
Երկկողմանի ծնողազուրկ զինվորը ցմահ է դատապարտվել վկաների ցուցմունքներով (մաս 3-րդ)
Էրեբունի-Նուբարաշեն համայքների առաջին ատյանի դատավոր Կուբանյանը 2004թ. դատավճիռ կայացնելու փոխարեն որոշում է ընդունել շարքային զինվոր Ցոլակ Պողոսյանի և մյուսների գործը ուղարկել լրացուցիչ նախաքննության՝ որոշման մեջ նշելով, որ տեղի են ունեցել խախտումներ, որոնք ազդել են նախաքննության օբյեկտիվության ու բազմակողմանիության վրա:
2004-ի հոկտեմբերին զինդատախազությունում կազմվել է քննչական խումբ՝ հատուկ կարևորության գործերով քննիչ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Սակայն որևէ նոր փորձաքննություն չի նշանակվել, պարզապես ընդլայնվել է վկաների շրջանակը, հարցաքննվել են մեկ փոխգնդապետ ու մեկ լեյտենանտ, կազմվել է տեղազննության հատակագիծը, գործում հայտնվել է պահակախմբի ամփոփգիրը, քաղվածքներ հրամաններից: Սակայն 4 ամբաստանյալներից լրացուցիչ հարցաքննվել է միայն Սայաթ Արշակյանը, ում մի քանի անգամ փոփոխված ցուցմունքների հիման վրա էլ կազմվել էր ողջ մեղադրական եզրակացությունը:
Այսինքն՝ շարքայիններ Ցոլակ Պողոսյանի, Մանվել Բոյաջյանի ու Սուրեն Պետրոսյանի (վերջինը հենց կախված Կարեն Պետրոսյանի համագյուղացին ու դասընկերն է եղել) բռնությամբ կորզված ինքնախոստովանական ցուցմունքները մնացել են գործում:
2005 թ. փետրվարին լրացուցիչ նախաքննությամբ գործն այդ տեսքով էլ դարձյալ մտել է այս անգամ Շենգավիթի դատարան: Դատավարության ժամանակ ամբաստանյալ զինվորներից երեքը նորից վկայել են խոշտանգումների մասին: Ցոլակը հայտնել է, որ դեպքի օրը մինչև 14:30 պառկած է մնացել՝ թույլտվություն վերցնելով զամպալիտից. «Ինքը գիտեր, որ ես ստամոքսի խոց ունեմ, հետո Սայաթի հետ գնացել ենք Սովետաշենի փոստ զանգելու: Փողս չհերիքեց, ես չզանգեցի, Սայաթը զանգեց, հետ եկանք, արդեն կրիշում սպաներ կային: Ոստիկանությունում մի քանի օր պահելուց ու ծեծելուց հետո պատրաստի թուղթը բերեցին, ասեցին, որ ստորագրեմ: Թարգմանիչ էի ուզում, քննիչը խոստացավ բերել, բայց չարեց»:
Իսկ Սովետաշենի փոստից զանգ կատարելու մասին ցուցմունքն այդպես էլ չի ստուգվել: Սայաթ Արշակյանը հրաժարվել է Ցոլակի հետ առերեսումից: Ահա մյուս ամբաստանյալ Սուրեն Պետրոսյանի ցուցմունքներից մի հատված. «Քննիչը մի մարդ բերեց, ասաց, որ հայրս է նրան ուղարկել՝ որպես իմ փաստաբան: Նա էլ, թե՝ 1 ամսից դուրս կգաս, ստորագրի, որ քո վրա չաշխատեն»:
Նախաքննության ու դատավարության ժամանակ Ցոլակ Պողոսյանը, նյութական վատ պայմաններից ելնելով, չի կարողացել փաստաբան վարձել: Դատարանը պարբերաբար կանչել է պետական պաշտպանություն իրականացնող պաշտպաններ, սակայն կարճ ժամանակ անց Ցոլակը հրաժարվել է նրանց ծառայութուններից: Պատճառներն անհայտ են:
2006թ. Շենգավիթի առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել այս գործով անցնող բոլոր 4 զինվորների մեղքը՝ դատավճռի հիմքում դնելով վկաների ցուցմունքներն ու ամբաստանյալների ինքնախոստովանական ցուցմունքները, որոնք նրանք տվել էին նախաքննության ժամանակ՝ 5 օր գտնվելով ՌՈ-ում և բռնության ենթարկվելով:
Ցոլակը դատավճիռը միայնակ բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարան, սակայն այն անփոփոխ է մնացել: 2006 թ. մարտին ցմահ ազատազրկման դատապարտված զինվորը Վերաքննիչի դատավճիռը բողոքարկել է նաև Վճռաբեկ դատարան՝ բողոքը գրելով դարձյալ ինքուրույն: Այս բողոքից է միայն պարզվում, որ Ցոլակը չունի ծնողներ, որ նրանք զոհվել են, իսկ ինքը 9-ամյա կրթությունը ստացել է Ռուսաստանում, դա է պատճառը, որ հայերեն գրել չգիտի:
Սակայն Վճռաբեկ դատարանը, զուտ մեխանիկական խնդիր լուծելով՝ բողոքը հետ է ուղարկել՝ նշելով, որ բողոքի մեջ պետք է արտացոլված լինի բողոքի էությունը: Սակայն Ցոլակը բնականաբար չէր կարող իրավական տերմիններով ու հոդվածներով համեմված բողոք ներկայացնել դատարան՝ չլինելով մասնագետ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել