HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ ճաշարանում ՀԴՄ կտրոն չեն տալիս

Ազգային ժողովի նախորդ քառօրյայի ընթացքում քննարկվող հիմնական հարցը «Շրջանառության հարկի մասին» օրենքն էր: Մի կողմից՝ փոքր ու միջին բիզնեսով զբաղվողներն էին բողոքի ցույցեր կազմակերպում ԱԺ դարպասների դիմաց, մյուս կողմից՝ ԱԺ 6 խմբակցություններն էին փորձում ընդհանուր հայտարարի գալ: Առևտրականները դժգոհում էին թղթարարարության բեռից և պահանջում էին հանել այդ դրույթը: Այդ օրենքով նախատեսվում է, որ յուրաքանչյուր գնած կամ ձեռքբերած ապրանքի համար առևտրականը պետք է ներկայացնի փաստաթուղթ: Կառավարությունն էլ պնդում էր, թե փոքր ու միջին առևտրականների միջոցով փորձում են հարկային դաշտ բերել խոշորներին:

Սակայն պարզվում է, որ այդ նույն օրենսդիրները չեն էլ նկատել, որ Ազգային ժողովի ճաշարանում ՀԴՄ-ն անջատված դրված է մի կողմում: Ընդ որում՝ պատգամավորներից շատերը պարբերաբար են օգտվում ճաշարանից: ԱԺ ներկա նախագահն էլ նախկինում ճաշարանի մշտական այցելուներից էր:

Արդեն 1,5 ամիս է՝ ճաշարանը շահագործում է «Դավիթ-Սարգիս Նավասարդյաններ» ՍՊԸ-ն: Այս ընթացքում բազմիցս օգտվելով ճաշարանից՝ որևէ անգամ ՀԴՄ կտրոն չեմ ստացել: Կան մի քանի հանգամանքներ, որոնք միանգամից ուշադրություն են գրավում ճաշարանում: Օրինակ, բոլոր աթոռները ցելոֆանապատ են, նախկինում ճաշարանի անկյունում դրված սուրճի տեսականու փոխարեն այսօր միայն «Lavazza» սուրճի մեքենան է՝ իր տեսականիով և գովազդային թերթիկներով: Այդ սուրճի մեկ բաժակի գինը 330 դրամ է, իսկ մնացյալ լուծվող սուրճերի տեսականին, որոնք 200 դրամը չեն գերազանցում, ներս են տարվել, բայց եթե հարցնեք, կբերեն: Հենց այսպես ներկայացրեց աշխատակիցը մեզ:

Նույնն ասաց նաև ընկերության հիմնադիր, տնօրեն Սարգիս Նավասարդյանը: Ըստ նրա՝ այս սուրճը լավորակ է, և գինն էլ հարմար է: Ի պատասխան նրա, երբ ասացինք, որ համը լավ չէ, Նավասարդյանը հակառակը պնդեց, թե միայն գովեստներ է ստանում, ու նշեց, թե այդ նույն սուրճը «Պարմա» սուպերմարկետում վաճառվում է ավելի թանկ՝ 300-400 դրամով: «Լավացցա» սուրճը Հայաստան է ներկրում «Անդակո» ՍՊԸ-ն, որին էլ պատկանում է «Պարմա» սուպերմարկետների ցանցը: ՍՊԸ-ի հիմնադիրը Աշոտ Կարապետյանն է: Այս ընկերությունը հայտնի է մի շարքապրանքատեսակների ներկրմամբ, այդ թվում՝ ալկոհոլային խմիչքների և հյութերի («Santal», «Jack Daniel's», «Martini» և այլն):  

Ինչ վերաբերում է ԱԺ ճաշարանին, Սարգիս Նավասարդյանը մեր զրույցն անհասկանալի պատճառներով չթույլատրեց ձայնագրել, թերևս մտածելով, որ այդկերպ ավելի հեշտ կլինի իր պատասխաններից հրաժարվելը կամ հակառակը պնդելը: Հարցին, թե ինչու ՀԴՄ կտրոններ չեն տալիս ճաշարանում, ասաց՝ սպասում են նոր հաշվիչ-մեքենայի տեղադրմանը: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչքան ժամանակով են կնքել պայմանագիրը, պատասխանեց, որ դեռևս չեն կնքել պայմանագիր:

Այս ընկերությունը հիմնվել է 2011-ի մայիսին և նախկինում նույնպես շահագործել է ԱԺ ճաշարանը: Դրա գործունեությանը մամուլն անդրադարձել էր, մասնավորապես, նշվել էր ՀԴՄ կտրոն չներկայացնելու, հարկային պարտավորությունները չկատարելու, աշխատակիցների թիվը քիչ ներկայացնելու մասին: ԱԺ-ն 2013-ից մեկ տարի ժամկետով պայմանագիր էր կնքել «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունը փոքր շահույթ ունենալու պատճառով, ըստ դրա ղեկավար Բակուր Մելքոնյանի, հետագայում չէր երկարաձգել պայմանագրի ժամկետը: 

ԱԺ ճաշարանի սննդի մատակարարումը նրանցից հետո, փաստորեն, վերստին հանձնվել է Սարգիս Նավասարդյանին: Երբ նրան հարցրեցինք, թե ինչու 2013-ին իր ընկերությունը չէր շահագործում ճաշարանը, ասաց, որ անձնական պատճառներ ուներ` այլևս չմանրամասնելով դրանք: Եկամտաբերության մասին էլ նշեց, որ դեռևս 1,5 ամիս են աշխատում, պետք է մի քիչ աշխատեն, հետո կունենա դրա պատասխանը:

Ինչ վերաբերում է ցելոֆանապատ աթոռներին, ընկերության տնօրենն ասաց, թե նախորդ շահագործողի աշխատակիցները տարել են իրենց գույքը, իրենք նորն են գնել և դեռևս ցելոֆաններից չեն հանել դրանք, ինչը կանեն առաջիկայում: