
Եվս մեկ մերժում՝ Սողոմոն Քոչարյանի գործով. այն կվիճարկվի դատարանում
20-րդ տարին ազատազրկման մեջ գտնվող Սողոմոն Քոչարյանի քրեական գործը չի վերաբացվի:
Նա ևս մեկ մերժում է ստացել գլխավոր դատախազությունից. այս անգամ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանից, ով որպես վերադաս դատախազ որոշում է կայացրել Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանի բողոքը մերժելու մասին: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Հայաստանի Հելսիկյան կոմիտեի փաստաբան, Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռևազյանը, ով օրերս է ստացել մերժումը:
Բողոքարկումների շղթան սկսվել էր, երբ «Հետքը» դատարանների արխիվում ուսումնասիրել էր հետախույզ, Արցախյան պատերազմի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ, իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով 20-րդ տարին բանտում գտնվող 48-ամյա Սողոմոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը: Մեղադրանքը 20 տարի առաջ Գերագույն դատարանում պաշտպանած Ժիրայր Խառատյանը իր ինքնակենսագրականում անդրադարձել էր այդ գործին՝ պնդելով, որ 1995 թ.-ին գլխավոր դատախազության վրա Իրանի դեսպանի կողմից ճնշում է եղել՝ մահապատժի պահանջով: Այս հիմքով «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին նոր երևան եկած հանգամանքով վարույթ նորոգելու խնդրանքով: Սակայն գլխավոր դատախազությունն արդեն երկրորդ անգամ մերժում է մոտ 20 տարվա վաղեմության գործը վերաբացել այդ հիմքով:
Գլխավոր դատախազությունը համարում է, որ 1995 թ.-ին մեղադրանքը Գերագույն դատարանում պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի՝ մոտ 20 տարի անց հայտնած ինֆորմացիան՝ քաղաքական ճնշման մասին, նոր երևան եկած հանգամանք չի կարող դիտվել: Հետևաբար, ըստ գլխավոր դատախազության, Ժիրայր Խառատյանի հայտնածը վարույթի նորոգման հիմք չի կարող լինել:
Մերժման հիմքում վերադաս դատախազը դրել է նույն փաստարկները, ինչ դատախազ Գ. Բաղդասարյանը: Հիմնավորումն այն է, որ դատարանն է կայացնում դատական ակտը, և անգամ եթե դատախազ Խառատյանը չպահանջեր մահապատժի դատավճիռ, դա որևէ կերպ չէր կարող կաշկանդել դատավոր Մհեր Խաչատրյանին:
«Ավելի պարզ՝ Սողոմոն Քոչարյանի նկատմամբ մահապատիժ կարող էր նշանակվել նաև դրա վերաբերյալ մեղադրողի միջնորդության բացակայության դեպքում»,- նշված է մերժման որոշման մեջ:
Բացի դրանից՝ վերադաս դատախազը նշել է, որ Ժիրայր Խառատյանի անհամաձայնությունը՝ կապված պատժատեսակին, չի բովանդակում Սողոմոն Քոչարյանի նվազ մեղավոր լինելու մասին ապացույց:
Փաստաբան Ռևազյանը տեղեկացրեց, որ դարձյալ պատրաստվում է վիճարկել մերժման որոշումը դատական կարգով՝ նույն դատարանում (Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան):
«Այս անգամ դատարանը չի կարող չանդրադառնալ իմ բողոքի բովանդակային մասին, քանի որ արդեն սպառել ենք բողոքարկման՝ օրենքով սահմանված բոլոր հնարավորությունները: Նորից մենք պնդում ենք, որ Սողոմոն Քոչարյանի մահապատժի դատավճիռը քաղաքական միջամտության հետևանք է, որ եղել է մեկ այլ պետության կողմից, ինչն աննախադեպ երևույթ է»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արմեն Բեկթաշյան) պարտավորեցրել էր գլխավոր դատախազությանը վերացնել Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները՝ նկատի ունենալով վերադաս դատախազին բողոքարկելու հնարավորության ընձեռումը:
«Վերադաս դատախազի մերժման որոշման մեջ դարձյալ նշված չեն բողոքարկման կարգն ու ժամկետները, բայց մենք մի քանի օրվա մեջ բողոք կներկայացնենք դատարան»,- «Հետքի» հետ զրույցում նշեց փաստաբան Ռևազյանը՝ հիշեցնելով, որ նույն գործով գլխավոր դատախազությունում է գտնվում նաև իր ներկայացրած հաղորդումը հանցագործության մասին:
Հ.Գ. Այս հրապարակումը պատրաստ էր, երբ Սողոմոն Քոչարյանի մայրը՝ Զինա Քոչարյանը, ով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ճանապարհին էր, որդուն դեղեր ու սնունդ էր հասցնում, մեզ փոխանցեց հետևյալը. «Մինչև Սողոմոնս անընդհատ մերժումներ ա ստանում, նրա առողջական վիճակը գնալով վատանում ա: Ստամոքսի խոց ունի, մարսողություն չկա, սիրտը վատ ա: Սողոմոնս լուրջ բժշկական հետազոտությունների կարիք ունի: Հիմա գնում եմ բանտ, համ էլ տեսնեմ բժիշներին: Գրեք թերթում, որ ես խնդրում եմ գոնե տղայիս առողջական հարցերը լուծեն: Համարյա 20 տարի փակի տակ… բերանով ես ասում: Հաշմանդամ մարդուն անգամ թոշակից են զրկել 20 տարի, ոչ էլ անձնագիր են տալիս… ո՞ր մեկն ասեմ»:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել