HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս դատապարտյալներ դիմում են խցակցի առողջության համար

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի չորս ցմահ դատապարտյալներ բաց նամակով դիմել են ՀՀ ԱՆ ՔԿՎ պետ Արթուր Օսիկյանին՝ ցմահ բանտարկյալ Արման Իսկանդարյանի առողջական հարցով՝ նշելով, որ վերջինը հաշմանդամ է, բանակում կորցրել է ոտքը, ստացել կոնտուզիա: Հիշեցնենք, որ նույն դատապարտյալի նույն խնդիրների համար ամիսներ առաջ «Հետքին» ահազանգել էին նաև ցմահ դատապարտյալի կինն ու մայրը:

«Արման Իսկանդարյանն առողջական լուրջ խնդիրներ ունի: Ամիսներ, տարիներ շարունակ մեր խցում է ապրել: Փորձել ենք հնարավորինս օգնել, բազմիցս գիտակցությունը կորցրել է, վայր է ընկել՝ վնասելով ամբողջ դեմքը: Մենք բազմիցս ենք դիմել, որ նրան պետք է պահել բուժանձնակազմի հսկողության տակ: Շատ դատապարտյալներ, իմանալով իր վիճակը, չեն կարողանում հետը կալանք կրել, քանի որ հոգեպես ճնշվում են իրեն այդ վիճակում տեսնել: Վերջերս, օգոստոս ամսին լվացարանում ընկել և ամբողջ դեմքը վնասել էր, հոնքին 2 կար տվին»:

Չորս դատապարտյալները պատմում են, որ կանչել են իրենց` բացատրություն տալու դեպքի առթիվ: Նրանք գրել են, որ Արման Իսկանդարյանը մի կերպ պրոթեզը հագել ու դուրս է եկել՝ միջանցքում հանդիպելով բժշկին: Նա հանել է պրոթեզը ու ցույց տվել բժշկին, որ ոտքի ամպուտացված մասից արյուն է գնում: Բժիշկը պատասխանել է, որ բուժմասը կորոշի, թե ինչ անել: Իսկ դատապարտյալը պոռթկացել է, թե՝ մեկ տարի է որոշում են: Խցակիցները պատմում են, որ դրանից հետո Արման Իսկանդարյանին բերել են խուց: 2 ժամ անց նրան կանչել են ընդունելության, բայց հետո իմացել են, որ նրան տարել են պատժախուց: 2 օր անց նրան ընդունել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը, տեսել վիճակը ու կարգադրել հանել նրան պատժախցից:

«Դրանից առաջ էլ գրել էին, թե իբր Արման Իսկանդարյանը ձեռնափայտը ջարդել է, բայց մենք ենք տեսել, թե ոնց զուգարանի աստիճանը իջնելուց փայտը կոտրվեց ու կոտրվեցին Արմանի 2 մատները: Հիմա եթե նայեք, ծուռ են կպել: Հետո աշխատողների մոտ էլ ցույց տվեց, որ փայտը անորակ է, թե ոնց է կոտրվում»,- նշել են 4 դատապարտյալներն իրենց բաց նամակում՝ խնդրելով ուշադրություն հրավիրել իրենց խցակից Արման Իսկանդարյանի առողջական խնդիրներին:

Ցմահ դատապարտյալ Արման Իսկանդարյանը ևս գրել է «Հետքին»՝ նշելով, որ վերը նշված խնդիրները թույլ չեն տալիս, որ տեսակցի իր երեխայի, ընտանիքի հետ, որը «միակ լուսավոր կետն է կյանքում»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter