HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարաևոյի համալսարանի պրոֆեսորը հավատում է, որ բանտը մի օր կվերանա

Գորան Շիմիչը քրեական իրավունքի մասնագետ է Բոսնիա և Հերցեգովինայից: Սարաևոյի համալսարանի պրոֆեսոր է: Աշխատել է նաև որպես արդարադատության երկու նախարարների խորհրդական: Օգնում է բոսնիական պատերազմի զոհերի հարազատներին իրավական հարցերով: Նրան հանդիպեցի Երևանում, ուր հրավիրվել էր «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Հրավերի շարժառիթը ՀՀ նոր Քրեական օրենսգրքի նախագիծն է: «Հետքի» զրույցը Գորան Շիմիչի հետ քրեական արդարադատութան, ազատազրկման, պատժի նպատակների մասին է:

- Պարոն Շիմիչ, մարդիկ մի օր հորինել են բանտ հասկացությունը: Հավատո՞ւմ եք, որ մի օր էլ կհրաժարվեն ազատազրկումից:

- Հավատում եմ: Մի սիրելի դասախոս ունեի, ով ասում էր, որ բանտը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մարդկությունն ուրիշ բան չի մտածել: Բանտը ստեղծվեց այն նպատակով, որ մուրացկաններին ու մարմնավաճառներին մեկուսացնեին հասարակությունից: Այն ժամանակ որևէ մեկը չէր մտածում նրանց կրթելու ու վերականգնելու մասին: Վերականգնողական արդարադատությունն առաջ եկավ հարյուրամյակներ հետո, անցյալ դարում: Բայց անգամ այնպիսի պետությունում, ինչպեսին ԱՄՆ-ն է, կրկնահանցագործությունը 80 տոկոս է: Գալիս ենք այն մտքին, որ որևէ մեկն ավելի լավը չի դառնում բանտում, մարդիկ լավանում են հիվանդանոցներում, ոչ թե բանտում:

- Հետևաբար, որտե՞ղ եք տեսնում լուծումը՝ որպես քրեական իրավունքի մասնագետ:

- Անգամ հոգեբանների հետազոտությունները ցույց են տալիս, որ անձը, ով 5 տարի գտնվում է ազատազրկման մեջ, պատիժը դրանից հետո բացարձակապես չի ներգործում: Հետո նրան շատ դժվար է վերասոցիալականացնել: Ես իմ ուսանողներին տալիս եմ գործնական հանձնարարություն՝ 2 օր փակվել տանը՝ առանց հեռախոսի, առանց գումարի, առանց արտաքին աշխարհի հետ որևէ կապի, առանց շփման: Պատկերացնո՞ւմ եք՝ նրանք կամավոր ազատազրկման մեջ են լինում, բայց հետո գրում են իրենց երկու օրերի սարսափների մասին: Ես կարծում եմ, որ և՛ տուժողների, զոհերի հարազատների, և՛ հասարակության, և՛ պետության  տեսանկյունից ավելի ճիշտ կլինի կարճաժամկետ ազատազրկումներ լինեն, դրանից հետո անձը վերադառնա ու աշխատի և իր աշխատավարձի որոշակի տոկոսով վճարի տուժողներին:

- Ի՞նչ անել այն դեպքերում, երբ անձը գործել է առանձնապես ծանր հանցագործություն:

- Անգամ այդ դեպքում անձը պետք է ունենա երկրորդ հնարավորություն: Իմ երկրում, օրինակ, ցմահ ազատազրկում հասկացություն ընդհանրապես գոյություն չունի քրեական օրեսգրքում, փոխարենը գործում է առավելագույնը 45 տարվա ազատազրկումը: Մեր քրեական օրենսգրքում 21-45 տարվա ազատազրկման կարող են դատապարտվել միայն պատերազմի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների մեղադրանքով կամ ահաբեկչության: 4 միլիոն բնակչության պարագայում Բոսնիա-Հերցեգովինայում պատիժ է կրում միայն մեկ անձ (իմացա, որ Հայաստանում 104 ցմահ դատապարտյալ կա, զարմացած եմ), ով դատապարտվել է 45 տարվա ազատազրկման, այն էլ՝ պատերազմի հանցագործության մեղադրանքով. նա սպանել է հարյուրավոր մարդկանց: Սակայն այդ դատապարտյալն էլ ունի պայմանական վաղաժամկետ ազատման իրավունք պատժի 3/5-ը կրելուց հետո: Այդ ընթացքում փոխվելու են նրա պահման ռեժիմները, նրա հետ աշխատելու են շատ հոգեբաններ:  Մեկ դատապարտյալի վրա մենք ծախսում ենք օրական 50 եվրո: Հաշվեք, թե որքան գումար է պետությունը ծախսելու 45 տարվա ազատազրկման դատապարտված մարդու վրա: Ինչեր կարելի էր անել այդ գումարներով նրա գործողություններից տուժած զոհերի հարազատների համար: Մենք մտածում ենք, որ արդարությունը ինչ-որ վեհ գաղափար է, գրքերում է կամ փիլիսոփայական կատեգորիա: Ո՛չ, այն շոշափելի է, և քրեական արդարադատության տեսանկյունից մի՞թե ավելի արդար չէր լինի, որ դատապարտյալը լիներ ազատության մեջ ու աշխատեր՝ հատուցելով տուժողներին:  

- Երկարատև ու ցմահ ազատազրկումը հատկապես անդառնալի հետևանքներ է ունենում, երբ դատապարտվում են չափազանց երիտասարդ մարդիկ: Ի՞նչ լուծումներ ունի եվրոպական քրեական իրավունքն այս պարագայում:

- Երբ ես 17 տարեկան էի, և ծնողներս իմ իրավունքները հաճախ սահմանափակում էին, մտածում էի, որ 18 տարեկան կդառնամ, և աշխարհն ինձ կճանաչի որպես չափահասի: Բայց ծննդյանս օրվանից հետո ոչինչ չփոխվեց ո՛չ իմ, ո՛չ էլ մարդկանց ընկալումներում: ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների պաշտպանության կոնվենցիայում բոլոր մարդիկ, ում 18 տարեկանը դեռ չի լրացել, կոչվում են երեխաներ: Իսկ հոգեբանները հաստատում են, որ անչափահասության ու չափահասության սահմանը խիստ հարաբերական է, դեռ 3-4 տարի էլ անհրաժեշտ է, որ անձը անցումային փուլ անցնի: Սա է պատճառը, որ քրեական արդարադատության մեջ, հիմնականում եվրոպական երկրների օրեսդրություններում, ամրագրված է երիտասարդ չափահասներին վերաբերող դրույթներ: Մասնավորապես՝ 18-21 տարեկանները եվրոպական գրեթե բոլոր երկրներում չեն դատապարտվում պատժի առավելագույն չափի՝ համարելով, որ անձը անցումային տարիքում է: Եթե մենք այդ տարիքի մարդկանց երկար ժամանակով մեկուսացնում ենք հասարակությունից, դա հավասարազոր է մահապատժի, որովհետև պետությունը կորցնում է ապագա քաղաքացու՝ բժշկի, իրավաբանի, ապագա երեխաների հոր և այլն:     

- Այդուհանդերձ, հանցագործությունները չեն նվազում այս կամ այն գրված օրենքների կիրառմամբ, առավել ևս խիստ պատիժներով: Ի՞նչ անել: Ունե՞ք որևէ բանաձև:

- Էլի պիտի հիշեմ իմ դասախոսին, ով ասում էր, որ հանցագործությունները կարելի է հաղթահարել երեք սկզբունքով՝ կանխարգելում, կանխարգելում, կանխարգելում: Իսկ մենք միայն հետևանքն ենք վերացնում: Մարդը, ով 3 կուբամետր փայտ է գողացել, որ իր ընտանիքը չսառի ձմռանը, դատապարտվում է ազատազրկման, բայց դատավորը չի բարձրացնում այն հարցը, թե ինչու է այդ մարդը փայտ գողացել: Իսկ խիստ պատիժը երբեք կանխարգելող դեր չի ունեցել:

- Պարոն Շիմիչ, Ձեր տպավորությունը Հայաստանում պաշտոնյաների հետ եռօրյա հանդիպումներից:

- Ես երկրորդ անգամ եմ Հայստանում, առաջին անգամ դարձյալ Հայաստանի հելսինկյան կոմիտեի հրավերով էի եկել երկու տարի առաջ: Մասնակցեցի «Ցմահ դատապարտյալների հիմնախնդիրները» թեմայով երկօրյա միջազգային կոնֆերանսի: Եվրոպական 15 երկրներից ներկայացուցիչներ կային: Ուրախ եմ, որ Հայաստանում քրեական արդարադատության ոլորտում բարեփոխումներ են լինում, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստակամ են խնդիրները քննարկել հանրային սեկտորի հետ: Հասկացա նաև, որ Հայաստանում չափազանց հեշտությամբ է նշանակվում ցմահ ազատազրկումը: Այնինչ այն պիտի լինի իսկապես բացառիկ պատժատեսակ և՛ օրենսդրությամբ, և՛ կիրառելիությամբ:

Հ. Գ. Երևանում գտնվելու երեք օրերի ընթացքում պրոֆեսոր Գորան Շիմիչը հանդիպումներ է ունեցել ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի, Արդարադատության փոխնախարարներ Արման Թաթոյանի ու Սուրեն Քրմոյանի, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի և Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Հրաչյա Այվազյանի հետ: Իսկ նոյեմբերի 5-ին Գորան Շիմիչը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված աշխատաժողովի ժամանակ ներկայացրեց երկու թեմա` «Երիտասարդ չափահասների արդարադատություն» և «Ցմահ ազատազրկումը՝ որպես բացառիկ պատժատեսակ». միջազգային լավագույն  փորձը և օրենսդրական հնարավոր լուծումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter