HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

20 տարի անց փակ «դուռը» դարձել է կիսափակ

20 տարի անց ցմահ բանտարկյալը տեղափոխվել է կիսափակ ռեժիմային գոտի

Արցախյան պատերազմի մասնակից, «Վահան Հովհաննիսյան+30» գործով, 2 ոստիկանի սպանության մեղադրանքով 1997թ. մահապատժի դատապարտված (2003-ից` ցմահ ազատազրկում) Տիգրան Ավետիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից անցյալ շաբաթ տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ: Այս մասին մեզ տեղեկացրեց դատապարտյալի քույրը՝ Սոնյա Ավետիսյանը:

«Հետքի» հետ հեռախոսազրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը. «Պատիժը 20 տարի փակ ռեժիմում կրելուց հետո, ըստ օրենքի, փոխվել է ցմահ դատապարտյալի պահման ռեժիմը՝ դառնալով կիսափակ»,- նշեց Գոռ Ղլեչյանը:

«Տիգրանին կայցելեմ մոտ օրերին, գիտեմ, որ լավ է իրեն զգում, էնտեղ ավելի շատ է զբոսանքը, տեսակցությունների հնարավորությունը: 20 տարի փակ ռեժիմում, փակ դռների հետևում պատիժը կրելուց հետո կիսափակ ռեժիմը, իհարկե, առաջընթաց է: Խնդրի մասին այսքան բարձրաձայնումները, կարծում եմ, արդյունք տվեցին: Գիտեք, որ մենք 20 տարի պաքարում ենք, որ նա ազատություն վերադառնա, ապրի իր կյանքով, բայց չենք կարողանում ապացուցել, որ դատական սխալներ են եղել, քանի որ 1997-ին քաղաքական պատվերով դատապարտեցին նրան: 1995թ., երբ ինքնակամ գնաց ոստիկանություն, 25 տարեկան էր, էսօր 45 տարեկան տղամարդ…»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ցմահ դատապարտյալի քույրը:

Կիսաոչնչացված քրեական գործը

«Հետքը» դատարանների արխիվում ծանոթացել է «Վահան Հովհաննիսյան+30» գործի պատառիկներին, գրել, որ պետությունը ոչնչացրել է քրեական գործի 20 հատորներից 16-ը: Այդ քրեական գործից պահպանվել են անձանց մեղադրական եզրակացությունները, մոտ 150 էջանոց դատավճիռը և 5 հատոր: Տիկին Սոնյան գործից ավելի շատ նյութեր է պահպանել, քան պետությունը:  Հենց նրա պահպանած նյութերում գտանք Տիգրան Ավետիսյանի փաստաբան Պողոսովայի ճառը, որտեղ կային հիշատակումներ իր պաշտպանյալին խոշտանգելու ու ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու մասին: «Իմ պաշտպանյալի ինքնախոստովանական ցուցմունքը կազմվել է նրա գլուխը ջարդելուց ու ծնոտը կոտրելուց հետո: Գիշերը քննիչը հարցաքննել է նրան առանց փաստաբանի ներկայության: Կազմվել է ձևական արձանագրություն փաստաբանի մասնակցության հրաժարման մասին» (հատոր 13, որն այսօր ոչնչացված է պետության կողմից):

Տիգրան Ավետիսյանը կիսափակ ռեժիմ տեղափոխված առաջին ցմահ բանտարկյալը չէ

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը ընդգծեց, որ Տիգրան Ավետիսյանը կիսափակ ռեժիմ տեղափոխված առաջին ցմահ բանտարկյալը չէ, եւս երկու տեղափոխված դատապարտյալներ չեն ցանկանում, որ իրենց անունները հրապարակվեն:

Հիշեցնենք, որ 2012թ. կիսափակ ռեժիմ՝ «Արթիկ» ՔԿՀ էր տեղափոխվել 1991թ. մահապատժի դատապարտված Մանուկ Սեմերջյանը, ով պայքարում էր իր պայմանական ազատման համար, սակայն մերժում ստանում: 2012թ. դեկտեմբերին նա մահացավ քաղաքացիական հիվանդանոցում հիվանդությունից: Մանուկ Սեմերջյանի ստամոքսը պատժի կրման տարիներին մի քանի անգամ վիրահատվել էր:

Ռեժիմային փոփոխությունների նախագիծը երեք տարի է՝ ԱԺ-ում է

Երբ մասնակցում էինք Մանուկ Սեմերջյանի պայմանական վաղաժամկետ ազատման բողոքի դատական քննությանը, վերահսկող դատախազն ասաց հետևյալը. «20 տարի փակ ռեժիմում ենք պահել նրան, ո՞նց միանգամից բաց թողնենք»: Հետաքրքիր է, երբ պատժի կրման 15 տարին լրացել էր, համակարգը չգիտե՞ր, որ մի օր էլ 20-ն է լրանալու:

Կա օրենսդրական կազուս. և՛ ցմահ դատապարտյալների պայմանական ազատման իրավունքն է 20 տարի անց նախատեսված, և՛ կիսափակ ռեժիմի անցումը: Հետևաբար, ցմահ դատապարտյալին ազատության պատրաստելու, կիսափակ ու կիսաբաց ռեժիմ տեղափոխելու շեմը պետք է ավելի ցածր լինի:

Բազմաթիվ առաջարկներից հետո երեք տարի առաջ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը հեղինակեց քրեակատարողական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագիծը, որոով նախատեսվում է ցմահ դատապարտյալների փակ ռեժիմի փոխարինումը կիսափակի 15 տարի պատիժը կրելուց հետո` ներկայիս 20 տարվա փոխարեն: Իսկ 18 տարի անց ցմահ դատապարտյալը կարող է տեղափոխվել կիսաբաց ռեժիմ՝ այդպիսով պատրաստվելով ազատության: Սակայն այդ նախագիծը դեռ 3 տարի առաջ ԱԺ քառօրյա է ընդգրկվել, բայց այդպես էլ օրենք չի դարձել:

Հ.Գ. ՀՀ ԱՆ ՔԿՎ թույլտվությամբ ու Տիգրան Ավետիսյանի համաձայնությամբ «Հետքը» շուտով կայցելի «Արթիկ» ՔԿՀ՝ հարցազրույց վարելու ցմահ դատապարտյալ Տիգրան Ավետիսյանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter