HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Ջրաներկված քաղաքը՝ «Աֆրիկյաններից» մինչև «անմեղ» տեսարաններ

Հոկտեմերի 9-ին Երեւան քաղաքի Պատմության թանգարանում բացվեց նկարիչ Պետո Պողոսյանի «Քաղաքը» անհատական ցուցահանդեսը

Պետո Պողոսյանի քաղաքանկարներում քաղաքի անհետացող եւ մնայուն գովազդային վահանակներով անկյուններն են։ Քաղաքն անընդհատ շարժման մեջ է, Պետոյի նկարները՝ հնարավոր բոլոր գույներով տարբեր պահերի եւ տարբերությունների «բռնումներ»-ն են։ 

Դեռ մեկուկես տարի առաջ, երբ զրուցում էի նրա հետ, քաղաքը գրեթե ամեն օր «վերարտադրող» նկարիչն ասում էր«Շատ դժվար հարց է հիմա մեր քաղաքին հստակ ձեւակերպում տալը: Ինչ-որ չափով այն լարման քաղաք է, իսկ մյուս կողմից` արեւի: Եվ այսպես շարունակ: Գուցե, քաղաքը շատ սիրելով, չեմ կարողանա օբյեկտիվ լինել այս առումով»: Վերջին մեկուկես տարվա ընթացքում, սակայն, նկարիչն` ինքը, քաղաքին այլ անկյունից է հետեւումնկարներում հայտնվել է պայքարող քաղաքացին՝ Աֆրիկյանների շենքի ցանկապատած տարածքում, պատմական պատերն՝ իրենց ներկայիս անմխիթար վիճակով։ Եվ կրկին դրան զուգահեռ՝ բազմագույն, խիտ կենտրոնն է՝ գովազդային մեծ վահանակներով, տարատեսակ սրճարաններով եւ քաղաքաբնակներով։

Նախորդ հարցազրույցից անցել է բավականին ժամանակ։ Զրուցում էինք քաղաքի «լարման կետերի» մասին, որոնք ինչ-որ պահից անհետանում են։ Այս առումով բավականին հետաքրքիր է ստացվել «The memory» քաղաքանկարը, որը Աֆրիկյանների տան քաղաքացիական պայքարն է արտացոլում։ Կարծես թե այս մեկ տարվա ընթացքում քաղաքացիականն ու քաղաքացիական պայքարը նույնպես ներառվել են Ձեր աշխատանքների մեջ, այո՞։

Շատ ճիշտ նկատեցիք. սա այն պահն է, երբ «լարման կետերն» անդառնալի անհետանում են: Ընդհանուր առմամբ՝ քաղաքում «նորը» միշտ գալիս է փոխարինելու «հնին»․ հարց է, թե ինչ համաչափությամբ և ինչպես:

«The memory» («Հիշողություն»)

Աֆրիկյանների շենքի պարագայում, եթե հարցն այդպես էր դրված, առնվազն որպես լուծում՝ այն պետք է ներկառուցվեր այլ շինության հետ (ընդունված բան է ամբողջ աշխարհում): Այս և նման շատ այլ խնդիրներ ցավոտ են ոչ միայն ինձ համար․․․ Սա կարևոր հարց է, որովհետև անմիջական կապ ունի  մարդկանց կենսակեպի, ամենօրյա գործունեության հետ: Պարզից էլ պարզ է՝ եթե մի էսթետիկ շենքի ուրվագիծ ավելի պակաս մեկով է փոխարինվում, անմիջապես անդրադառնում է մարդկանց տրամադրության, մտածելակերպի վրա: Մենք այստեղ ենք ապրում, ապրելու ու պետք է կռիվ տանք այդ տարածքների համար:

Ձեր նոր անհատական ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները ի՞նչով են տարբերվում քաղաքանկարների նախորդ շարքերից։

Այս ցուցահանդեսը հստակ մի քաղաքի՝ Երևանի պատմություն է: Առնվազն այն, ինչը ես եմ տեսել, վերապրել ու զգացել՝ սկսած «անմեղ», ջերմ տեսարաններից մինչև «Աֆրիկյաններ», և «Պատը»  (Էրեբունի բերդամրոցում)՝ «արտ» օբյեկտ՝ մեկ այլ «արտ» օբյեկտի վրա:

«The wall» («Պատը»)

Տարիներ շարունակ նման յուրօրինակ առնչությունը քաղաքի հետ պետք է որ ներքին հարցադրումների առաջ կանգնեցեր Ձեզ։ Երբ լուսանկարում եք որեւէ տարածք, ապա միայն ջրաներկով վերարտադրում քաղաքի ներկայիս իրականությունը, ինչ-որ բաներ փոխելու տրամադրություն ստեղծվու՞մ է։

Քաղաքի հետ աշխատելը անվերջ փոփոխվող և  հետաքրքիր գործընթաց է: Նախքան գործը սկսելը արվում են բազմաթիվ լուսանկարներ, էսքիզներ: Ես, ընդհանուր տեսարանը  պահելով, շատ բաներ փոխում եմ, ավելացնում կամ հանում (շենքեր, մարդիկ, մեքենաներ)՝ այն դարձնելով ավելի հարազատ և «լիցքավորված»:

Նորից վերադառնալով ջրաներկին՝ որպես նյութ։ Երբ դետալային քաղաքանկար է ստեղծվում եւ միաժամանակ քաղաքի բոլոր գույները տեղը տեղին արտացոլում է, ջրաներկով պատկերը ստանալու գործընթացը բարդանում է։ Նյութի ընտրությունը ինչո՞վ էր պայմանավորված։

Ջրաներկը շատ ազնիվ նյութ է. ամեն դրված շերտի տակից թափանցում է նախորդը: Նախապես մտածված, պլանավորած մակերեսին աշխատելիս կարելի է անվերջ վարիացիաներ անել, շեշտադրումներ փոխել՝ պահելով առեղծվածը: Ես նախընտրում եմ կիսատոները․ սահմանափակ ներկապնակով աշխատելը գործն ավելի դրամատիկ է դարձնում: Բացի այդ՝ ջրաներկը թույլ է տալիս պահել ողջ թարմությունն ու անմիջականությունը, ինչպես օրերով, շաբաթներով նկարի վրա աշխատելիս, այնպես էլ տեղում, բավական կարճ ժամանակահատվածում, ավարտուն գործ ստեղծել՝ ճիշտ կիրառման դեպքում: Այն պարզ է և միաժամանակ շատ բարդ՝ քաղաքային ռիթմի նման:

Նախորդ հարցազրույցից հետո, հետեւելով Ձեր գործունեությանը (վերջին 1,5 տարվա մասին է խոսքը), նկատեցի, որ հիմնականում Ձեր աշխատանքները ցուցադրում եք Արեւելքում՝ Չինաստանում, Թայլանդում… Արվեստագետները կարծես թե ձգտում են նվաճել նախ Արեւմուտքի շուկան։

Ջրաներկի «արևելյան» մոտեցումը, թերևս, ավելի հարազատ է ինձ, այնտեղից է, ընդհանրապես, սկիզբ առել ջրաներկի ակունքը: Ասեմ, ի դեպ, Արևմուտքը նույնպես «ձգտում» է դեպի Չինաստան. վերջին տարիներին այստեղ են կազմակերպվում առավել խոշոր, հեղինակավոր բիենալեները՝ հատուկ այս նյութին նվիրված: Արևմուտքը, բնականաբար, նույնպես ինձ հետաքրքիր է. անցյալ տարի մասնակցեցի Նարբոնում (Ֆրանսիա) կազմակեպված «Աշխարհի ջրաներկի մրցույթին», ի ուրախություն ինձ՝ ներկայացված եմ եվրոպական հեղինակավոր «The Art of Watercolor» ամսագրում 6 էջանոց հոդվածով:

«In motion» («Շարժման ընթացքում»)

Ամերիկյան մասնագիտական դաշտն էլ է ինձ հետաքրքրում․ այս տարի իմ «Քաղաքը» աշխատանքը ընտրվել է «Ամերիկյան ջրաներկի ասոցիացիայի» («National Watercolor Society») տարեկան միջազգային ցուցադրությանը, որի բացումը տեղի կունենա նոյեմբերին:

Մինչ քաղաքում ֆիքսած դրվագը, պատկերը քաղաքանկարի վերածելը, այն ինչ-որ բանով գրավում է Ձեզ։ Եվ այդ առումով Դուք տարբերվում եք մնացած դիտողներից, որովհետեւ պատկերը հետաքքրքիր անկյունից ֆիքսելու խնդիր ունեք։ Այս տեսանկյունից վերջին մեկ տարվա մեջ մայրաքաղաքի ո՞ր անկյուններն են եղել տպավորիչ, ի՞նչ նորություն է գրավել Ձեր ուշադրությունը։

Անշուշտ, նկարը ստեղծվում է միայն այն կետից, որը ինձ ինչ-որ «բան» է ասում: Խնդիրն ամենևին հատուկ գրավիչ հատվածները նկարելը չէ: Այստեղ աբսուրդը, գորշն ու յուրօրինակը կողք կողքի են, կարևորը սեփական դիտակետը գտնելն է: Միևնույն փողոցը՝ նույնիսկ տարբեր ժամերի, բոլորովին տարբեր մթնոլորտ ունի, անկյուններն անսպառ են: Վերջերս ավելի շատ ինձ «բռնում» եմ այն մտքի վրա, որ ուզում եմ հասկանալ՝ ինչ «էսթետիկ» տարածքում ենք ապրում, փոփոխությունները միանշանակ չեն, բայց մի լավ բան ոնց որ թե նկատում եմ՝ քաղաքի համար սրտացավ մարդկանց թիվը կամաց-կամաց ավելանում է:

«Сoat» («Մուշտակը»)

ՀԳՊետո Պողոսյանի «Քաղաքը» անհատական ցուցահանդեսը բաց է մինչեւ նոյեմբերի 9-ը (Երեւան քաղաքի Պատմության թանգարան): Պետո Պողոսյանի աշխատանքներն՝ այստեղ։

Լուսանկարները՝ Պողոսյանի անձնական արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter