HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ-ից պահանջում են քաղբանտարկյալներ ճանաչել Շանթին եւ տղաներին

«Մեր պահանջն է, որ տղաներն, ովքեր այսօր բանտերում են իրենց քաղաքական հայացքների համար, ճանաչվեն քաղբանտարկյալներ ու անհապաղ ազատվեն»,- ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը, ով մի խումբ քաղաքացիների հետ այսօր առավոտյան գտնվում էր ԱԺ-ի դիմաց:

Ազգային ժողովում լսվում էր ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձեւի կատարման վերաբերյալ հարցը: Խորհրդարանական լսումները Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հրավիրել էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը:

«Որևէ ակնկալիք չունեմ առհասարակ պետական մարմիններից, այսօրվա քննարկումից նույնպես: Ավելին՝ կարծում եմ, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովի համար հերթական լսումներ են, որից հետո ոչինչ էլ չի փոխվելու: Ուզում են ցույց տալ, որ մեր երկրում լուրջ են վերաբերվում մարդու իրավունքներին: Բայց եթե իսկապես կամք լիներ ինչ-որ բան փոխելու, ապա այդ քննարկումները կանեին մարտ-ապրիլ ամիսներին, երբ դատավարությունների շրջանն էր: Բայց հիմա արդեն գնացքը գնացել է, իսկ Սերժ Սարգսյանի Ամերիկայից արված հրահանգով տղաների դատավճիռները վաղուց էին կայացրել դեռ»,- ասաց Ֆելիքս Հայրապետյանը, ով «Շանթ և ազատություն» հիմնադրամի նախագահն էր:

Նա տեղեկացրեց, որ հիմնադրամը լուծարվել է վերջերս՝ դրամական հոսք չունենալու պատճառով: Այն ստեղծվել էր՝ որպես աջակցություն Շանթ Հարությունյանի հետ բանտում հայտնված քաղաքացիների ընտանիքների ֆինանսական խնդիրները թեթևացնելու նպատակով:

«Մինչև 30 երեխա մնացել է առանց միակ կերակրողի: Նրանց հայրերին բանտարկելով՝ ընտանիքները ուղղակի գոյատևում են: Ընտանիք կա` 5 երեխա է մեծանում: Մենք մի քանի անգամ կարողացանք օգնել նրանց: Բայց մեր հասարակությունում կան քաղաքացիներ, ովքեր ավելի շուտ կենդանիների պաշտպանության համար գումարներ կտան (ես էլ եմ, իհարկե, կենդանիներ սիրում), քան մարդու: Նաև չենք միավորվում: Այո՛, քիչ ենք, չենք շարժվում: Ճահիճում ամեն ինչ անշարժ է, բայց դա ճահիճ է»,- ասաց Ֆելիքս Հայրապետյանը:


Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքում քաղբանտարկյալ տերմին չկա: ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ևս պնդում են, որ մեր երկրում քաղբանտարկյալներ չկան: Սակայն իրավապաշտպաններ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ, որոշ քաղաքական ուժեր գտնում են, որ Հայաստանում կա 16 քաղբանտարկյալ՝ Շանթ Հարությունյանն ու 13 քաղաքացիները, նաև Վոլոդյա Ավետիսյանը, Հայկ Կյուրեղյանը:

«Մեր տղաները խուլիգաններ չեն, այլ քաղաքական բանտարկյալներ: Այո, նրանք մեկ տարուց ավելի ճաղերի հետևում են իրենց քաղաքական հայացքների համար: Նրանց մեծ մասը Արցախյան պատերազմով անցած մարդիկ են, հասարակության համար պիտանի քաղաքացիներ»,- ասաց Լաուրա Պետրոսյանը՝ Շանթ Հարությունյանի գործով Հայկ Հարությունյանի մայրը:

2 մանկահասակ երեխաների մայր Մարգարիտա Ստեփանյանը՝ 7 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Մկրտչյանի կինն է: Նա նշում է, որ պատրաստ է ամեն դուռ թակել, որ օր առաջ վերադարձնի ամուսնուն. «Սա Վահեի երազած Հայաստանը չէ: Նա 15 տարեկանից այս Հայաստանի համար չի պայքարել»,- ասաց Մարգարիտան: 

1 տարի 6 ամսվա անազատության դատապարտված Սևակ Մնացականյանի հայրը՝ Բախշիկ Մնացականյանն ասում է, որ գրեթե միայնակ են պայքարում. «Վկա՝ այս օրը: Միայն քաղբանտարկյալների հարազատներն են այստեղ ու մի քանի քաղաքացիներ: Կարծես մեր հասարակության ողնաշարը ջարդած լինեն: Բողոքելու միայն արտագաղթի ձևն են հասկանում»:

Իսկ Սևակի մայրը՝ Նորա Զաքևոսյանը, ով որդուն 1 տարուց ավելի չի տեսել, (ապակիներից այն կողմ չեն ցանկանում տեսակցել) նշեց, որ տպավորություն է, թե մարդիկ քնի մեջ են, «բայց չեն գիտացում, որ այս արժեքների խեղումը ձնագնդիի պես կմեծանա ու իրենց էլ կտանի»:

Ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը, ում շաբաթներ առաջ ծեծի էին ենթարկել, նշեց, որ դեռ տեղեկացված չէ` արդյոք տուժող ճանաչվել է, թե ոչ: Տեղյակ է, որ քրեական գործ է հարուցվել:

«Մարդկանց բանտերը գցելով կամ ծեծի ենթարկելով՝ փորձում են մյուսներին հետ պահել պայքարից: Մենք միշտ համախմբվում ենք գերկրիտիկական պահերին: Շատերը չեն գիտակցում, որ այդ գերկրիտիկական պահն է, որովհետև մարդկանց փորձում են հեռուստատեսությամբ ցույց տալ գեղեցիկ, արդար Հայաստան: Բայց արդեն չի ստացվում մարդկանց խաբկանքի մեջ պահել»,- ասաց Գևորգ Սաֆարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter