HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Յանուշ Վիշնևսկի. «Կցանկանայի մեկ ամիս կին լինել»

Սեպտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ լեհ գրող Յանուշ Վիշնևսկու «Գրանդ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էր նաև հեղինակը: Սա գրողի առաջին գիրքն է, որը լույս է տեսնում հայերենով: Վիշնևսկին զբաղվում է գիտական գործունեությամբ, աշխատում Գերմանիայում: 60-ամյա գրողն իր առաջին գիրքը՝ «Միայնությունը ցանցում», հրատարակել է 2001 թ.-ին: Նրա գրքերի մեծ մասը կանանց, նրանց զգացմունքների, սիրային պատմությունների, միաժամանակ, միայնության մասին են:

«Գրանդ» վեպը պատմում է լեհական Սոպոտ քաղաքի «Գրանդ» հյուրանոցի այցելուների մասին: Գրքի հերոսների շարքում են նաև Ադոլֆ Հիտլերը, Շառլ դը Գոլը, Մառլեն Դիտրիխը, Վլադիմիր Պուտինը և այլ հայտնի դեմքեր, որոնք ժամանակին այցելել են այդ հյուրանոց: Իր գրքի մասին Յ. Վիշնևսկին ասում է, որ ինչպես իր բոլոր գրքերը, այս մեկը նույնպես սիրո մասին է, չնայած այստեղ կան տարբեր հերոսներ ու տեսարաններ:

«Հետքի» հարցերին պատասխանում է  Յանուշ Վիշնևսկին:

Դուք ասում եք, որ Ձեր գրքերը գրում եք տղամարդկանց համար, որ նրանք հասկանան կանանց:  Ի՞նչ պետք է հասկանան տղամարդիկ  կանանց հետ հարաբերություններում:

Դժվար է ասել այդ հանգամանքերը: Դա կախված է տվյալ իրավիճակից: Բայց տղամարդիկ պետք է հասկանան կանանց: Կինը չի մտածում ինչպես տղամարդը, նրա էմոցիոնալ դաշտը տարբեր է: Նա կարող է տվյալ պահին երևալ շատ երջանիկ, երկու րոպե անց՝ տխուր: Կնոջ մոտ էմոցիաները գլխավոր մոտիվացիաններն են, իսկ տղամարդը առաջնորդվում է ուղեղով: Բայց տարբեր կանանց և տղամարդկանց համար տարբեր իրավիճակներում հանգամանքները տարբեր են:

Ձեզ համար ինչպիսի՞ն են այդ հանգամանքներն այս պահին:

Կարծում եմ՝ ես հիմա ավելի լավ եմ հասկանում կանանց, քան նախկինում: Եվ դա օգնում է նաև անձնական կյանքում:

Արդյո՞ք ձեր գրքի հերոսուհիների շարքում կա մեկը, ում սիրահարվել եք և կցանկանայիք հանդիպել նրան իրական կյանքում:

Կարծում եմ՝ վերջին՝ «Գրանդ» գրքից աղախինը, ով հավաքում է հյուրանոցի համարները: Նա շատ նրբանկատ և խելացի կին է: Նա ինձ շատ է դուր գալիս, և ես ինքս եմ նրան ստեղծել: Այդ գրքում շատ կանայք կան, բայց նա ամենից շատն է ինձ դուր գալիս:

Գրքեր գրելուց  ի՞նչ եք սովորել կանանցից:

Պետք է գնահատել ժամանակը, որը մեզ ինչ-որ մեկը նվիրում է: Վերջին շրջանում ես դա սովորել եմ կանանցից: Ժամանակը, որ ես ստանում եմ այլ մարդկանցից, ես այնպես չէի գնահատում, ինչպես գնահատում եմ այն այժմ:

Ասում եք՝ կյանքում շատ բաներ եք տեսել. ի՞նչը դեռ չեք հասցրել տեսնել:

Վայրեր կան, որ կցանկանայի տեսնել: Շատ վայրերում եմ եղել, բայց դեռ չեմ եղել Ճապոնիայում: Կուզեի տեսնել այդ երկիրը, մոտիկից ծանոթանալ նրանց մշակույթին:

Բացի այդ` կցանկանայի մեկ ամիս կին լինել, զգալ, թե ինչպես է դա լինում:

Ինչպե՞ս կապրեիք այդ ամիսը:

Կգրեի այն ամենը, ինչ զգացել եմ, և դա կօգտագործեի նրանց դեմ (ծիծաղում է):

Ձեր «Գրանդ» գրքում  անդրադարձել եք նաև քաղաքական գործիչների: Ինչո՞ւ որոշեցիք թեկուզ հպանցիկ անդրադառնալ նաև քաղաքականությանը:

Ես ցանկանում էի ներկայացնել պատմությունը. այդ հյուրանոցի պատմությունը: Քաղաքական գործիչները, որոնք եղել են այդ հյուրանոցում, ստեղծել են այդ պատմությունը, և դա ինձ պետք էր սյուժեի համար: Այդ պատճառով էլ այս գրքում ես փոքր-ինչ անդրադարձել եմ քաղաքականությանը: Միայն այդ տեսանկյունից. ավելի շատ պատմական, քան քաղաքական կողմից: Ես չեմ ներկայացնում կարծիքներ, չեմ ասում՝ որն է լավ, որը վատ, քարոզչություն չեմ անում: Ես ցույց եմ տալիս՝ ինչ է տեղի ունեցել: Տվյալ դեպքում ես միայն փաստերն եմ ներկայացնում, որովհետև առանց այդ փաստերի այս հյուրանոցն այսպիսին չէր լինի: Հյուրանոցը նույնպես այս գրքի հերոսներից է, որովհետև այն, ինչ տեղի է ունենում դրա ներսում, ազդում է իմ հերոսների կյանքի վրա:    

Լուս.` http://soy-como-el-viento.blogspot.com/-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter