HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հում ձվեր` ՌԴ հյուպատոսարանի ուղղությամբ (ուղիղ միացում, թարմացվող)

Երանուհի Սողոյան

19:00

Երկար բանակցություններից հետո ակցիայի մասնակիցներն, ի վերջո, որոշեցին վաղը` 17:00-ին, հավաքվել մարզային դատախազության շենքի դիմաց: Նրանք հայտարարեցին, որ ժամանակ են տալիս մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանին եւ վերջինիս վերադասներին` հարցին (մեղադրյալ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնել) դրական լուծում տալու եւ իրենց պատասխան տալու համար: Հենց վաղն էլ գյումրեցիները, կախված իրավապահների պատասխանից, կորոշեն իրենց անելիքը:

18:10

Այս պահին բազմությունը հավաքված է ռուսական ռազմաբազայի առաջ: Մարդկանց հանդիպելու է եկել Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ում ասելով` բազայի դիմաց հավաքվելը ոչ մի օգուտ չի տա գործի քննությանը: Ըստ նրա` հայկական կողմը նախաքննությունը վարում է անկախ այլ հանգամանքներից: Ասլանյանն առաջարկում է հավաքվել մարզի դատախազության դիմաց, որից հետո 15-20 հոգի առանց լրատվամիջոցների կրող են բարձրանալ եւ քննարկել հարցեր: «Հետքի» թղթակիցը հայտնում է, որ տարածքում են հատուկջոկատայիններ, որոնց ուղղությամբ քարեր նետվեցին, սակայն մարդկանց կոչ է արվել սադրանքների չտրվել:

17:36

Րոպեներ առաջ Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ հավաքված բազմության մեջ վատացել էր Նազիկ Նիկոլյանը, ով, ըստ տեղեկությունների, Շիրակի թեմի առաջնորդարանում է աշխատում: Ակցիայի մասնակիցները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, տեղի է ունեցել հրմշտոց, ինչի արդյունքում կինը վատացել է: Շատ չանցած` ներկաներին հաջողվել է ուշքի բերել նրան:

Տեսահեռարձակումը` այստեղ:  

17:30

Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ այս պահին բազմամարդ է: «Հետքի» թղթակիցը հայտնում է, որ ռազմաբազայից ոչ հեռու գտնվող տարածքում հավաքվել են հիմնականում գյումրեցի տղամարդիկ եւ պահանջում են հանդիպում ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների հետ:

17:23

Այս պահին քայլերթի մասնակիցները Մայր Հայաստան հուշահամալիրի մոտ են, սակայն ոստիկանները փակել են դեպի ռուսական ռազմաբազա տանող փողոցը: 

17:12

Քանի որ ոստիկանական ուժերը փակել էին Հաղթանակի միակողմանի պողոտան եւ դրանով խոչընդոտում էին դեպի 102-րդ ռազմաբազա շարժվել ցանկացող վարորդների երթը, վերջիններս որոշել են ոտքով քայլել դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ: Այսպիսով` ավտոերթը վերածվել է քայլերթի: Երթի մասնակիցները չեն անսացել մարզի ոստիկանապետ Նադարյանի հորդորին` չշարժվել դեպի ռուսական ռազմաբազա, այլ հանդիպել մարզի դատախազին: Այժմ մասնակիցները գնում են դեպի կենտրոնական հրապարակ, այնտեղից` Գորկու այգի, որտեղից էլ պատրաստվում են քայլել դեպի ռազմաբազա: Ոստիկանները ակցիայի մասնակիցներից առաջ շտապել են նշված ուղղությամբ:  

16:23

Շիրակի մարզի դատախազության դիմաց հավաքված քաղաքացիներին, որոնք այսօր Գյումրիում դուրս են եկել ավտոերթի, մարզի ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանն առաջարկեց չփակել դատախազության դիմացի փողոցը եւ սպասել մինչեւ 16:30-ը: Ըստ նրա` այդ ժամանակ ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է անելու: Քաղաքացիները, սակայն, որոշել են չհեռանալ տարածքից եւ սպասել, թե ինչ են ասելու իրավապահները: Դրանից հետո կորոշվեն հետագա գործողությունները:

15:55

Ավտոմեքենաներով երթը Գյումրիում մեկնարկեց ժամը 15.00-ին, 100-ից ավելի ավտոմեքենաներ 8-րդ ռազմավանի մոտից ուղղություն վերցրեցին դեպի Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարան: Երթի բոլոր մասնակիցները կանգ էին առել հյուպատոսարանի շենքի առջեւ եւ իջել էին մեքենաներից, նրանք հում ձվեր են նետում շենքի վրա` պահանջելով հանդիպում գլխավոր հյուպատոս Եվգենի Կոնիշեւի հետ:

Երթի մասնակիցների պահանջն է նաեւ, որ ռուսական կողմը կասկածյալին հանձնի հայկական կողմին: Հյուպատոսարանի շենքում, ամենայն հավանականությամբ, որեւէ մեկը չկա, շենքը պաշտպանվում է կարմիրբերետավորների կողմից, որոնց բերել են ավտոբուսով: 

Երթը շարունակվելու է դեպի մարզպետարան, այնուհետեւ` դատախազություն: Եթին ուղիղ միացմամբ կարող եք հետեւել այս հղումով:

Լուս.` Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (2)

Վահրամ
Հում ձու՞....չէ, եփած ձու նետելու էին:
Արման
Իշխանությունները ասում են քաղաքական ենթատեքստ մի տվեք կամ տեսեք այս հանցագործությունում, մոռանալով, որ հենց իրենք իրենց քայլերով քաղաքակական ենթատեքստ տվեցին այս ամենին, թույլատրելով այլ երկրի ծառայություններին մտնել մեր երկիր ու խառնվել մեր երկրում կատարված հանցագործությանը ու դեռ դա էլ քիչ է իրենք պիտի որոշեն իրեց քաղաքացուն ինչ անել-չանելը։ Ձեր արածը ինչի՞ նման էր, բա էլ ինչ եիք ուզում կամ սպասում հայ ժողովուրդից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter