Չորս տարի քննվող քրեական պատմությունն այդպես էլ չի ավարտվում
55-ամյա Հակոբ Թոսունյանը երկու տարուց ավելի գտնվում է կալանքի տակ:
Նա մեղադրվում է քաղաքացի Նոնա Հարությունյանի և նրա որդու առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքով նրան սուտ ցուցմունք տալու հարկադրանքի մեջ՝ այդպիսով փորձելով փրկել որդիներին քրեական պատասխանատվությունից: Ըստ մեղադրանքի, Հակոբը նաև օժանդակել է առանձին պաշտոնատար անձանց առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քննվող քրեական գործով կեղծ ապացույց ստեղծել:
Թոսունյանների պատմությանը «Հետքը» մի քանի հրապարակումներով անդրադարձել է՝ ներկայացնելով մանրամասներ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող գործից:
Հիշեցնենք, որ այս պատմությունը սկսվել է չորս ու կես տարի առաջ, երբ 2010 թ.-ի օգոստոսի 28-ին Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտակայքում գործող սրճարանի բացօթյա մասում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով մահացել է ընկերոջ հարսանիքին հրավիրված Գրիգոր Պապյանը:
Ըստ գործի, վեճը ծագել է հանրային վայրում արված բարձր հայհոյանքներից: Սպանության կասկածանքով ձերբակալվել է Սահակ Սահակյանը, ով հետագայում դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Սահակյանները բողոքներ են գրել տարբեր պետական ատյաններ՝ պնդելով, որ դեպքի բոլոր մասնակիցները չէ, որ պատժվել են, որ սրճարանում եղել ու Գրիգոր Պապյանի հետ վիճել են նաև այլ անձինք, որոնց մեջ է եղել նաև Գևորգ Թոսունյանը: Սակայն այս պատմությունը, ըստ Սահակյանների, կոծկվել է Թոսունյանների կողմից իրավապահներին տված 100.000 ԱՄՆ դոլարի կաշառքի դիմաց (այսօր, սակայն, Սահակյանները հրաժարվել են իրենց ցուցմունքներից: Չի հաստատվել նաև 100.000 ԱՄՆ դոլար կաշառ տալու հանգամանքը): Սակայն Սահակյանների հայտնածը նոր երևան եկած հանգամանք է դիտվել ու այդ հիմքով 2 տարի առաջ ձերբակալվել է Թոսունյան ընտանիքի հայրը՝ Հակոբը:
Հակոբ Թոսունյանն ավելի քան երկու տարի կալանքի տակ է
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը, ով դատարանում ներկայացնում է Հակոբ Թոսունյանի շահերը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ դատարանում հարցաքննված որևէ վկա ուղղակի կամ անուղակի ցուցմունք չի տվել Հակոբ Թոսունյանին առաջադրված մեղադրանքի շուրջ: Նոնա Հարությունյանը հարցաքննվել է շուրջ 35 անգամ: Սակայն 35 անգամ էլ նա տարբեր բաներ է ասել: «Նրա կողմից տված ցուցմունքները, համադրելով մեկը մյուսին, պարզ է դառնում, որ դրանք լիովին անարժանահավատ են, իրականությունից չբխող»,- ասում է փաստաբանը:
Փաստաբանը մշտապես բարձրացնում է Հակոբ Թոսունյանին տևական ժամանակ կալանքի տակ պահելու հարցը, միջնորդում նրան ազատ արձակել կամ փոխել կալանքը որպես խափանման միջոց՝ վկայակոչելով, որ իր պաշտպանյալը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, խնամքին է ողջ ընտանիքը, ունի մշտական բնակության վայր ու աշխատանք: Հակոբ Թոսունյանը սրտի կաթված է տարել, ունի արյան բարձր ճնշում` սրտի սնուցման խանգարումով, աղեստամոքսային տրակտի, լյարդի, լեղապարկի հիվանդություններ, դիսպանսեր հսկողության տակ է, ընդունում է դեղորայքային տարբեր բուժումներ: Այս ամենը թեպետ հաստատվել է փաստաթղթերով, այդուհանդերձ, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մերժում է խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին նրա փաստաբան Վահագն Մանուկյանի միջնորդությունները:
Մերժվել է նաև կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը, թեպետ Քաջարանի քաղաքային համայնքի ավագանու երկու անդամներ գրավոր դիմում են ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ անձնական երաշխավորություն ստանձնելու իրենց պատրաստակամության մասին: Այս բոլոր միջնորդությունների դեմ առարկել է պետական մեղադրողը:
100.000 ԱՄՆ դոլարի կաշառքի հանգամանքը չի հաստատվել
Նախաքննության փուլում Հակոբ Թոսունյանի կալանքի ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարացնելու վերաբերյալ որոշումների հիմքում դրվել այն, ինչը գործի նախաքննությամբ այդպես էլ չի հաստատվել: Մասնավորապես՝ խոսքը Հակոբ Թոսունյանի կողմից շուրջ 100.000 ԱՄՆ դոլար գումարն պաշտոնատար անձանց տալու մասին է, որը Հակոբ Թոսունյանի կալանքի տակ առնելու ու պահելու հիմնական պատճառն է եղել: Մինչդեռ Հակոբի որդիների՝ Գևորգ, Կարապետ և Ջորջ Թոսունյանների վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության վերջին նիստի ժամանակ 100.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու պատմության մասին լուրերը հերքել են Սահակ Սահակյանը, նրա մայրն ու եղբայրը՝ հրաժարվելով իրենց նախաքննական ցուցմունքներից: Իսկ տուժող Գրիգոր Պապյանի մայրը դատարանում հետազոտված վերջին նախաքննական ցուցմունքով նույնպես հերքել է իր սկզբնական ցուցմունքները` Հակոբ Թոսունյանի կողմից պաշտոնատար անձանց կաշառք տալու առոմով՝ նշելով, որ այդ կաշառքի մասին նա իմացել է քաղաքում տարածվող լուրերից:
Դատարանի դիրքորոշումը՝ կալանքը հինավոր է
Սակայն դատարանը քննարկել և գտել է, որ կիրառված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է: Դատավոր Դավիթ Գրիգորյանն իր որոշման մեջ նշել է, որ առկա են Հակոբ Թոսունյանին մեղսագրվող արարքին վերջինիս առնչություն ունենալու փաստական տվյալներ, մասնավորապես` դատաքննության ընթացքում վկաների կողմից տված ցուցմունքները: Ըստ դատարանի, բարձր է հավանականությունը, որ Հակոբ Թոսունյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց: Ըստ դատարանի որոշման, Թոսունյանի անձը բնութագրող հանգամանքները չեն կարող նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու հիմք հանդիսանալ:
Բայց, փաստաբանի կարծիքով, ո՛չ նախաքննական մարմինը, ո՛չ էլ դատարանը իրենց որոշումներում ոչ մի կերպ չեն հիմնավորել, թե Հակոբ Թոսունյանը ինչպես և ինչ եղանակով կարող է խուսափել գործի քննությունից, նախաքննական մարմնից և դատարանից: «Չեն հիմնավորվել, թե կոնկրետ որոնք են այն հիմնավոր կասկածները, որոնց միջոցով իբր հաստատվում է, որ Հակոբ Թոսունյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել քննությանը: Այն դեպքում, որ քննության ընթացքում այդպիսի փաստ չի արձանագրվել ու ապացույցներ ի հայտ չեն եկել, մեղադրանքի մարմինը չի ներկայացրել, իսկ դատարանը չի պահանջել, քննարկման առարկա չի դարձրել»,- գրել է փաստաբան Վահագն Մանուկյանն իր միջնորդության մեջ:
Առաջին լուսանկարում փաստաբան Վահագն Մանուկյանն է, երկրորդում՝ Հակոբ Թոսունյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել