Ջեյսոն Ուայթ. «Հայաստանում այժմ ի հայտ է եկել մի նոր սերունդ, որն ասում է`«կարող է անել»»
Բրիտանացի Ջեյսոն Ուայթն (Jason White) առաջին անգամ Հայաստան է եկել անցած տարվա սեպտեմբերին: Նա համոզված է, որ այս երկիրը բավականին նպաստավոր է` ներդրումների և տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար:
Ջեյսոն Ուայթը զբաղվում է առևտրով և մարկետինգով, բիզնես խորհրդատու է, համագործակցում է բրիտանական և միջազգային բիզնես ոլորտի կազմակերպությունների հետ: Իր աշխատանքի հիմնական մասը նա անում է ինտերնետի միջոցով, բայց և գործի բերումով հաճախ է լինում Ռուսաստանում, Չինաստանում և այլ երկրներում, կարգավորում գնորդների հետ հարաբերությունները: Ճամփորդելիս նրան ուղեկցում է կինը` Քնարիկ Ալոյանը: Ջեյսոն Ուայթը ցանկանում է հաստատվել այստեղ, քանի որ Հայաստանում զարգացման մեծ հնարավորություններ է տեսնում:
«Ես ուզում եմ օգտագործել իմ տեսլականը, մոտիվացիան, - ասում է նա: - Այստեղ շատերը մտածում են բացասական երևույթների մասին, բայց պետք է փորձել մտածել գլոբալ, ստեղծել մեծ ցանց, մարդկանց միավորել այդտեղ, զարգացնել բիզնեսը՝ օգտագործելով սոցիալական մեդիան և մարկետինգը»:
Պատճառներ, թե ինչու պետք է ներդրումներ անել Հայաստանում
Ջ. Ուայթի դիտարկմամբ՝ այստեղ ամենակարևորը, որի վրա պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը, հզոր մարդկային ռեսուրսն է: Մի կողմից կան մարդիկ, ովքեր լքում են երկիրը, հիմնականում այն պատճառով, որ այլ երկրներում նրանց վճարում են ավելի բարձր: Բայց և կա այն երիտասարդ սերունդը, որն ուզում է մնալ և զարգացնել տեղի տնտեսությունը:
Ջ. Ուայթը հիացած է հատկապես հայ կանանցով և աղջիկներով, ովքեր մեծ ներուժ ունեն: Նա հավատում է, որ չնայած Հայաստանում տղամարդիկ գերիշխում են կանանց, բայց և կանայք փոփոխությունների կրողներն են:
«Ես գտնում եմ, որ երիտասարդ կանանց նոր սերունդը ձեռնարկատիրական մեծ հմտություններ ունի: Նրանց տեսլականը կառաջնորդի նրանց դեպի իրենց առաքելությունը, - ասում է Ջ. Ուայթը: - Մի երկրում, որտեղ երկար ժամանակ սովոր են եղել, որ դա «չի կարող արվել», այժմ ի հայտ է եկել մի նոր սերունդ, որն ասում է`«կարող է անել»»:
Բրիտանացու համար պակաս կարևոր չէ նաև ընտանիքի գործոնը: Նա նկատել է, թե որքան է այստեղ կարևորվում ընտանիքի դերը և որքան ցածր է ամուսնալուծությունների թիվը:
«Ընտանիքը երկրի ողնաշարն է, սոսինձը, որ միասնական է պահում այս ազգը», - ասում է նա:
Վերջինս համոզված է, որ Հայաստանում զարգացման մեծ պոտենցիալ ունի հատկապես ՏՏ ոլորտը: Առավել ևս, որ արդեն փորձ կա աշխատելու Մայքրոսոֆթ, Սինոփսիս և այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ:
«Այստեղ մեծ թիվ են կազմում բարձր ինտելեկտով և ձեռնարկատիրական հմտություններով մարդիկ: Նրանցից շատերը խոսում են երկու և ավելի օտար լեզուներով, կա նաև գիտահետազոտական մեծ պոտենցիալ», - ասում է Ջ. Ուայթը:
Դրան հավելած Հայաստանում աշխատավարձերը շատ ավելի ցածր են, քան Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Միջին Արևելքի երկրներում, ինչը նույնպես պետք է շահագրգռի օտար ներդրողներին:
Հաջորդ կարևոր կետը զբոսաշրջության զարգացումն է: Դրա համար կան բարենպաստ բազմաթիվ հանգամանքներ, որոնք կարող են գրավել արտասահմանցի զբոսաշրջիկին:
«Դուք ունեք վաղ անցյալից եկող հարուստ մշակույթ, բազմաթիվ տեսարժան վայրեր, հրաշալի բնություն,- ասում է բրիտանացի բիզնես խորհրդատուն՝ ժպտալով հիշելով, որ Լոնդոնում մշտապես անձրևային եղանակ է: - Դուք ունեք շատ լավ եղանակ, կլիման բարենպաստ է, աղբ չկա, հանցագործությունների քանակը ցածր է, կանայք փողոցում հանգիստ քայլում են՝ չվախենալով, որ հարձակման կենթարկվեն»:
Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ Արևմտյան երկրների հետ համեմատած Հայաստանը էժան երկիր է: Նա հիացած նշում է, որ այստեղ կարելի է անշարժ գույք ձեռք բերել ընդամենը 75.000 ԱՄՆ դոլարով:
Հայաստանը պետք է ճանաչելի դարձնել
Ջ. Ուայթը նկատում է, որ չնայած Հայաստանն ունի տնտեսությունը զարգացնելու մեծ պոտենցիալ, բայց այս երկրի մասին աշխարհում քչերը գիտեն: Հայաստանի մասին հիմնականում գիտեն այն երկրներում, որտեղ հայկական սփյուռքը մեծ է և ակտիվ: Իսկ այն երկրներում, որտեղ հայկական համայնքը փոքր է և պասիվ, չգիտեն Հայաստանի գոյության մասին:
«Դուք չեք ներկայացնում ձեր երկիրը: Այնինչ, այն պետք է ներկայացնել սփյուռք չունեցող երկրներին ևս, - ասում է Ջ. Ուայթը: - Կա ահռելի հնարավորություն գովազդելու երկիրը զբոսաշրջիկներին՝ ձեր բնությունը, լավ աշխարհագրությունը, լեռները, կան պատմական վայրեր, որոնց մասին մարդիկ չեն լսել: Առավել ևս, որ այժմ դրա համար կարելի է օգտագործել նաև սոցիալական ցանցերը»:
Նա նշում է, որ հիմնական խնդիրը մարդկանց մտածողությունն է, և պետք է դա փոխել: Շատերը երկրից հեռանում են բարձր աշխատավարձի հույսով, բայց պետք է օգտագործել տեղի հնարավորությունները: Այդ հնարավորությունները տեսնում են սփյուռքահայերը, ովքեր իրենց գաղափարները ցանկանում են իրականացնել իրենց երկրում:
«Ես սփյուռքահայ չեմ, ես տարածում եմ իմ գաղափարները: Ես փորձում եմ Հայաստանը դարձնել տեսանելի վայր տնտեսության զարգացման համար: Ես տեսնում եմ մեծ հնարավորություններ այստեղ բիզնես ստեղծելու համար: Օրինակ` նույն Բրիտանիայում դա արդեն արել են, դաշտը լի է, այստեղ՝ ազատ», - ասում է Ջ. Ուայթը:
Վերջինս Հայաստանի մասին ակտիվորեն գրում է Linkedin սոցիալական ցանցում, Twitter միկրոբոլոգում, իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ ներկայացնում տեղի հնարավորությունները: Նա ցանկանում է ստեղծել մարկետինգային ցանց հայերի համար, ովքեր ցանկանում են բիզնեսով զբաղվել: Նա հորդորում է հայերին, ովքեր ունեն բիզնես առաջարկներ, գաղափարներ, կապ հաստատել իր հետ, որպեսզի վերջինս կարողանա կապ հաստատել այդ մարդկանց և միջազգային կազմակերպություններում աշխատող իր գործընկերների հետ, և այդ բիզնես ծրագիրը կյանքի կոչել:
«Փոփոխությունները տեղի են ունենում շատ դանդաղ, բայց հետագայում ձեր երեխաների, նրանց երեխաների սերունդը կտեսնի միանգամայն այլ իրականություն», - համոզված է Ջեյսոն Ուայթը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել