HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկկողմանի ծնողազուրկ զինվորը ցմահ է դատապարտվել վկաների ցուցմունքներով (մաս 1-ին)

«Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարի շրջանակներում ընթերցողին ենք ներկայացնում նաև երկարատև ազատազրկման ու պատժի առավելագույն չափի դատապարտված շարքային զինվորների քրեական գործեր: Հայաստանի 105 ցմահ դատապարտյալներից 14-ը նախկին շարքային զինվորներ են (միջին ու բարձր սպայական կազմից դատապարտվածներ չկան), 14 նախկին շարքային զինվորները արարքը կատարելու պահին եղել են 18-21 տարեկան, նախկինում դատված չեն եղել:

Դատարանների կենտրոնական արխիվում ծանոթացա ցմահ դատապարտյալ, նախկին շարքային զինվոր, 11-րդ տարին անազատության մեջ գտնվող Ցոլակ Պողոսյանի ու երեք այլ զինվորների քրեական գործին: Ցոլակը ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ մեղադրվելով ծառայակցի` Կարեն Պետրոսյանի սպանության մեջ (մյուս երեքը` զինվորներ Մանվել Բոյաջյանն ու Սուրեն Պետրոսյանը` 6.5- ական տարվա, իսկ Սայաթ Արշակյանը՝ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել Ցոլակին օժանդակելու մեղադրանքով: Նրանք վաղուց ազատության մեջ են-հեղ.):

Ինչպե՞ս է ստացվել, որ ծառայակցի 6-7 անգամ անընդմեջ  լրացվող ցուցմունքներով` Կարենի սպանության մեղքը բարդվել է երկկողմանի ծնողազուրկ, ծնողների մահից հետո ՌԴ-ում դպրոց գնացած, ռուսերեն գրել, կարդալ իմացող 21-ամյա Ցոլակ Պողոսյանի վրա, ով որպես վկա, ապա կասկածյալ հարցաքննվելիս չի ունեցել թարգմանիչ: Իսկ գործի քննության 3 տարիներին ֆինանսական վատ վիճակի պատճառով չի կարողացել վարձել փաստաբան:

Ինչպե՞ս է ստացվել, որ գործի նախաքննությունն ու դատավարությունը տևել են մոտ երեք տարի, ինչպե՞ս է գործն ուղարկվել լրացուցիչ նախաքննության լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի չլինելու պատճառով, ինչպե՞ս են բռնության հետևանքով կորզված ինքնախոստովանական ցուցմունքները դրվել դատավճռի հիմքում:  

Ըստ քրեական գործի նյութերի՝ Ցոլակը նախ ծեծի է ենթարկել Կարենին, ապա մյուս երեք ծառայակիցների հետ կախել զորամասի տանիքում զինվորական գոտիով: Դեպքը տեղի է ունեցել «Նուբարաշենի» զորամասում 2003թ. հունիսի 9-ին` ժամը 12:30-14:00-ն ընկած ժամանակահատվածում: Կարենի դին, սակայն,  հայտնաբերվել է մոտավորապես երեկոյան ժամը 19-ին:

Նույն օրը 2-րդ (զոհված Կարենը ծառայելիս է եղել հենց 2-րդ վաշտում) ու հարակից վաշտերի շարքայիններին գիշերով տարել են ռազմական ոստիկանություն, այնտեղ նրանց ծեծի, բռնության են ենթարկել, ստիպել գրել ինքնախոստովանական ցուցմունքներ: 4 զինվորներն էլ ՌՈ-ում տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ: Ի դեպ, վկայի հարցաքննության արձանագրության մեջ որպես հարցաքննության վայր նշված է միայն «ք.Երևան» ձևակերպումը՝ առանց որևէ հասցեի: Եվ միայն զինվորների՝ դատարանում տված ցուցմունքներից է պարզ դառնում, որ նրանք 5 օր շարունակ պահվել են ռազմական ոստիկանությունում: Այս մասին են վկայում զինվորների՝ գործում առկա ցուցմունքները, նաև զինվորներից Մանվել Բոյաջյանի հոր՝ Հունան Բոյաջյանի՝ զինդատախազ Ջհանգիրյանին գրված նամակը, որտեղ զինվորի հայրը հայտնում է, որ երբ տղային եկել է տեսնելու, ասել են, որ նրան ՌՈ են տարել, իսկ ռազմական ոստիկանությունում նախ խաբել են, թե Ղարաբաղ են տարել տղային, ապա հայտնել ճշմարտությունը, որ զինվորն իրենց մոտ է, որ զորամասում տեղի ունեցած դեպքի հետ կապված որպես վկա է ներգրավված:


ՌՈ-ում տեղի ունեցած ծեծ ու ջարդի մասին քրեական գործի նյութերում բազմաթիվ են զինվորների հայտարարությունները: Հատուկ կարևորության գործերով քննիչ Փիլոսյանը նախ հանձնարարել է բժշկական փորձաքննություն նշանակել զինվորների հայտարարությունների հիման վրա, սակայն 4 հատորանոց քրեական գործի նյութերում որևէ տեղ այդպես էլ չգտա այդ փորձաքննության արդյունքները: Բացի այդ, փորձաքննության են ուղարկվել զինվորական փոքր աթոռակները (ըստ մի քանի ցուցմունքների` նաև աթոռակով է հարվածներ հասցվել Կարենին): Սակայն դարձյալ աթոռակների վերաբերյալ որևէ եզրակացություն չգտա գործում: Աթոռակ կա նաև հենց տանիքում (որտեղ և կատարվել է դեպքը), որը նույնիսկ չի ճանաչվել իրեղեն ապացույց:

Իրեղեն ապացույց է ճանաչվել միայն զինվորական գոտին, որից կախված են գտել շարքային զինծառայողին, նաև նրա ձեռքում հայտնաբերված 80 սմ-անոց հոսանքալարը: Քրեական գործի լուսանկարներում, որոնք հասկանալի պատճառներով չենք հրապարակում կայքում, կախված զինծառայողը զինվորական հագուստով է: Այնինչ նրա հագուստը ևս չի ճանաչվել որպես իրեղեն ապացույց: Գործում առկա դիակի դատաբժշկական փորձաքննության մեջ նշված է, որ դին ստացվել է մերկ վիճակում:

Այս գործը միակը չէ, որտեղ դիակի վրայից անհետացել են զինվորական հագուստները: Բանակում խաղաղ պայմաններում զոհված ծառայողների գործերով հագուստների անհետանալը կարծես ձեռագիր դարձած լինի:

Մեկ այլ ցմահ դատապարտյալ`19-րդ տարին բանտում գտնվող Արթուր Մկրտչյանի գործով ևս սպանված զինվորների հագուստները անհետացել են հենց քննիչի սենյակից (շուտով «Հետքը» կներկայացնի 1996 թ-ի այս գործը ևս:

Իսկ մինչ այդ շարունակաբար կներկայացնենք ցմահ դատապարտյալ Ցոլակ Պողոսյանի գործը): 

(շարունակություն)

Մեկնաբանություններ (7)

Ехо
Ес ерехун цмаh твох марда вабше? Лрив хихчнерт корцрел ек ара?
Վարդուհի
պարզից պարզ է. անտեր տղա են տեսել վրան գործ են բացել։ այ նրան դատողները մի օր թող հայտվեն ճաղերի հետևում
Վեհարի Առաքելյան
Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում քննիչները իրենց մութ գործերը կատարում են ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ նրանք ունեն ցուցմունք համակարգի վերադաս իշխանավորների կողմից: Մտածեք, քննիչը կամ դատավորը կհամարձակվե՞ր արդյոք մեղավորի փոխարեն անմեղին դատել, եթե նրանց դեմ գործեր օրենքը և նրանք էլ այդ ստորության դիմաց դատապարտվեյին:Այս համակարգում եթե պատահաբար հայտնվի ազնիվ մեկը, ապա կարճ ժամանակ հետո նրան կամ կվերացնեն կամ էլ կհայտարարեն ժողովրդի թշնամի: Հայաստանում դատապարտյալները կամ անմեղներն են, կամ էլ նրանք որոնց մեղքը կամ զանցանքը շատ ավելի փոքր է, քան հանցավոր համակարգը պահպանող ոհմակի յուրաքանչյուր անդամինն է:
Artur Lalayan
iskapes shat cavali patmutyuna arajine iharke zohvac zinvori u nra harazatneri hamar, indz shat hetaqrqira Colak Poxosyane iren anmex e chanachum ????Մեկնաբանությունը…
Զարուհի
Հարց. Սուրիկ Խաչատրյանի որդուն կարող են ցմահ դատապարտել???????????? Չե՛ն կարող, ուրեմն ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կարող եմ կասկածի տակ դնել ցանկացած նման դատավճիռ...Ցոլակը ձերբակալման ժամանակ եղել է 21 տարեկան, հիմա 32 տարեկան է: Նա ծնողների մահից հետո ապրել է Ռուսաստանում, էնտեղ դպրոց գնացել, հայերեն լավ չգիտի: Սակայն նրան ռազմական ոստիկանությունում ոչ թարգմանիչ, ոչ էլ փաստաբան են տրամադրում: Ու ընդհանրապես` լինելով անապահով վիճակում ողջ դատավարության ընթացքում չի կարողանում փաստաբան վարձել.........այս գործը մեկ շաբաթ նայելով՝ սարսափում էի՝ հնարավոր է արդյոք 21-րդ դարում ցուցմունքների վրա մարդուն դատապարտել
Զարուհի
Հարգելի Արթուր Լալայան, այդ ամենը դեռ շարունակաբար կներկայացնեմ, բայց ասեմ, որ այո՛, Ցոլակն իրեն մեղավոր չի ճանաչել դատավարության ընթացքում և մինչ օրս:
Վեհարի Առաքելյան
Տիկին Զարուհի, եթե դուք բացեք հազարավոր բանակային սպանությունների կամ այլ քրեական կամ թեկուզ քաղաքացիական գործեր, նույնպես սարսափելու եք, քանի որ դատական համակարգը և ողջ իշխանությունը Հայաստանում ծառայում են այն ուժերին որոնք ունեն հայոց ցեղը բնաջնջելու ծրագիր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter