
Խոշտանգողները Հայաստանում հազվադեպ են պատասխանատվության ենթարկվում
Հայաստանում քաղաքացիներին ամենից հաճախ խոշտանգում են ոստիկանությունում, քրեակատարողական հիմնարկներում և բանակում: Այսպես են կարծում հենց Հայաստանի քաղաքացիները (1200 անձ), ովքեր մասնակցել են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի հարցմանը: Խոշտանգողները, սակայն, հիմնականում մնում են անպատիժ: Այդ մասին վկայում են թվերը: Ճիշտ է, ՀՔԾ-ում քրեական գործեր են հարուցվում, բայց կարճվում են նախաքննական փուլում: Այսպիսով՝ տարեկան մոտ 90 քրեական գործից 1-2 գործ է մտնում դատարան: Եվ եթե նույնիսկ դատարանը դատապարտում է խոշտանգողին, ապա կիրառվում է համաներում, ինչպես եղավ 2 տարի առաջ դատապարտված 2 ոստիկանների գործով: Նրանք դարձյալ ազատության մեջ են, չնայած այն հանգամանքին, որ ՄԻ եվրոպական դատարանը 5 որոշում է կայացրել ընդդեմ Թուրքիայի, որը պարբերաբար համաներումներ է կիրառել խոշտանգողների նկատմամբ: Ըստ ՄԻԵԴ-ի որոշումների` խոշտանգողին նկատմամբ համաներում չի կարելի կիրառել:
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց «Խոշտանգումները Հայաստանում 2013-14 թվականներին» թեմայով՝ վարելով անանուն հարցազրույցներ 30 մասնագետների, փորձագետների, պաշտոնյաների, դատավորների և 100 կալանավորվածների հետ: ՀԿ ներկայացուցիչները 4 դասընթաց են կազմակերպել Ոստիկանական ակադեմիայի ուսանողների համար: «Ապագա ոստիկանների գիտելիքները մարդու հիմնարար ազատությունների ու իրավունքների մասին շատ մակերեսային են: Առաջարկում ենք՝ ապագա ոստիկանները որպես դասընթաց անցնեն «Մարդու իրավունքներ» առարկան»,- «Հետքի» հետ զրույցում ասաց ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը:
Պետական ապարատում որպես դրական քայլ են նշում քրեական գործերի աճը
Դատախազ Կարեն Բիշարյանը նշում է, որ իրավապահների նկատմամբ քրեական գործերի հարուցման քանակն ավելացել է: 2014-ին հարուցվել է 87 քրեական գործ, սակայն 45-ը կարճվել է, դրանցից 44-ը՝ հանցակազմի բացակայության պատճառով, 1-ը` վաղեմության ժամկետի հիմքով:
Պետական պաշտոնյաները՝ դատախազ Կարեն Բիշարյանն ու ՀՀ ոստիկանությունից Վարդան Հարությունյանը, ովքեր ներկա էին զեկույցի հրապարակմանը, նշեցին, թե բազմաթիվ դեպքեր կան, երբ խոշտանգման մասին հաղորդումներն անվստահելի են. «Օրինակ՝ անձը հասնում է ՔԿՀ, նոր հաղորդում է տալիս, որ ոստիկանությունում իրեն խոշտանգել են ու ցուցմունք կորզել: Բայց նույն անձը հնարավորություն ուներ ավելի վաղ հայտնել դրա մասին: Հետևանքը լինում է այն, որ ապացույցների անբավարարություն ենք ունենում, նաև` չփարատված կասկածներ»,- ասաց դատախազության ներկայացուցիչը:
«Բայց ոչ թե խոշտանգվածը պիտի ապացուցի, որ իրեն խոշտանգել են, այլ պետությունը պիտի ապացուցի՝ խոշտանգում եղե՞լ է, թե՞ ոչ: Հիմա համակարգը չի կարողանում ապացուցել, որ եղել է, բայց չի էլ կարողանում ապացուցել, որ չի եղել: Ու այդպես գործեր են ուղղակի կարճում՝ խնդիրը համարելով փակված»,- ասում է ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը:
Վարուժան Սեդրակյանն էլ ասում է, թե մարդիկ վախենում են, դա է պատճառը, որ լռում են ու խոսում, երբ ոստիկանությունից արդեն տանում են քրեակատարողական հիմնարկ:
Զեկույցում անանուն հարցազրույցներին մասնակցած մի դատավոր նշել է. «Եթե ֆիզիկական բռնություններն արդյունք չեն տալիս, հոգեբանական խոշտանգումներն ավելի արդյունավետ են լինում. ընտանիքի անդամների հասցեին հնչած սպառնալիքները հաճախ մեծ ազդեցություն են ունենում»։
Խորհրդային տարիների իներցիան
Խորհրդային տարիներին իրավապահ համակարգում գործում էր հայտնի Վիշինսկու «օրենքը», ըստ որի` ինքնախոստովանական ցուցմունքը ապացույցների թագուհին էր:
Անկախ Հայաստանի առաջին տարիների քրեական գործերին ծանոթանալով՝ տեսնում ենք, որ բազմաթիվ են դեպքերը, երբ, օրինակ, զինվորական գործերով վկաները գտնվել են ՌՈ-ում՝ ազատությունից անօրինականորեն զրկված լինելով տասնյակ օրեր: Զինծառայողները չեն ունեցել անգամ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Այնուհետև նույն զինվորները, չդիմանալով ճնշումներին, ծեծին, հաճախ տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ ու կալանավորվել: Արդեն ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ կամ դատարանում նրանք հայտնել են, որ ինքնախոստովանական ցուցմուքները տրվել են խոշտանգումների հետևանքով: Սակայն դատարանը նույնիսկ քննության նյութ չի դարձրել ամբաստանյալների ցուցմունքները:
