HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Սակավարյունություն ունեցող քույրն ու եղբայրը չեն կարողանում աշխատանք գտնել

Քույր ու եղբայր Կարինե և Արմեն Կամբուլյանների մոտ առկա է հեմոլիտիկ սակավարյունություն:

Նրանք բուժում են անցնում Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում: Բժիշկները զգուշացրել են, որ պետք է հետազոտություն անցնեն ամեն ամիս: Ֆինանսական սղության պատճառով այդ հետազոտությունները հետաձգվում են ամիսներով:

Կամբուլյանների ընտանիքն ապրում է Տավուշի մարզի Պտղավան գյուղում: Կարինեի և Արմենի փոքր եղբայրը նույն հիվանդության պատճառով մահացել է 2003 թ.-ին:

«Ցույց էր տալիս՝ մամա կոկորդս ցավում ա, մինչև բժշկի հասցրեցի...», - խոսքը կիսատ է թողնում նրանց մայրը՝ Ռիտա Երիցյանը:

Այս հիվանդության հետևանքով արյան ճնշումը սովորաբար ցածր է լինում, նոպաների ժամանակ մարմինը միանգամից թուլանում է, վերջույթներն անզգայանում են, սկսում են շնչակտուր լինել:

22-ամյա Արմենն ու 20-ամյա Կարինեն արդեն շուրջ 14 տարի է` պարբերաբար դեղեր են ընդունում: Հիվանդության հետևանքով նրանք չեն կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել: Կարինեն օգնում է մորը տան թեթև գործերում, իսկ Արմենն իրենց հողամասում է «թեթեւ» գործեր անում: Ոչ հետևողական հետազոտությունների արդյունքում նրանց մոտ հաճախ են նոպաներ լինում: Արմենին և Կարինեին անհրաժեշտ է պարբերաբար արյան փոխներարկում կատարել:

«Ինձ ասել են՝ գոնե 3 ամիսը մեկ էրեխեքին բեր ստուգման, բայց ես չեմ կարում: Երևանում էլ մնալու տեղ չունեմ, հարզատ չունեմ, - ասում է Ռիտան, - էն ա` ես տանում եմ էն մոմենտին, արդեն որ ձեռիցս էրեխան գնում ա: Էդ պահին սկոռի կամ ավտո եմ բռնում, տանում: 20 հազար տալիս եմ տանում են, նույն գնով էլ բերում եմ: Շուտ-շուտ պետք ա տանեմ, բայց ես շուտ-շուտ չեմ կարում»:

Մայրը գյուղի վարորդներին խնդրում է իրենց հասցնել Երևան՝ խոստանալով, որ հետ գա, կաշխատի, գումարը կվճարի: Նոպաների ժամանակ նրանց անհրաժեշտ է ներարկել «Desferal» դեղը, որը Հայաստանում մեծ դժվարությամբ է ձեռք բերվում: Ռիտան այդ դեղը ձեռք է բերում «ձեռքի վրայից», ասում է,  որ նման հիվանդություն ունեցող երեխաների ծնողներով իրար հետ կապի մեջ են և հարկ եղած դեպքում` միմյանց օգնում են դեղերով:

«Ասում են՝ Իրանից, Թուրքիայից բերում են էդ դեղերը: Չգիտեմ՝ խի էդ հիվանդները էստեղ կան, բայց էդ դեղը չի ճարվում, - ասում է Ռիտան,- կարող ա էդ դեղն էժան դեղ ա, ես չգիտեմ, բայց ես 20 հազարով եմ ձեռք բերում մեկ ներարկման համար»:

Արմենի և Կարինեի հիվանդության թոշակը 15 հազարական դրամ է, որը չի բավականացնում անգամ իրենց դեղերին: Արյունաբանական կենտրոնում զգուշացրել են, որ եթե երեխաների արյան կարմիր գնդիկների քանակը 40%-ից իջնում է, ապա նրանց պետք է շտապ հիվանդանոց հասցնել: Արմենի և Կարինեի դեպքում պատահել է, որ այն հասել է 25%-ի և ավելի ցածր:

«Էն անգամ էլ, որ վատացել էին, տարել էի, վրաս խոսացին՝ ասացին դու մայր չես, էս չես, էն չես: Մայր եմ, բայց ի՞նչ անեմ», - ասում է Ռիտան:

Արմենի ընկերների մեծ մասը պարբերաբար գնում են արտագնա աշխատանքի: Արմենն էլ նեղվում է, որ առողջական վիճակի պատճառով չի կարողանում նրանց միանալ: Ծնողներին օգնելու համար Արմենը փորձում է գյուղատնտեսությամբ զբաղվել, իրենց հողատարածքը մշակել: Նրանք մշակում են արևածաղիկ և խաղող: Սակայն նման ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բացասական է ազդում նրա առողջական վիճակի վրա և նոպաները կրկնվում են:

«Բացի էդ, սաղ բերքը վառվեց, էս տարի արևը շատ ուժեղ էր: Պատվերով ջրի 1 ժամն էլ 15 հազար ա», - ասում է Արմենը:

Պտղավանում բնակչության մեծ մասը զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գյուղը նաև հարմար է առևտրով զբաղվելու համար, քանի որ այն բավականին մոտ է հայ-վրացական սահմանին: Տեղացիներից շատերն են հարևան երկրից էժան ապրանքներ բերում և վաճառում: Արմենը ևս փորձել է առևտրով զբաղվել, սակայն դրա համար անհրաժեշտ է սեփական մեքենան ունենալ: Այժմ Արմենը մտածում է ջերմոց ունենալու մասին: Համագյուղացիներից շատերն արդեն ունեն ջերմոցներ:  Երբ նոր էր այդ միտքը ծագել, շատ էր ոգևորվել, տրամադրվել, համագյուղացիներից հարցրել գործի նրբությունները: Ասում է, որ իրենց հողատարածքում կարող է դնել, բայց դեռ հնարավորություն չունի:  

Տանը շարված են արևածաղկի սերմերով լի պարկերը, որոնք պետք է վաճառեն: Այդ գումարով կարողանալու են միայն իրենց պարտքերի մի մասը վերադարձնել: Ակնկալում էին վաճառել նաև խաղողի բերքը, բայց չի հաջողվել: Այժմ ճզմում են, որ գինի պատրաստեն: Ռիտան պատմում է, որ գյուղի խանութներում այնքան պարտք ունեն, որ իրենց պարտքով այլևս ոչինչ չեն տալիս:

«Ես աշխատել եմ ամառը, ոնց որ ասած՝ բերաններն եմ պահել: Ամառը որ ասեմ տանը նստած եմ, չէ: Գնում ենք սրա նրա հետ աշխատում ենք,- ասում է Ռիտան,- որ ասեմ՝ այ պահում եմ իրանց, հիմա՝ չէ: Չեմ կարում, ստից խի՞ ասեմ: Առաջները հա, անում էի, բայց հիմա չէ, չեմ կարում: Օրվա ուտելը կա, փառք Աստծո»:

Կամբուլյանների ընտանիքը Պտղավան է տեղափոխվել 1988 թ.-ին` Ադրբեջանի Վարդաշեն գյուղից: Մինչ 2002 թ.-ը նրանք ապրել են վագոն-տնակում: Այնուհետև երբ այստեղ փախստականների համար տներ են կառուցել, տեղափոխվել են նոր տուն: Չնայած տան վրա ոչինչ չեն կարողացել ավելացնել, բայց գոհ են, որ իրենց հատկացրել են այս տունը, որովհետև համոզված են, որ իրենց ուժերով չէին կարողանալու տուն սարքել:

Ռիտայի փոքր տղան՝ 18-ամյա Արտուշը, այս տարի ընդունվել է Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ: Ցանկանում էր ֆիզիկա և մաթեմատիկա պարապել, բայց մտածելով, որ բուհ ընդունվելու դեպքում ծնողները չեն կարողանա այդքան ծախսերը հոգալ, այստեղ է դիմել: Կարինեն սովորել է Նոյեմբերյանի պետական քոլեջի հաշվապահության բաժնում, վերջերս ստացել է իր դիպլոմը: Հիմա միայն երազում է աշխատանք գտնել` թեկուզ ոչ իր մասնագիտությամբ: 

«Էստեղ մի գյուղապետարան ա, մի դպրոց: Խանութներն էլ ժառանգական ա, մորից հետո աղջիկն ա աշխատում, հորից հետո` տղան», - ասում է Արմենը:

Ռիտայի ամուսինը՝ Ալեքսանդրը, ողնաշարի ճողվածք ունի: Տարիներ առաջ, երբ գնացել էր հետազոտվելու, բժիշկներն ասել էին, որ հնարավոր է` վիրահատությունից հետո նա սայլակով տեղաշարժվի: Վերջինս հրաժարվել է վիրահատությունից՝ նախընտրելով թեկուզ դժվարությամբ, բայց քայլի և գոնե իր տնամերձ հողամասում աշխատի: Ռիտան 3 անգամ վիրահատվել է, հիմա էլ լեղապարկի վիրահատության անհրաժեշտություն կա:

«Մի քանի օր առաջ էլ պրիստուպ ունեցա, բայց չգնացի հիվանդանոց, ասացի տանը սրսկում անեն: Ես ամեն ինչի էլ կդիմանամ, մենակ թե էրեխեքս առողջ լինեն,- ասում է Ռիտան,- Արմենս շատ ա նեղվում, որ չի կարողանում աշխատել, բայց ես ասում եմ՝ պետք չի աշխատես, վատանաս, դու իմ տանը իմ աչքի դեմը եղի»:

Ռիտան ու Արմենը հիշում են, որ իրենց տուն բազմիցս են լրագրողներ եկել, անգամ՝ արտերկրից: Նրանցից շատերը խոստացել են որևէ կերպ օգնել, աջակցել ընտանիքին, բայց նրանց գնալուց հետո մնացել են միայն չիրականացված խոստումները:

«Քանի լրագրող եկել ա, գնացել ա, բայց ոչ մի բան: Գալիս են երեխաներին անտեղի հույսեր են տալիս, երեխաներն էլ ինքնաներշնչվում են: Ես արդեն էս կյանքի հետ հարմարվել եմ: Բայց երեխաները դեռ հավատում են, - ասում է Ռիտան, - նրանց հիվանդությանը բուժում կա, բայց փող չկա, բուժումն էլ պետք է արվի արտասահմանում»:

Մեկնաբանություններ (1)

Ali
Маме очень значит папа купил телевизор на долго и приятно удивил к счастью.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter