HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկկողմանի ծնողազուրկ զինվորը ցմահ է դատապարտվել վկաների ցուցմունքներով (մաս 2-րդ)

սկիզբը

Շարքային զինվոր Ցոլակ Պողոսյանը ձերբակալման ժամանակ՝ 2003 թ-ին եղել է 21 տարեկան: Այսօր 32 տարեկան է: Ըստ գործող օրենքի, միայն 20 տարի պատիժը կրելուց հետո նա, ինչպես և մյուս 104 ցմահ դատապարտյալները (ներառյալ նախկին մահապատժի դատապարտվածները) կարող են դիմել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար (մինչ օրս ազատ արձակման նախադեպ չկա, թեպետ 6 անձի պատժի կրման 20 տարին լրացել է):

Ցոլակն ու զոհված Կարենը եղել են մտերիմ ընկերներ: Սկզբում նրանք ծառայել են նույն վաշտում՝ 6-րդում, հետո Կարենին տեղափոխել են 2-րդ վաշտ: Տեղափոխությունից հետո Կարենը ցանկացել է վերադառնալ նախկին վաշտ՝ պատճառաբանելով, որ ընկերները, հատկապես՝ Ցոլակը այնտեղ են: Այս մասին են վկայում Կարենի հարազատների, նաև ծառայակիցների ցուցմունքները:

Կարենը 9 տարի զբաղվել է ձյուդո մարզաձևով: Նրա հորեղբորորդի Արտակ Պետրոսյանը վկայում է, որ Կարենը Ցոլակից հաստատապես ուժեղ էր, որ մի քանի անգամ եղել են Կարենենց ու իր տանը, եղել են իրենց մոտ նաև դեպքից մի քանի օր առաջ: Կարենը դժգոհել է զորամասի հրամանատարության, ավելի կոնկրետ՝ սպաների պահվածքից: Անգամ նրան ծեծել է հրամանատար Մուրադյանը՝ մի քանի սպաների հետ: Պատճառը, ըստ ցուցմունքների, եղել է այն, որ Կարենը անզգուշաբար ջարդել է հրամանատարի բջջայինը: «Ծեծից վնասվել էին նրա երիկամները: Ստիպված երկար ժամանակ ծառաությունն անցկացրել է զորամասի բուժկետում: Միշտ բողոքում էր երիկամների ցավերից: Իսկ դեպքից մի քանի օր առաջ, երբ Ցոլակի հետ էին եկել, անտրամադիր էր, ասաց, որ «ուբեդիտի մոմենտ» է եղել զինվորների հետ՝ չտալով անուններ»,- նշված է Արտակ Պետրոսյանի ցուցմունքում: Իսկ Կարենի մոր ցուցմունքները վկայում են այն մասին, որ որդուն ծեծել է նաև վաշտի հրամանատար Ավոյանը, սակայն նախաքննության ժամանակ անգամ չի հարցաքննվել նույն Ավոյանը:

4 հատորանոց գործի նյութերի ցանկում հիմնականում տարբեր վկաների ու ամբաստանյալների ցուցմունքներ են, ավելի կոնկրետ՝ նույն գործով անցնող կրտսեր սերժանտ Սայաթ Արշակյանի պարբերաբար լրացվող ու փոփոխվող ցուցմունքները (ով այս գործով դատապարտվել է ամենամեղմ պատժի՝ 5 տարվա ազատազրկման): Հենց նրա ցուցմունքներն էլ հիմք են հանդիսացել Ցոլակ Պողոսյանին մեղադրանք առաջադրելու համար: Հունիսի 9-ից սկսած՝ ամեն օր ավելացել ու լրացվել են հենց այս վկայի, հետո նաև նրա՝ որպես կասկածյալ ու ամբաստանյալ տված ցուցմունքները, որոնցով աստիճանաբար ողջ մեղքը բարդվել է շարքային Ցոլակի վրա: Ի դեպ, նույն Սայաթի ցուցմունքում նշված է. «Մեր չաստում ով՝ երբ ուզում էր քնում էր, ով՝ երբ ուզում էր՝ գնում էր քաղաք» արտահայտությունը:

Գործի նյութերին ծանոթանալով՝ տպավորություն է, որ զորամասում չի եղել հրամանատարական կազմ: Որպես վկաներ նախաքննության մարմինը հարցաքննել է հիմնականում միայն շարքայիններին՝այն էլ հինգ օր պահելով Ռազմական ոստիկանությունում:

Ցուցմունքների արժանահավատությունը անհասկանալի է, թե ինչպես է ստուգվել: 4 ամիս տևած նախաքննությամբ  կատարվել է միայն մեկ փորձաքննություն՝ դիակի դատաբժշկական փորձաքննությունը, որով հաստատվել է, որ մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով: Դիակի վրա հայտնաբերվել են վնասվածքներ՝ գլխի գագաթային շրջանում, նաև չորացած վերքեր ձեռքերին՝ մի քանի օրվա վաղեմության: Սակայն, թե ինչպես են հասցվել հարվածները, ինչ անկյան տակ, ինչ պայմաններում, ում կողմից, այդպես էլ հանգամանքները պարզված չեն: Չի կատարվել քննչական փորձարարություն, չի նշանակվել համալիր փորձաքննություն, չեն կատարվել մատնահետքաբանական, դատակենսաբանական, դատահոգեբանական և այլ փորձաքննություններ:

Գործում չկա նաև իրեղեն ապացույց զինվորական գոտու փորձաքննության արդյունքը, թե ում մատնահետքերն են այնտեղ:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, խորհրդային տարիներին քննչական գործունեության 8-ամյա փորձ ունեցող Մարատ Կոստանյանը «Հետքի» հետ զույցում նշեց, որ սպանությունների գործով պարտադիր էր նշանակել բոլոր տեսակի փորձաքննությունները՝ դատահոգեբանական, համալիր փորձաքննություն և այլն: «Տեղազննության ժամանակ հայտնաբերված ամենափոքր դետալն անգամ ուղարկվում էր փորձաքննության՝ պարզելու համար՝ ինչ հետքեր կան այնտեղ»:

Նախաքննության ժամանակ ՌՈ-ում տրված ցուցմունքներից դատավարության ժամանակ հրաժարվել են Ցոլակ Պողոսյանը և մյուս երկու զինվորները՝ Սուրեն Պետրոսյանն ու Մանվել Բոյաջյանը:

Ցոլակը դատարանին հայտնել է. «Ոստիկանություն տարան գիշերով, երևի մի 12 հոգու էինք, մեքենայի մեջ չէին թողնում իրար հետ խոսեինք: Ռազմական ոստիկանությունում ոչ թե ծեծում էին, այլ սամասուդ էին անում, որ մեզ մեղավոր ճանաչենք, ստորագրենք, որ մենք ենք կախել Կարենին»: Եվ միայն Սայաթ Արշակյանն է, որ ճանաչել է մեղքի իր բաժինը՝ նշելով, որ օժանդակել է հանցագործությանը՝ օգնելով Ցոլակին:

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter