
Արդարացում 39 տարի հետո. «Անգլերենում չկա մի բառ, որն արտահայտի իմ զգացածը»
«Անգլերեն լեզվում չկա այնպիսի մի բառ, որը հիմա արտահայտի իմ զգացածը»,- այս բառերն ԱՄՆ Օհայո նահանգի դատարանում արտասանել է 39 տարի չկատարած հանցանքի համար բանտում անցկացրած 57-ամյա Ռիկի Ջեքսոնը, ով արդարացման դատավճռով վերադարձել է ազատություն:
Նա 18 տարեկանում մեղադրվել էր 1975 թ-ին Օհայո նահանգի Կլիվլենդ քաղաքում խանութի դիմաց հայտնի բիզմեսմենի սպանության մեջ: Նրա հետ դատապարտվել էին նաև Բենջամին եղբայրները, սակայն երկարատև ազատազրկման: Ռիկի Ջեքսոնը դատապարվել էր մահապատժի, իսկ 1978 թ-ին Օհայո նահանգի Գերագույն դատարանի դատավճռով պատժաչափը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ:
![]() |
Ջեքսոնի հետ դատապարտված Բենջամին եղբայրները |
39 տարի բանտում. սա ռեկորդային ցուցանիշ է, մինչ այդ բանտում անմեղ մարդու անցկացրած տարիների առումով ռեկորդը պատկանում էր Ջեյմս Բեյնին, ով 35 տարի էր անցկացրել բանտում և արդարացվել 2011 թ-ին:
Այս 2 պատմությունները նման են իրար. երկու դեպքում էլ դատարանը դատավճռի հիմքում դրել էր վկա երեխաների ցուցմունքներ. առաջին դեպքում 12-ամյա, իսկ երկրորդ դեպքում՝ 9 տարեկան տղայի ցուցմունքները: Ռիկի Ջեքսոնի գործով 39 տարի անց վկա երեխան, ով արդեն 52-ամյա տղամարդ է, հայտարարել է, որ ոստիկաններն իրեն ստիպել են տալ սուտ ցուցմունք, ապա ասել, որ եթե հայտարարի, որ սուտ ցուցմունք է տվել, նրա ծնողներին բանտ կտանեն: 39 տարի անց վկայի արած այս հայտարարությունն էլ հիմք է դարձել գործի վերանայման, ապա և արդարացման դատավճռի: Վկան ասել է, որ այդ պահին իրենց դպրոցի ավտոբուսը անցնելիս է եղել դեպքի վայրից այնպիսի հեռավորության վրա, որ անհնար էր տեսնել, թե ինչ է կատարվում խանութի մոտ: Սակայն 39 տարի առաջ նա ասել էր, որ տեսել է մեղադրյալներին դեպքի վայրում:
Իսկ Ջեյմս Բեյնի պարագայում 9-ամյա տղայի ցուցմունքը 35 տարի անց հերքվել է իրեղեն ապացույցների պահպանմամբ ԴՆԹ թեսթով:
Ռիկի Ջեքսոնն ասել է. «Ես միշտ գիտեի, որ անմեղ եմ, ու իրականում երբևէ ինձ դատապարտյալի կարգավիճակում չեմ զգացել, թեպետ 18-ամյակս բանտում եմ դիմավորել: Ես ոչինչ չգիտեի, թե ինչ է տեղի ունեցել սպանության վայրում: Այս տարիներին մենք միշտ պայքարել ենք, որ ապացուցվի մեր անմեղությունը»:
![]() |
Սպանված բիզնեսմենի դիակի լուսանկարը 1975 թ-ի քրեական գործից |
Երեք ընկերներն, ովքեր այսօր 60 տարեկան տղամարդիկ են, միասին են ազատության մեջ: Լրագրողների հարցին, թե ինչ են անելու առաջինը, պատասխանել են՝ գնալու են ձուկ ուտելու:
Իսկ դատավոր Ռիչարդ Մքմոնագլը արդարացման դատավճիռը կարդալուց հետո ասել է. «Կյանքը լի է փոքր հաղթանակներով: Բայց այս մեկը մեծ հաղթանակ է»:
Հայաստանում «Հետքը» ծանոթացել է 104 ցմահ ազատազրկման դատապարտվածներից 11-ի վերաբերյալ քրեական գործերին: Դրանք հիմնականում քննվել են նորանկախ Հայաստանի առաջին տարիներին՝ 1990-ականների, երբ դեռ նոր ձևավորման փուլում էին պետական համակարգերը, այդ թվում և դատականը: Այդ քրեական գործերում գերակշռողը վկաների, կասկածյալների, ապա ամբաստանյալների, տուժողների ցուցմունքներն են: Սակայն արդեն երկու դար վկաների ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ են դնում առաջադեմ աշխարհի գիտական շրջանակները՝ պնդելով, որ քրեագիտության մեջ ոչինչ չի կարող փոխարինել գիտական հետազոտություններին` հանցագործին նույնականացնելու հարցում: Վերջին տարիներին ԱՄՆ-ում ու Եվրոպայում գիտության զարգացմամբ, մասնավորապես՝ ԴՆԹ թեստի հիմքով վերաբացված քրեական գործերով պարզվել է, որ 318 դեպքից 229-ի պարագայում (72 տոկոս) անձը դատապարտվել է մահապատժի կամ երկարատև ազատազրկման` սխալ վկայության հետևանքով: Փոխարենը` իրական հանցագործին վկաները մատնանշել են միայն 90 դեպքով (39 տոկոս): Այն ժամանակ, երբ անմեղ մարդը պատիժ է կրել, իրական հանցագործներն ազատության մեջ կատարել են ևս 98 հանցագործություն:
Փոխարենը՝ մեր կողմից ուսումնասիրված գործերում գիտական հենքը քիչ է: Կան գործեր, որտեղ միայն դիակի դատաբժշկական փորձաքննություն է կատարված, չկան համալիր փորձաքննություններ: Քիչ են նաև լուսանկարները՝ դեպքի վայրի զննության և այլն: Գործեր կան, որտեղ քննիչները գրիչով են նկարել դեպքի վայրը: Սակայն այժմ անգամ լուսանկարների առկայությամբ աշխարհի տարբեր քրեագիտական կենտրոններ 3D մոդելավորմամբ կարողանում են վերականգնել հանցագործության մեխանիզմը:
ՀՀ Գլխավոր դատախազությունից իրենց գործերի վերաբացման խնդրանքով պարբերաբար դիմումներ գրող դատապարտյալներին ու նրանց հարազատներին պատասխանում են հետևյալ կերպ. «Կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Գործը կարող է վերաբացվել նոր երևան եկած հանգամանքներով»: Մեկ-երկու գործով ներկայացվել են նոր երևան եկած հանգամանքներ, սակայն դրանց չի հետևել գործերի վերաբացում:
Լուսանկարները AP գործակալության կայքից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել