
Ինչու են պատահում արյունալի ավտովթարներ
Ինչպես հայտնի է, երկուշաբթի երեկոյան Շիրակի մարզում Երևան-Գյումրի ուղևորափոխադրում իրականացնող «ԳԱԶել»-ը բախվել է մի բեռնատարի, ինչի արդյունքում 7 հոգի զոհվել է: Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ «ԳԱԶել»-ի վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով բազմաթիվ ուղևորներ մահանում են: Միջքաղաքային ճանապարհներին դա բավականին հաճախ է լինում:
Ողբալով զոհերի հիշատակը՝ հարկավոր է հասկանալ, թե դեպքերի ինչպիսի շղթան է հանգեցնում հանրային տրանսպորտի այսպիսի մահաբերության:
«ԳԱԶել»
Որևէ մեկի համար գաղտնի չէ, որ ռուսական ավտոարտադրողները մեծ ուշադրության չեն արժանացնում ուղևորների անվտանգությունը: Բացառություն չէ նաև «ԳԱԶել»-ը (նույն ինքը` «ԳԱԶ-3221»-ը), որի քրաշ-թեսթերի արդյունքները, պարզապես սարսափեցնող են:
Հայստանում շահագործվող «ԳԱԶել»-ներից գրեթե ոչ մեկը չունի արգելակային սահքի դեմ նախատեսված ABS համակարգ: Անգամ ավելին, հայաստանցի ուղևորափոխադրողները վերակահավորում են այդ միկրոավտոբուսները, որպեսզի ավելի շատ մարդ տեղավորեն… բնականաբար, վերակահավորվելիս այդ մեքենաները դառնում են էլ ավելի վտանգավոր:
Հայաստանում բոլոր նպատակների համար շահագործվող «ԳԱԶել»-ները նախատեսված են բացառապես քաղաքային երթուղային տաքսու «տակ» ծառայելու համար:
Մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորափոխադրումների համար ստեղծվել է «ԳԱԶ-32211»-ը: Այդ մոդիֆիկացիայի բոլոր նստատեղերը կահավորված են ամրագոտիով, իսկ մեքենան, ըստ արտադրողի, առավել ամուր է: Սակայն այդ մեքենաները մի քիչ ավելի թանկ են, իսկ ուղևորափոխադրողները, որպես կանոն, ուղևորների անվտանգության համար պատրաստ չեն ավել վճարել:
Լույսերը
Երևի նկատել եք, որ նման ողբերգական պատահարները սովորաբար օրվա մութ ժամին են լինում: Եվ, անշուշտ նկատել եք, որ ավտոբուսներն ու միկրոավտոբուսները հաճախ անջատած լուսարձակներով են երթևեկում (որ պոտենցիալ ուղևորը տեսնի գծի համարը):
Թեև միջքաղաքային ճանապարհին տեղի ունեցող վթարներին դա չի վերաբերվում, սակայն քաղաքներում այլ մեքենաների վարորդները չափազանց ուշ են նկատում «ԳԱԶել»-ին (անջատած լույսերի պատճառով)… Երբեմն, այնքան ուշ, որ ողբերգությունը արդեն անխուսափելի է:
Այստեղ խնդիրը օրենսդրության մեջ է: Օրենքը չի պարտադրում օրվա մութ ժամին միացնել լուսարձակները… Վարորդը պարտավոր է միացել միայն ենթալույսերը (подфарники): Իսկ ենթալույսերը չափազանց թույլ են:
Տեխզննությունը
Հաճախ, ավտովթարները վերածվում են ողբերգության գազի արտահոսքի և բոցավառման պատճառով: Իսկ երբեմն հենց խախտումով տեղադրված գազի բալոնն է մահվան պատճառ դառնում:
Երևանում եղել են նաև մահվան ելքով վթարներ, որոնց պատճառը շարքից դուս եկած ավտոբուսի արգելակներն են:
Մենք արդեն գրել ենք այն մասին, որ Հայաստանում ավտոմեքենաների տեխզննության ինստիտուտը, փաստացի, բացակայում է: Հակառակ պարագայում տեխզննությամբ կբացառվեր չափից մեծ գազի բալոնների տեղադրումը, գազի խողովակներն առավել խոցելի տեղով անցկացնելը և չաշխատող արգելակներով երթևեկելը:
Տեխզննության ինստիտուտն է, որ պետք է ստիպի վարորդներին մեքենաներում ունենալ կրակմարիչ (դա օրենքով պարտադիր է)… Հենց վթարված և շուրջը գտնվող մեքենաների կրակմարիչներն են, որ նման դեպքերում պետք է փրկեն այրվող ուղևորներին ու վարորդներին:
Սակայն Հայաստանում զրոյական է այն մեքենաների թիվը, որոնց բեռնախցիկում կգտնեք կրակմարիչ:
Ճանապարհները
Շուրջ մեկ ամիս առաջ Երևան-Գյումրի մայրուղու վրա` Հոռոմ գյուղի մոտ գտնվող նույն այդ խաչմերուկում, նման իրավիճակում իրար բախվեցին «Օպել» մակնիշի մի մեքենա և ՌԴ ռազմաբազայի բեռնատար (որը երկրորդական ճանապարհից էր գալիս):
Ու թեև այդ դեպքն էլ էր արյունալի, սակայն ճանապարհային ոստիկանության և այլ իրավասու մարմինների պաշտոնյաները չարեցին անհրաժեշտ եզրակացություններ` կապված խաչմերուկից եկող վտանգներին:
Եթե առաջին դեպքից հետո խաչմերուկի մոտ ավելի ցածր արագության սահմանափակման նշան դրվեր, կամ մայրուղի մտնողների համար «կանգ» նշանը դրվեր, ապա, հնարավոր է, որ 7 կյանք խլած այս վթարը տեղի չունենար:
Սակայն, մի արյունալի վթարը, հավանաբար, քիչ է ճանապարհի վտանգավորությունը քննարկելու համար: Փոխարենը, արդեն տեղի ունեցած վթարի վայր են այցելում գեներալներ, նախարարներ, մարզպետեր… Պարզ չէ, թե ինչի համար...
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել