
6 միլիոն դոլարի փոխհատուցում դատական սխալի համար
Լուսանկարի 2 կողմերում նույն անձն է՝ դատական սխալի զոհ դարձած ԱՄՆ քաղաքացի Քեննեթ Այրլենդը 20 տարվա տարբերությամբ: Մենք անդրադարձել ենք 1989 թ-ին 50 տարվա ազատազրկման դատապարտված, իսկ 2009 թ.-ին արդարացման դատավճռով ազատություն վերադարձած Այրլենդի պատմությանը, ով անցյալ տարվանից աշխատում է ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի ներման ու պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովում:
Անցյալ շաբաթ Քեննեթ Այրլենդը դարձել է միլիոնատեր. նա ամերիկյան պետությունից ստացել է 6 մլն ԱՄՆ դոլարի փոխհատուցում: Այս մասին գրում է courant.com-ը:
«Գումարը չի կարող ետ բերել իմ տարիները, բայց ես անհամբերությամբ սպասում եմ իմ ապագային»,-ասել է նախկին դատապարտյալը, ով պատիժ է կրել խիստ ռեժիմի բանտում:
Նշենք, որ ամերիկացի Քեննեթ Այրլենդը 20 տարեկանում` 1989 թ-ին, 50 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ մեղադրվելով 30-ամյա մի կնոջ բռնաբարության ու սպանության մեջ: 4 երեխաների մոր մարմինը հայտաբերվել էր 1986 թ-ին Հարթֆորդ քաղաքի գործարաններից մեկի տարածքում, որտեղ կինն աշխատում էր գիշերային հերթափոխով: 20-ամյա մեղադրյալին դատապարտել են բացառապես 2 վկայի ցուցմուքով, ովքեր ոստիկաններին հայտնել են, որ սպանության գիշերը տեսել են Քեննեթ Այրլենդին գործարանում: Երդվյալ ատենակալների ձայները կիսվել են. նրանց կեսը արդարացման, իսկ մյուս կեսը՝ մեղադրական դատավճռի կողմնակից է եղել: Մատնադրոշմային ու մազերի փորձաքննության արդյունքները խոսել են ի օգուտ մեղադրյալի: Բայց ատենակալներն, ի վերջո, մեղադրական դատավճիռ են կայացրել:
Քեննեթը 20 տարի շարունակ պնդել է, որ անմեղ է, անընդմեջ բողոքարկել դատավճիռը: Եվ ահա 2009 թ-ին կատարված ԴՆԹ թեսթի արդյունքները ցույց են տվել, որ իրեղեն ապացույցների վրա պահպանված սերմնահեղուկը չի պատկանում Քեննեթ Այրլենդին:
Հայաստանում «Մատաղիսի» գործով արդարացվածներից զինվորական դատախազությունը անգամ ներողություն չի խնդրել
Հայաստանի քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը սահմանում է արդարացված քաղաքացու մի քանի կետանոց իրավունքները: Նույն հոդվածի 10-րդ կետում գրված է, որ քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից:
«Մատաղիսի» գործով 2012 թ-ին արդարացված երեք նախկին զինզառայողները (Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյան), ովքեր 2 տարի 8 ամիս եղել են ազատազրկման վայրում` համածառայակիցների սպանության մեղադրանքով, նույնիսկ բանավոր ներողության չեն արժանացել արդարացման դատավճռից հետո: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց արդարացվածներից Արայիկ Զալյանը:
2 արդարացածները մեկնել են Ռուսաստան` արտագնա աշխատանքի
Արայիկ Զալյանը պատմեց, որ այս պահին Մուսա Սերոբյանն ու Ռազմիկ Սարգսյանը գնացել են ՌԴ` արտագնա աշխատանքի: Ինքը` Արայիկ Զալյանը, Հայաստանում է զբաղվում է իրավապաշտպանական գործունեությամբ: Պատրաստվում է քաղաքացիական հայց ներկայացնել նյութական վնասի փոխհատուցման պահանջով, իսկ բարոյական վնասի հատուցման պատրաստվում է հասնել` դիմելով ՄԻ եվրոպական դատարան:
«ՍԴ-ն երբ ընդունեց բարոյական վնասի փոխհատուցման մասին որոշումը, մտածում էինք, որ շուտով փոփոխություն կլինի քաղաքացիական օրենսգրքում: Փոփոխությունը եղավ, բայց չտարածվեց մեր գործի վրա, քանի որ օրենքում նշված է, որ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում պետք է դիմել բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: Այսինքն` զուտ ժամկետների առումով մենք չենք կարող դիմել ներպետական ատյաններ բարոյական վնասի հատուցմամբ: Սակայն, միևնույնն է, շուտով մտնելու ենք դատարան նյութական վնասի հատուցման պահանջով»,-մեզ հետ զրույցում ասաց Արայիկ Զալյանը:
Դատական սխալի զոհ, նախկին զինծառայող, ներկայում` իրավապաշտպան Արայիկ Զալյանի կարծիքով, պարզապես քաղաքական կամք է հարկավոր, որ պետությունն անդրադառնա դատական հնարավոր սխալներին, վեր հանի դրանք, ապա շտկի. «Կան կարծիքներ, որ հնարավոր մեծ փոխհատուցումներից խուսափելու համար համակարգը մեզանում չի գնում դատական սխալների շտկման` արդարացումների ճանապարհով: Կարծում եմ` նաև խայտառակվելու, պատասխանատվության ենթարկվելու վտանգը կա: Պատկերացրեք` այս կամ այն գործը քննող պետական պաշտոնյաները կաշառք են վերցրել ու քրեական պատասխանատվության չեն ենթարկել իրական մեղավորներին, ինչպե՞ս կարող են հիմա թույլ տալ, որ ամեն բան ջրի երես դուրս գա»:
Նշենք, որ արդեն 1 ու կես տարի է` «Մատաղիսի» գործը նորից նախաքննության փուլում է, չկան կասկածյալներ, չկան ձերբակալվածներ:
Մեկնաբանել