
«Ինքնասպանության վարկածը հորինված է, մեր տղային սպանել են»
Թալինում ծնված Արման Մուրադյանն, ավարտելով դպրոցը, ընդունվել է Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, սովորել գերազանց: Այնուհետև մեկ ու կես տարի սովորելուց հետո՝ 2011թ. զորակոչվել է բանակ, 2012-ից տեղափոխվել է Մարտակերտ, ծառայել ԼՂ բանակում: Սակայն 20-ամյա Արմանն այդպես էլ չի վերադարձել տուն: Անցյալ տարի հուլիսի 30-ին նրա դին հայտնաբերվել է դիրքերում՝ հրազենային վնասվածքով: Արմանի ծնողներին հայտնել են, թե իրենց որդին ինքնասպան է եղել, բայց նրանք ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր չեն հավատում այդ վարկածին: Նրանք պնդում են, որ որդուն սպանել են:
«3 ամիս էր մնացել Արմանի ծառայությանը, պատրաստվում էինք դիմավորել… Մեր տղան ո՛չ խեղճ էր, ո՛չ կոտրվող, գերազանց սովորող, կյանքը սիրող, հայրենիքը սիրող մարդ էր: Սերժանտ էր, շատ բարձրահասակ, ուժեղ տղա: Տեսեք, թե բանակից ուղարկած ամեն նկարի հետևում ինչ բանաստեղծություններ է գրել հայրենիքի մասին, ծառայության մասին»,- պատմում էր «Հետքի» խմբագրություն եկած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը:
![]() |
![]() |
Դեպքից 5 օր հետո՝ 2013-ի օգոստոսի 5-ին, ձերբակալվել է գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Էմիլ Ավետիսյանը: Մայորին մեղադրանք է առաջադրվել ոչ թե սպանության, այլ Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով՝ 358.1. հոդվածի 2 մասով, (զինվորական ծառայության պարտականությունների կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը), 358.1.հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որոնք կատարվել են 2 կամ ավելի անձանց նկատմամբ) և 375-րդ հոդվածի 1-ին մասով ( պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը):
«Մեր տղան նպատակադրվել էր գալ, շարունակել ուսումը Արտակարգ իրավիճակների նախարարության ակադեմիայում, ուզում էր լավ մասնագետ դառնար, ծառայեր ժողովրդին: Բայց չթողեցին: Ես իմ սեփական հետաքննությունն եմ արել մեկ տարի շարունակ ու պարզել եմ, որ Արմանին սպանել են: Բայց այն զինվորները, ովքեր ուզեմ են խոսեն, զորացրվել են արդեն, ծնողները վախից նրանց երկրից դուրս են տանում»,- «Հետքին» պատմեց Հովսեփ Մուրադյանը
Ըստ Հովսեփ Մուրադյանի՝ իր որդու սպանությամբ ցանկացել են փոխել զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանին, ով դեպքի հաջորդ օրը վայր է դրել հրամանատարությունը, սակայն մեկ այլ տեղ է նշանակվել հրամանատար: Թեպետ Գրիգորյանը, մամուլում հարցազրույց տալով, հերքել էր, որ իր տեղափոխման հետ է կապված սերժանտ Մուրադյանի մահը, այդուհանդերձ Արմանի հայրը դեռ շարունակում է տղայի մահվան հանգամանքները կապել զորամասի արդեն նախկին հրամանատարին փոխելու հետ: «Սմբատ Գրիգորյանն օգոստոսի 1-ին ինձ ասաց, որ պատրաստ է ամեն ինչ անել, որ որդուս մահվան հանգամանքները բացահայտվեն, բայց հետո իմացա, որ նույն օրը իրեն փոխել են»,- ասաց Հովսեփ Մուրադյանը:
Նշենք, որ անցյալ տարի Արման Մուրադյանի մահը նույն զորամասում առաջինը չէր, այլ՝ երրորդ դեպքը: 2013թ. մարտի 20-ին մահացել էր զինծառայող Վոլոդյա Ավագյանը, իսկ ապրիլի 19-ին՝ Րաֆֆի Մարաշյանը:
«Բռնություն, ծեծ է եղել Էմիլ Ավետիսյանի կողմից, ինչի մասին վկայել են զինվորները: Ամսի 30-ին Էմիլը մտել է բլինդաժ, ծեծելով զինվորներին, Արմանին էլ է ծեծել, խլել է որդուս ամրակցված զենքը ու կրակել նրան: Ես չեմ նշում այն զինվորների անունները, որոնք ինձ ինֆորմացիա են տվել, վախենում եմ, որ այդ երեխաներին էլ կվնասեն»,-պատմեց մահացած սերժանտի հայրը:
Այս պահին նախաքննությունն ավարտված է, դատավարություն է ընթանում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայրը՝ Ստեփանակերտ: Սակայն տուժողների իրավահաջորդներին պատշաճ չեն ծանուցել, որ դատական նիստերը մայիսից սկսված են:
«Իրենք նիստը անում են, 2 օր հետո նոր նամակ ենք ստանում, որ 2 օր առաջ Ստեփանակերտում նիստ էր: Էդպիսի բան կլինի՞: Ուզում եմ գոնե հասնեմ նրան, որ դատավարությունը տեղափոխվի Հայաստան: Դեպքը Մարտակերտում է եղել, գործը Ստեփանակերտում են լսում, էն էլ՝ Սյունիքի մարզի դատական կազմով: Ոտքից գլուխ անօրինականություն է: Որտեղ էլ բողոք ենք գրում, պատասխան չկա կամ ուղարկում են էն մարմնին, ումից մենք բողոքում ենք»,-ասաց որդեկորույս հայրը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել