HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ադրբեջանում ձեւավորվում է փակ հասարակություն եւ վախի մթնոլորտ

Դեկտեմբերի 5-ին Բաքվում կալանավորվել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմաիլովան, ով պաշտոնապես մեղադրվում է ինքնասպանության հասցնելու մեջ: Դրանից առաջ արդեն անազատության մեջ էին գտնվում Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինները: Արևմուտքի կոչերը Ադրբեջանին՝ ապահովել խոսքի ազատություն և ժողովրդավարություն երկրում, իրավիճակը չեն փոխում:

Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի շուրջ «Հետքի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ Տաթև Հայրապետյանը:

Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար սպառնում են տեղի ակտիվիստներին: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ Խ. Իսմաիլովայի դեպքում նրանք դիմեցին նաև ծայրահեղ քայլի:

Իրականում շատերն են հակված իրավացիորեն մտածելու, որ սա ուղղակի Խադիջայի դեմ ուղղված քայլ էր: Հետաքրքրական է, որ նրա ձերբակալմանը նախորդել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի լայնածավալ հոդվածը՝ «Երկակի չափանիշների աշխարհակարգը և ժամանակակից Ադրբեջանը»: Այստեղ նա հստակ ընդգծում է, որ ՀԿ ոլորտը վերածվել է այսպես ասած հինգերորդ շարասյան, որը ֆինանսավորվում է Արևմուտքից և ուղղված է Ադրբեջանի կայունության խախտմանը: Խադիջան քաղաքացիական հասարակության ակտիվ անդամներից մեկն է, ով պայքարում էր տեղի անարդարությունների դեմ: 2 տարի առաջ նույն Իսմաիլովայի հետ կապված սկսվեց մեծ սեքս սկանդալ, երբ համացանցում հայտնվեցին նրա ինտիմ կյանքին վերաբերող նյութեր: Վերջինս հանդես էր գալիս Ադրբեջանի նախագահի, նրա ընտանիքի, նրանց հարստություններին առնչվող հրապարակումներով, և նրան բազմիցս սպառանցել էին: Իսկ այժմ, օգտագործելով այդ ընդհանուր տենդենցը, որը կա Ադրբեջանում՝ խեղդել այլախոհական ձայները, հերթը հասավ նաև Խադիջային:

Կարծես թե լրագրողների այս ձերբակալություններով շարքը ոչ սկսվում է, ոչ ավարտվելու է: Դեպի ո՞ւր է տանում այս միտումը:  

Նախագահական ընտրություններից հետո այս շղթան սկսեց ավելի սահմանափակվել: Սակայն, ամենամեծ աղմուկը բարձրացավ Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինների ձերբակալումից հետո, որովհետև նրանք հայտնի են իրենց իրավապաշտպան գործունեությամբ: Երկուսն էլ մեղադրվում են պետական դավաճանության մեջ, և նրանց սպառնում է երկար տարիների ազատազրկում: Սա նաև ենթադրում է նրանց ակտիվ կապերը հայերի հետ խաղաղաշինական ծրագրերի իրականացման ընթացքում: Այն մարդիկ, ովքեր ընդգրկված են խաղաղաշինական ծրագրերում, արագ հայտնվում են թիրախի տակ: Նպատակն ակնհայտ է. վերացնել քաղաքացիական հասարակությունը, ճնշել ազատության որևէ դրսևորում, հաստատել տոտալ վարչակարգ: Ադրբեջանն ունի միջոցներ, նավթային հարուստ պաշարներ, և դա նրան հնարավորություն է տալիս որոշակիորեն դիմակայել՝ Արևմուտքին թույլ չտալով ազդել իր քաղաքականության վրա:

Մինչ օրս դա որոշակիորեն թույլ է տվել նաև Արևմուտքը: Եթե կիրառվեին հստակ սանկցիաներ, գուցե դա որևէ սթափեցնող դեր ունենար: Բայց իրավիճակն օրեցօր վատանում է: Այսինքն, Խադիջայի հետ կապված Արևմուտքի հայտարարություններն իրականում ոչինչ չեն փոխում: Նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում, ու ես նույնպես չեմ կարծում, որ Խադիջան լինելու է վերջինը: Ամբողջ միտումը տանում է դեպի փակ հասարակության ստեղծման և համատարած վախի մթնոլորտի տարածման: Նրանք դա արեցին նաև իրավական մակարդակով: Ադրբեջանը օրենքում փոփոխություններ կատարեց՝ կապված ՀԿ-ների կողմից դրամաշնորհների ստացման հետ: Ցանկացած դրամաշնորհ տվող և ստացող կազմակերպություն պետք է հատուկ գործընթաց անցնի՝ ապացուցելու, որ այն ուղղված չէ Ադրբեջանի պետական շահերի դեմ: Ու հարցական է, թե որ կազմակերպությունները մինչև վերջ կանցնեն այդ գործընթացը: Այսինքն, Ադրբեջանում կգործեն միայն իշխանամետ ՀԿ-ները, որոնք պատվեր են կատարում: Մնացած ՀԿ-ները, որոնք խնդիրներ են բարձրաձայնում, վերանում են:

Եթե իրավիճակը դիտարկենք եռաչափ մոդելով՝ իշխանություն, քաղաքացիական հասարակություն և Արևմուտք, ապա տեսնում ենք, որ իշխանությունը ճնշում է քաղաքացիական հասարակությանը, որը քննադատում է իրեն: Հաճախ քաղաքացիական հասարակությունն աջակցություն է ակնկալում Արևմուտքից, որի քննադատությունը սահմանափակվում է հայտարարություններով: Կա՞ այլընտրանք քաղաքացիական դաշտի համար:

Քաղաքացիական հասարակության անունից դժվարանում եմ խոսել: Կապեր ունենալով Ադրբեջանի ակտիվ երիտասարդների հետ՝ գիտեմ, որ նրանց համար նույնպես ինչ-որ պահից, երբ ստեղծվում է սպառնալիք իրենց, իրենց ընտանիքի համար, շատ ավելի փոքրանում է հավանականությունը այդ սպառնալիքի ներքո դուրս գալ փողոց և պայքարել: Մարդիկ, ովքեր դեռևս բանտում չեն, փորձում են հանգիստ մնալ, չխառնվել կամ լքում են երկիրը:

Կան ընդդիմադիր զանգվածներ, բայց դրանք տարբեր են: Կա քաղաքացիական հասարակության ակտիվ հատվածը, և կրոնական ծայրահեղ դրսևորումներով զանգվածը: Հեյդար Ալիևից սկսած` Ադրբեջանը փորձել է խուսափել կրոնական դրսևորումներից, ապացուցել, որ աշխարհիկ պետություն է: Սակայն զարգացումները գալիս են փաստելու, որ դրանք ճեղքեր են տալիս, և մարդկանց հայացքը սկսում է ուղղվել դեպի կրոնը: Այժմ Ադրբեջանում կան սոցիալ-տնտեսական, ազգային, ինքնության խնդիրներ: Երբ ճնշում ես դրա արտահայտման ձևը, դա կարող է ստանալ այլ դրսևորում: Տվյալ դեպքում միտումը տանում է դեպի կրոն:

Ինչի՞ կարող է դա հանգեցնել:

Իմ համոզմամբ՝ իսլամական բնույթի ընդդիմության դեմ պայքարելը ամենևին հեշտ չէ: Առավել ևս, որ նրանք առողջ պայքար չեն մղում: Դժվարանում եմ ասել, թե որքանով ադբեջանական հասարակությունը նման պայմաններում կկանգնի այս ընդդիմության կողքին: Շատերը, ապրելով աթեիստական երկրում, հետո աշխարհիկ պետությունում, հեռու են իսլամական արարողակարգերից: Բայց նաև չեմ բացառում, որովհետև, ինչպես տեսանք, նման դեպք տեղի ունեցավ հարևան Իրանում 1979թ.: Հետաքրքիր օրինակ է, որ բացարձակապես աշխարհիկ երկիրը շատ կարճ ժամանակահատվածում դարձավ կրոնապետություն: Ոչ մի երաշխիք չկա, որ դա մի օր չի կարող կատարվել նաև Ադրբեջանում: Բնականաբար, իշխանությունները կփորձեն դա ամեն ձևով կանխել, բայց նման վտանգ կա:

Թե́ կրոնական, թե́ այլ բնույթի ծայրահեղ դրսոևորումները դրական բանի չեն հանգեցրել: Այժմ մեր աչքի առջև ունենք Ղարաբաղյան հակամարատությունը: Այս դեպքում երկկողմանի փորձ է արվել խուսափել հակամարտությանը տալ կրոնական բնույթ, որովհետև դա վտանգավոր է և կարող է ծայրահեղ դրսևորում ստանալ: Իմ ամենամեծ մտավախություններից մեկն էլ հենց դա է, որ Ադրբեջանում ինչ-որ պահից իսլամական ուժերի գործողությունները կուժեղանան: Դա բավականին լուրջ խնդիրներ կստեղծի ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության համար: Մեզ մոտ պետք է մեծ ուշադրություն դարձնեն այդ խնդրին:

Միաժամանակ, Ադրբեջանում սահմանափակվում են ինֆորմացիա ստանալու տարբեր միջոցները, ընդհուպ ֆեյսբուքյան էջերը, երբ ադրբեջանցի ակտիվիստները կարող են ձերբակալվել կամ տուգանվել միայն ֆեյսբուքյան գրառման համար:

Քաղաքացիական հասարակության շրջանում որքանո՞վ կա պոտենցիալ՝ շարունակելու պայքարը իրենց իրավունքների համար:

Ինչպես մի շարք երկրներում, այդ թվում և Ադրբեջանում կա պայքարի այլընտրանքային ձև, երբ փորձում են պայքարել դրսից. անձը չդնել ձերբակալության վտանգի տակ և խնդրի մասին բարձրաձայնել Ադրբեջանի տարածքից դուրս: Օրինակ` շատ լրագրողներ հեռացել են երկրից, բայց շարունակում են տեղի խնդիրների մասին հրապարակումներով հանդես գալ, դրա մասին խոսել եվրոպական տարբեր ամբիոններից:

Դա մի կողմից պաշտպանում է նրանց անձը հնարավոր վտանգից, բայց մյուս կողմից զրկում է հնարավորությունից` հասկանալ իրավիճակը ներսից: Այսինքն՝ մարդիկ դառնում են տարբեր միջոցներով ինֆորմացիա ստացող, բայց ոչ ինֆորմացիա կրող:

Ստացվում է, որ մարդիկ բարձրաձայնում են իրենց խնդիրների մասին, Եվրոպան դա քննադատում է, բայց կարճ ժամանակ հետո տեղի է ունենում հաջորդ ձերբակալությունը: Փաստացի, իրավիճակն աստիճանաբար ավելի է սրվում: Եթե արևմտյան կառույցների կողմից աշխատանք տարվի, որ հստակ սանկցիաներ կիրառվեն, Ադրբեջանին զրկեն ձայնի իրավունքից, գուցե դա աշխատի: Երբ Ադրբեջանը հասկանա, որ դա իսկապես խնդիրներ է ստեղծում իր երկրի համար, գուցե փորձի հետ կանգնել այդ միտումներից: Բայց նոր ընդդիմության կամ  քաղաքացիական հասարակության պայքարի վերաբերյալ կանխատեսումներ անել դժվարանում եմ, որովհետև նման միտումներ ընդհանրապես չեմ տեսնում: Հին ընդդիմությունը գրեթե չի գործում, ընդհատակ է անցել կամ էլ բավարարվում է միայն հայտարարություններով: Բայց Հայաստանը կարող է օգտագործել այս հանգամանքները, ամեն առիթով խոսել Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին և նոր դիվիդենտներ շահել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter