HY RU EN

Դժբախտ պատահարի մասին «Քրոնիմետը» պաշտոնական պատասխան կներկայացնի

«Քաղաքացին ընկել է Արծվանիկի պոչամբարը»: Սա այսօր ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունից է, որտեղ նաև նշվում է, որ քաղաքացին սայթաքել էր՝ ընկնելով պոչամբարը:

Արծվանիկի պոչամբարը պատկանում է Զանգեզուրի պղնձամոլիբեդանային ընկերությանը, որի 60 տոկոսի բաժնետերը գերմանական «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունն է: Դեպքի առնչությամբ ընկերության տնօրենի հասարակայնության հետ կապերի խորհրդական Վազգեն Սաղաթելյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում ասաց, որ կոմբինատի աշխատակցի ոտքը սայթաքել է, ցավոք, չի փրկվել և խողովակում մահացել է: Վարկածներից մեկը, թե թափուկատարի բետոնը, ոմանք նշում են՝ մետաղական ցանցն է ջարդվել, ինչի հետևանքով աշխատակիցն ընկնել է թափուկատարի մեջ, «Քրոնիմետի» ներկայացուցիչը հերքեց՝ նշելով, որ ոչ մի բան չի ջարդվել, չի կոտրվել, ուղղակի ոտքն է սայթաքել: Նա նշեց, որ իրենք այսօր կներկայացնեն իրենց պաշտոնական պատասխանը, ինչպես նաև ցավակցական խոսքը՝ ուղղված այդ ընտանիքին:

Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այդ դեպքն իր համայնքի վարչական տարածքում չի տեղի ունեցել: «Երբ զանգեցին ինձ, որ էդպիսի դեպք է եղել, շտապ գնացի պոչամբարի մոտ, ժողովուրդն էնտեղ անասուն է պահում: Երբ գնացի, բոլոր տեղերը նայեցի, ասացին՝ էստեղ չի եղել դեպքը»,- նշեց Արծվանիկի գյուղապետը: Հարցին, թե այդ դեպքում որ գյուղի վարչական տարածքում է տեղի ունեցել, վերջինս պատասխանեց. «Չեմ կարող ասել, որովհետև մի քանի գյուղերի տարածքներ են՝ Նորաշենիկը, Աճանանը... Մի քանի գյուղերով անցնում է թափուկատարը, ստույգ չեմ կարող ասել»: Իսկ հարցին, թե նման դեպքեր արդյոք նախկինում եղել են, պատասխանեց, որ ինքը 58 տարեկան է, բայց նման դեպքի մասին առաջին անգամ է լսում: 

Պատահարի զոհ դարձած աշխատակիցը 1985 թ. ծնված Արթուր Լեռնիկի Նահապետյանն էր: Բնակվում էր Կապանում: Արթուրն ունի մեկ քույր և մեկ եղբայր: Որպես եռակցող 8 տարի աշխատում էր կոմբինատում: Նրա մերձավորներն ասում են, որ Արթուրը մինչ տարեվերջ պատրաստվում էր ամուսնանալ: Բարեկամները դեռևս ստույգ չգիտեն, թե ինչպես է պատահել դեպքը:

Լուսանկարում՝ Արծվանիկի պոչամբարը