «Մանսուրյանը և հայ արվեստը» թեմայով, իսկ սեպտեմբերի 19-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Տ. Մանսուրյանին նվիրված տոնական համերգ:
Մեկնաբանել