Նույն իներցիան ու ձեռագիրը շարունակվում է մինչ օրս: Այս մասին պարբերաբար ահազանգում են իրավապաշտպաններն ու հասարակական կառույցները, նաև` միջազգային կազմակերպությունները: ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն 2012-ին մտահոգություններ է հայտնել, որ ոստիկանությունում ու զորամասերում քաղաքացիների խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին
հատված 2003թ. քրեական գործից |
վկայությունները անկողմնակալ ու արդյունավետ քննության առարկա չեն դառնում:
ՄԻՊ-ի գրասենյակից Լաուրա Գասպարյանը նշեց, որ մարզային և ոչ մի ՁՊՎ-ում բժիշկ չկա. «Ոստիկանները ում ուզեն, երբ ուզեն կկանչեն: Եվ հիմնականում ուշացած են լինում դատաբժշկական փորձաքննությունների նշանակումները: Մի ոստիկան անգամ գրել էր, որ վնասվածքները քաղաքացին ստացել է միջատի կծածից»:
«Խոշտանգում» եզրույթը մեր ՔՕ-ում չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին
ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև` անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Դեռևս 1993թ. մեր պետությունը վավերացրել է նաև ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիան, սակայն մասնագետներն ամենախնդրահարույց հարցը համարում են այն, որ ՀՀ քրեական օրենսգրքում «խոշտանգում» եզրույթը դեռ շարունակում է չհամապատասխանել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիային: Մեր օրեսդրությամբ այն դիտարկվում է պարզապես քաղաքացի-քաղաքացի տիրույթում, մինչդեռ Կոնվենցիայում հստակ նշված է, որ պետական համակարգ-քաղաքացի հարաբերություններում է խոշտանգման հանցակազմը: «Խոշտանգման քրեականացման հարցերի տևական հետաձգումն, ըստ իրավապաշտպանների, խոշտանգողներին թույլ է տալիս խուսափել պատասխանատվությունից: Այդպիսով՝ իրավապահ համակարգում, բանտերում ու բանակում արմատավորվում է անպատժելիության մթնոլորտը»,- ասում է իրավաբան Աննա Մելիքյանը:
ՔՕ նոր նախագծով խոշտանգման հանցակազմը վերջապես կհամապատասխանի խոշտանգումների դեմ կոնվենցիային: Այս մասին հայտնեց Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Միքայել Խաչատրյանը: Խոշտանգողը կազատազրկվի 4-8 տարի ժամկետով, որոշակի իրավունքներից կզրկվի, իսկ խոշտանգվողը, Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան փոփոխությամբ, պետությունից կստանա 3 մլն դրամի բարոյական վնասի փոխհատուցում:
21 կետանոց առաջարկ պետական մարմիններին
Ներկայացնենք դրանցից մի քանիսը: Իրավապաշտպաններն, օրինակ, առաջարկում են օրենսդրությամբ ամրագրել և ապահովել, որպեսզի քննիչը դատաբժշկական փորձաքննություն նշանակի հաղորդումը ստանալուց անմիջապես հետո: Օրենսդրորեն ամրագրել, որ փաստաբանի բացակայությամբ անձի հարցաքննության ցանկացած դեպքում, եթե անգամ նա հրաժարվել է իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից, գրավոր ցուցմունքը չի կարող դրվել վճռի հիմքում, քանի դեռ հարցաքննված անձը դատարանի առջև չի հաստատել իր ցուցմունքի իսկությունը: Ապահովել, որպեսզի գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող և այդ գործերով դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազները տարբեր լինեն: Անկախ բժիշկների համար ստեղծել դատական բժշկի որակավորում ստանալու հնարավորություն և ազատությունից զրկված անձանց իրավունք վերապահել ցանկության դեպքում դիմելու և զննվելու դատաբժշկական վերապատրաստում անցած անկախ բժշկի մոտ՝ առանց քննիչի, դատախազի կամ դատավորի միջնորդության:
Հ.Գ. ՔՀԻ-ի կամավորները ստեղծել են նաև համակարգչային կրթական խաղ, որտեղ անձը պիտի ճիշտ պատասխանի իրավիճակային հարցերին: Օրինակ՝ ինչ պետք է անի քաղաքացին, երբ իրեն բերում են ոստիկանություն, որո՞նք են նրա իրավունքները և այլն: Զեկույցի հրապարակման ժամանակ ԱՆ ՔԿՎ և ԱՆ պաշտոնյաներ Բենիկ Հարությունյանն ու Միքայել Խաչատրյանը հավաքեցին առավելագույն միավորներ՝ ստանալով «Հայաստանն առանց խոշտանգումների» գրությամբ շապիկներ:
Մեկնաբանել