HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

40 ցմահ բանտարկյալ հացադուլ է հայտարարել

Պահանջը մեկն է՝ պատժաչափերի վերանայում 

Այսօր առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող 95 ցմահ բանտարկյալներից մոտ կեսը՝ 40 անձ անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին «Հետքին» տեղեկացրեցին հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները: Ցմահ դատապարտյալների պահանջը մեկն է՝ ստեղծել պատժաչափերի անհատական վերանայման հնարավորություն: Նրանք նամակներ են պատրաստել՝ ուղղված հանրապետության նախագահին, արդարադատության նախարարին ու ԱԺ նախագահին: 

Նախագահին ուղղված նրանց նամակում նշված է. «Ձեզ դիմելու հիմնապատճառ է այն, որ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ մշտապես հավաստիացնում են Ձեզ, որ իրենց կողմից ամեն ինչ արված է, որ նրանք «նախագահականից» ցուցումի են սպասում, իրենք ոչինչ չեն կարող անել, քանի դեռ հրաման չեն ստացել»:   

Այսօր առավոտյան ՄԻՊ արագ արձագանքման խումբը եղել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այս մասին «Հետքին» փոխանցեց ՄԻՊ արագ արձագանքման վարչության պետ Ռաֆայել Պողոսյանը. «Մենք հանդիպել ենք մի խումբ ցմահ դատապարտյալների հետ, նրանք փոխանցեցին իրենց պահանջը` պատժաչափերի հնարավորություն տալ իրենց: Հորդորեցինք դադարեցնել հացադուլը, բայց նշեցին, որ շարունակելու են»,- ասաց ՄԻՊ պաշտոնյան: 

«Դեռ հուլիսին հացադուլ արեցին, նախարարությունից խնդրեցին 1 ամիս ժամանակ, 1 ամիսը դարձավ 3 ամիս: Մենք արդեն չենք հավատում խոստումներին: Ամեն ինչ արվում է, որ երկարաձգեն, քնեցնեն խնդիրը, բայց այդպես էլ լուծում չտան: Կոնկրետ իմ տղայի գործով 19 տարի առաջ մեծ անարդարություն է եղել, դատել են անմեղ զինվորի, փոխարենը սխալը ուղղեն, նրան պահում են անազատության մեջ: Մենակ իրեն չեն ազատազրկել, մեզ էլ իր հետ են բանտարկել»,- ասաց ցմահ դատապարտյալներից Արթուր Մկրտչյանի հայրը: 

«Հետքի» հետ հեռախոսազրույցում 20-րդ տարին բանտում գտնվող, Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի քույրն ասաց. «Ճիշտ է, ես դեմ եմ հացադուլին, որովհետև էդ վատ պայմաններում իրենք իրենց առողջությունն են վնասում: Իսկ պետական մարմիններում ուղղակի լռում են: Օրինակ՝ Սողոմոնը լուրջ հիվանդ է` սիրտը, ստամոքսը: Մենք միշտ դեղեր ենք տանում իրեն: Բայց նրանք էլ պայքարելու միջոց չեն տեսնում: Մենք սովորական ենք արտասանում 20 տարի փակի տակ, բայց նրանք ամեն օրը գոյատևում են այնտեղ»,- ասաց Սողոմոն Քոչարյանի քույրը` կոչ անելով իշխանությանը գոնե ինչ-որ ճանապարհ գտնել ու լուծել խնդիրը: 

Ինչպե՞ս են ցմահ դատապարտյալները պատկերացնում խնդրի լուծումը 

Ինչ վերաբերում է պատժաչափերի վերանայմանը, ապա ցմահ դատապարտյալները մատնանշում են այն իրավական հիմքը, որով կարելի է հասնել վերանայման: Ու այդժամ, նրանց կարծիքով, Հայաստանում ցմահ դատապարտման խնդրի մասին առհավետ կմոռանան բոլորը: 

Այսպես՝ 2011 թ. մայիսի 25-ին ուժի մեջ մտավ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որով որոշակի ժամկետով ազատազրկման առավելագույն շեմը սահմանվեց 20 տարի՝ նախկին 15 տարվա փոխարեն (59-րդ հոդվածի փոփոխություն): 

Օրենքի փոփոխությունների հիմնավորման մեջ նշված է, որ դատարանները հաճախ չէին կարողանում կողմնորոշվել՝ պատժաչափի ընտրության հարցում: Համարում էին, որ 15 տարին մեղմ պատիժ է, նշանակում էին ցմահ ազատազրկում: Այսինքն՝ 15 տարվա ազատազրկման ու ցմահ ազատազրկման միջև խզվածքը մեծ էր: 

Ցմահ ազատազրկման դատապարտվածների պարագայում այս օրենքը բարելավում է: Այսպես են գտնում մի շարք իրավաբաններ: Իսկ քրեական օրենսգիրքի 13-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի: 

«Օրենքի փոփոխության տրամաբանությունից հետևում է, որ տարիներ ի վեր իրենց պատիժը կրող ցմահ ազատազրկման դատապարտվածները, եթե դատապարտվեին քրեական օրենսգրքի վերոնշյալ փոփոխությունից հետո, ապա նրանցից որոշների համար կարող էր ցմահ ազատազրկումը չսահմանվել որպես պատիժ: Այլ կարող էր նշանակվել, օրինակ, 15-20 տարվա միջակայքում որևէ պատժաչափ՝ 16, 17, 18, 19, 20 տարվա ազատազրկում: Այսինքն՝ ցմահ ազատազրկվածների դեպքում, օրենքի դրույթի այս փոփոխությունը մեղմացնող է, և այն պետք է ունենար հետադարձ ուժ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Հայաստանի Հելսիկյան կոմիտի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը: 

Մինչդեռ 97 ցմահ դատապարտյալներ այս փոփոխությունների հիմքով 2011թ. դիմեցին առաջին ատյանի դատարաններ, սակայն հոդվածները զուտ ֆորմալ առումով համապատասխանեցվեցին, պատժաչափերը մնացին անփոփոխ: 

Իրենց բողոքի ակցիայով ցմահ դատապարտյալները առաջարկում են օրենսդրին, ԱՆ-ին՝ օրենքում ավելացնել դրույթ, ըստ որի 2011թ. մայիսի 25-ի Քրեական օրենսգրքի փոփոխությունը ցմահ դատապարտման տեսանկյունից մեղմացում է: Այդ հիմքով 104 ցմահ դատապարտյալների գործերը կմտնեն դատարաններ, և արդեն դատարանները որոշ դեպքերում կարող են սահմանել տարբեր պատժաչափեր՝ 15-20 տարիների միջակայքում: 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ին 29 ցմահ բանտարկյալ հացադուլ էր հայտարարել դարձյալ նույն պահանջով, սակայն նախարարության հետ բանակցությունների արդյունքում դադարեցրել: Արդարադատության նախարարությունից մեկամսյա ժամկետ էին խնդրել լուծումներ գտնելու համար: Ցմահականները նշել էին, որ փոփոխություն չլինելու դեպքում հացադուլավորների թիվը կավելանա:   

Հ.Գ. «Հետքի» հարցին, թե ինչպիսին է արդարադատության նախարարության արձագանքը, ԱՆ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը նշեց, որ ցմահ դատապարտյալների հետ աշխատանքներ են տարվում իրավիճակը հասկանալու և շտկելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter