HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Մութ ու ցուրտ տարիներին պարում էի, որ թատրոնը չփակվի․ Ժակլին Սարխոշյան

ՀՀ Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնի պրիմա պարուհին մեկնել է Հայաստանից՝ վերադառնալու խոստումով։

2013թ-ին լրացավ թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանի ստեղծագործական գործունեության 20-ամյակը։ Բալետի բեմական կանոնների համաձայն 20 տարին բավականին  երկար ժամանակ է, որը բալետային դերասաններին հաճախ տրվել չի կարող։ Սակայն Ժակլին Սարխոշյանի պարագայում երբեք չես կարող հստակ տարիք սահմանել։

«Բալետը կյանք է, ապրելակերպ, լեզու, արտահայտման միջոց, մարմնամարզություն, դերասանի վարպետություն, ռեժիմ, գեղեցկություն, նրբություն եւ վերջապես՝ բարձրագույն արվեստ»գրում է պրիման՝ արդեն Լիբանանից, որտեղ հրավիրվել է որպես պարուսույց-բեմադրող։

Վերջին օրերին Ժակլին Սարխոշյանի բացակայությունը տարբեր մեկնաբանությունների առիթ տվեց։ Արտագնա աշխատանքի որոշումը (մեկնել է ամուսնու՝ Կարեն Մակինյանի հետ, ով «Բարեկամություն» համույթի մենապարող է) շատերը կապում են սոցիալական վիճակի հետ․ «Որոշեցինք որոշ ժամանակով բացակայել երկրից: Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ես ապրում եմ վարձով, եւ այդ պատճառով էլ չէինք կարող հրաժարվել այդ առաջարկից»․մեկնելուց հետո հարցազրույցներից մեկում նշել է Ժակլինը:

ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում ստացած, վերջերս էլ «Մովսես Խորենացի» շքանշանի մեդալակիր առաջատար մենապարուհին (ներկայացումներ՝ «Սպարտակ», «Ժիզել», «Գայանե», «Կարմեն» եւ այլն), ով  20 տարիների ընթացքում կրել է բազմաթիվ դժվարություններ, բնակվում է ոչ սեփական բնակարանում, դիմակայել է արտիստին բնորոշ զգացմունքայնությամբ ու պատասխանատվությամբ եւ միշտ հավատարիմ եղել ազգայինի բեմին։

Մենակատար արտիստը մշտապես կիսվելու անկյուններ է փնտրում։ Հաճախ նման արտիստների հետ զրուցելիս  հասկանում եմ, որ իրականում այդքան մեծ պատմություններ ունենալով, դժվարանում են խոսել։ Ժակլին Սարխոշյանը մինչեւ այսօր բեմում է՝ չնայած մասնագիտական տարիքը, սովորաբար, սահմանափակում է բեմական հնարավորությունները։ Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում։  

Երբեք չեմ խուսափել խոսելուց ու չեմ փակվել, եւ բոլորը, կարծում եմ, ինձ ճանաչում են որպես ուղիղ մարդ, ով ինչ մտածում, արտահայտում է։ Համոզված եմ մինչեւ հիմա՝ արվեստագետը պետք է բազմակողմանի զարգացած լինի․ երբ ինքս պետք է որեւէ կերպար մարմնավորեմ, հնարավոր բոլոր տարբերակներով՝ գրքերի, ֆիլմերի, համացանցի միջոցով, փորփրում եւ ստանում եմ այն, ինչ ինձ հարկավոր է։ Բեմում լինելս պայմանավորված է նրանով, որ հոգով ես միշտ երիտասարդ եմ․․․ Եվ աշխատասիրությունն ունի նաեւ դերը, եւ գենետիկան։

Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Դուք հեռանում եք Օպերայի եւ Բալետի ազգային ակադեմիական թատրոնից, բայց կարծես թե Դուք ինքներդ հերքեցիք այդ լուրը։ Գիտեմ, որ շատ առաջարկներ եք ստացել դրսում եւ ամեն րոպե կարող էիք հեռանալ Հայաստանից։ Ի՞նչն է պահում Ձեզ հայրենի բեմում, երբ ոչ ֆինանսական միջոցները, ոչ պայմանները բավարար չեն բարձրակարգ արտիստի համար։

Ցուրտ ու մութ տարիներին պարում էի, որ թատրոնը չփակվի։ Հիշու՞մ եք՝ ինչպես փակվեցին Թիֆլիսի եւ Բաքվի թատրոնները․․․ Ես ինչպե՞ս կարող եմ այդ ապրումներից հետո թողնել թատրոնը։ Այլ բան է, որ  դերասանը պահանջված է նաեւ դրսում․ դա շատ կարեւոր է,  երբ քո  միջոցով ծանոթանում են քո երկրի մշակույթին։ Իսկ ես հավերժ չեմ պարելու․ երբ կզգամ, որ սպառվեցի, կթողնեմ բեմը։

Վերադառնալով նորից արտիստի կենսագրությանն ու կյանքի իրադարձություններին։ Տեղյակ եմ, որ հյուրախաղերից մեկի ժամանակ, դժբախտաբար, տեղեկացել եք Ձեր առաջին ամուսնու մահվան մասին, եւ, այնուամենայնիվ ուժ եք հավաքել եւ բեմ դուրս եկել։ Արտիստի այդպիսի առանձնահատկությունն ու որոշումներն ի՞նչ ներքին ազդակներով են կարգավորում։ Բեմն այդ ժամանակ փոխու՞մ է իր դերն ու նշանակությունը։

Դու այդ պահին չես մտածում քո անձնական դժբախտության մասին, որովհետեւ եկել ես պետական այցով հյուրախաղերի։ Հենց այդ ներկայացմանը երկու պետության նախագահների հանդիպում պետք է լիներ, ես չէի կարող հրաժարվել ներկայացումից․ այլընտրանք չունեի։ Ես չէի կարող ոչնչով օգնել ամուսնուս, իսկ ներկայացում չլինել,  նշանակում էր` ես հարվածի տակ էի դնում բալետային խմբին եւ պետական այրերին։ Ոչ ոք չհասկացավ՝ ինչ է կատարվում իմ ներսում եւ որտեղից եմ ես ուժ գտել․ պատասխանատվությունս այդ պահին շատ մեծ էր․․․ Չեմ ցանկանա որեւէ արտիստ երբեւէ այդպիսի դրության մեջ հայտնվի։

Բեմական կատարողական վիճակը կարծես թե վերջին տարիներին փոխվել է եւ արդեն մտածում եք նաեւ ինքներդ նոր բալետային ներկայացումներ բեմադրելու, դասավանդելու  մասին։ Այդպիսի օրինակ արդեն ունեցել եք, երբ բեմադրեցիք «Երազ» բալետ-ֆանտազիա ներկայացումը եւ ինքներդ էլ մարմնավորեցիք գլխավոր հերոսուհուն։ Շատերը հերոսուհու հիասթափությունները, տեղի ունեցող իրադարձությունները կապեցին Ձեր անձնականի հետ։ Ինչպե՞ս ծագեց նման բեմադրության միտքը, ի՞նչն էր ստեղծագործական ֆանտազիայի հիմքում։

Երբեք չեմ սիրել դոփել տեղում։ Սիրում եմ ժամանակի հետ քայլել։ Դասական ներկայացումը միշտ իր տեղն ունի, իսկ ես ուզում էի նորարարություն անել։ Կոմպոզիտոր, բժիշկ Էդուարդ Համաբարձումյանի հետ ծանոթացա իր սկավառակի շնորհանդեսին (Էդուարդ Համբարձումյանը մասնագիտությամբ գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ է)։ Միտք ծագեց ժամանակակից բալետային ներկայացում անել։ Ես գրեցի լիբրետտո, խնդրեցի կոմպոզիտորին մի քանի երաժշտական մասեր ավելացնել, եւ սկսվեց աշխատանքը։ Բոլոր կանանց կյանքում լինում է այդ մեծ սերը, դավաճանությունը, հիասթափությունը․․․ Եվ չեմ էլ հերքի, որ որոշ տարրեր իմ անձնական կյանքից է այդտեղ։ Եթե չանցնես այդ դպրոցը, դժվար կարողանաս անկեղծ լինել բեմում եւ հասանելի լինել հանդիսատեսին։

Ես դեկորները փոխարինեցի ավազային անիմացիայով, որի համար Մոսկվայից հրավիրել էինք Արտեմ Ներսեսին։ Ես եւ բժիշկը լավ թիմ հավաքեցինք եւ կարողացանք մեր երազանքն իրականացնել։ Եվ ես մի անգամ էլ  համոզվեցի՝ մենակ ոչինչ չես անի․ պետք է կողքիդ լինեն մարդիկ, ովքեր կհարգեն, կօգնեն եւ կհետեւեն քո սկզբունքներին։

Խոսելով ներկայացումների մասին, որոնք բեմադրվել են ազգայինի բեմում։ Կարծես թե ցանկը անընդհատ ընդլայնելու փորձեր արվում են, բայց նոր շունչ չի զգացվում։ Ի՞նչ եք կարծում՝ ինչու նոր բալետային ներակայացում չի հրամցվում հանդիսատեսին, որոնք են խանգարող հանգամանքները։

Նորություններ, իհարկե, լինում են, բայց ոչ հաճախակի, ինչպես մենք կցանկանայինք։ Նոր գաղափարը, նոր միտքը կյանքի կոչելը հայաստանյան պայմաններում բավականին դժվար եւ ծախսատար պրոցես է։

Հանդիսատեսի համար մարմնի խոսքը միշտ ավելի բարդ ընկալելի էհաճախ այդ ամենը գնահատվում է որպես էսթետ իրողություն, գեղեցկություն․․․

Բացի մարմնի լեզվից կա էներգիայի (հոգու) եւ աչքերի (բոլորը զգացումները արտահայտելու)  լեզուն։ Դերասանի վարպետությունը կայանում է հենց նրանում, որ առերես թվացյալ խոսքի բացակայության պայմաններում հանդիսատեսին մինչեւ վերջ տանում է հետը․ նա տխրում է, սիրում, հիասթափվում, հուզվում, ինչպես դու։

Ձեր վերադարձի հարցը այսօր շատերին է հետաքրքրում։ Կլինի՞ հնարավորություն կրկին Ձեզ տեսնելու ազգային թատրոնի բեմում։

Այո, ես իմ նպատակներից երբեք հետ չեմ կանգնում։ Վերադառնալով հայրենիք՝ անպայման ներակայացում կնվիրեմ իմ հանդիսատեսին։

Լուսանկարը՝ Ժակլին Սարխոշյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter