
Հաղթանակ գյուղի փախստականները. 25 տարի անց
Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի բնակչության 30%-ը փախստականներ են, 45 ընտանիք կամ 160 մարդ: Նրանք Ադրբեջանից և Վրաստանից այստեղ են տեղափոխվել 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին:
Փախստականների և տեղացիների ապրելակերպը գրեթե նույնն է: Հաղթանակցիների պես նրանց հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ այգիներ ու դաշտեր է մշակում կամ էլ մեկնում արտագնա աշխատանքի:
Սկզբում փախստականների մի մասը հաստատվել էր գյուղի պանսիոնատի շենքում, այնուհետև աստիճանաբար տեղափոխվել են: Սակայն մինչ օրս պանսիոնատի շենքում ապրում է մի քանի փախստական ընտանիք: Սրանք այն ընտանիքներն են, որոնք փախստականների համար նախատեսված ծրագրով տուն չեն ստացել, ոչ էլ կարողացել են տեղափոխվել այլ տուն:
Պանսիոնատի շենքը համայնքային սեփականություն է, որի սենյակներն անժամկետ և անհատույց տրամադրված են բնակիչներին: Այստեղ սենյակների դռների մեծ մասի վրա այժմ կողպեք է դրված: Բնակիչների մի մասը ժամանակին պայմանագիր է կնքել գյուղապետարանի հետ, սենյակը զբաղեցրել, այնուհետև կամ հեռացել է երկրից կամ էլ այլ տեղ հաստատվել:
Առաջին ընտանիքը, որ հաստատվել և մինչ օրս ապրում է պանսիոնատի շենքում, Այվազյանների ընտանիքն է: Նրանք այստեղ են եկել 1990թ. Ջավախքի Ծալկայի շրջանից: Ընտանիքի հայրը՝ Գրիգոր Այվազյանը, ամեն տարի մեկնում է Ռուսաստան` արտագնա աշխատանքի: Վերջին տարիներին նրան է միացել նաև ավագ որդին, իսկ մյուս երկու տղաներն աշխատում են գյուղում: Իրենց հատկացված տարածքից նրանք երեք սենյակ են ստեղծել: Գրիգոր Այվազյանի կինը՝ Մարոն, ասում է, որ գուցե ամբողջ շենքում իրենց ընտանիքն ամենաբարեկեցիկը թվա, բայց դա իրենց տարիների աշխատանքի արդյունքն է: Ամուսինն ասում է, որ ցանկանում է բարեկարգել շենքի տանիքը, փոխել տան դռներն ու պատուհանները, բայց քանի որ դա իրենց սեփականությունը չէ, մեծ փոփոխություններ անել չեն կարողանում:
«Կարող է մի օր էլ ասեն՝ դուրս եկեք: Օդից կախված ենք: Ոչ գիտես` սարքես, ոչ գիտես` թողես»,- ասում է Մարոն:
Այվազյաններից մի քանի սենյակ այն կողմ ապրում է 74-ամյա Ռիմա Հակոբյանը: Հարևանները նրան ասում են՝ «մեր ղարաբաղցի տատիկը»: Հայաստան տեղափոխվել է ամուսնու հետ, իսկ նրա մահից հետո այստեղ մենակ է ապրում: Պարբերաբար նրան այցելում են աղջիկը և թոռը: Նա դժգոհում է, որ իր թոշակով հազիվ է կարողանում սնունդ ու դեղեր գնել, քանի որ դրանք օր-օրի թանկանում են: Իր պայմաններից չի դժգոհում, միայն թե խնդրում է, որ բանկը վերադարձնի իր 10 հազար ռուբլի ավանդը, որը մնացել է ԽՍՀՄ տարիներից:
Պանսիոնատի շենքում է ապրում նաև Միսկարյան Ռայիկի ընտանիքը, ում բոլորը Լամարա են անվանում: Վերջինս ամուսնու հետ գյուղատնտեսությամբ է զբաղվում: Ամուսինը գրեթե ամբողջ օրը դաշտում է անցկացնում, մեր այցելության պահին էլ Լամարան եկել էր ընդմիջման:
«Ուղղակի տարին տարի չի լինում, երկու տարի արտ արինք, ոչինչ չհանեցինք: Ցորենն էլ մի հեկտարից երեք մեշոկ հանեցինք», - ասում է Լամարան:
Իրենց հատկացված սենյակներում նրանք ապրում են տղայի, հարսի ու երկու թոռների հետ: Տղան՝ Արթուրը, պայմանագրային զինծառայող էր, հետո մեկնել է արտագնա աշխատանքի, այժմ էլ աշխատանք չունի: Լամարան ասում է, որ չի ուզում տղան կրկին անցնի պայմանագրային զինծառայության, որովհետև վախենում է սահմանային միջադեպերից: Նա համարում է, որ արդեն մի հիմնական զինծառայող ունի՝ աղջիկը, ով ապրում է Տավուշի մարզի Բաղանիս գյուղում:
«Էստեղից պրծա (ցույց է տալիս տղային), բայց աղջիկս դեռ էնտեղ ա: Նա էլ փոքր էրեխա ունի, էն մյուսով էլ հղի ա: Էնտեղ էլ անընդհատ կրակոց ա լինում, վախում, փախչում են գալիս էստեղ, էլի հետ գնում», - ասում է Լամարան:
Ի տարբերություն իր հարևանների՝ Շահվերդյան Արմենը Հաղթանակ գյուղ «Վանաձոր քաղաքից է փախել»: Ասում է՝ այն ժամանակ շուկան (Բագրատաշեն-Սադախլու) գործում էր, աշխատում էին, հիմա դա էլ չկա: Այվազյաններից հետո սա երկրորդ ընտանիքն է, որ հաստատվել է պանսիոնատի շենքում: Այստեղ նա ապրում է կնոջ, տղայի, հարսի ու թոռան հետ:
«Յոլա ենք գնում, կողմնակի եկամուտ չունենք, մենակ մի կով ունենք, քսան տարուց էլ ավել ա էստեղ ենք,- ասում է նրա կինը՝ Էլմիրա Խաչիկյանը:- Փախստականներին տներ տրամադրեցին, մեզ էլ օդից կախված թողեցին»:
2001թ. Հաղթանակի փախստականների մի մասը տեղափոխվել է Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ կառուցված տները: Այդ ծրագրով կառուցվել է 14 տուն, թաղամասի անունը մնացել է «Նորվեգիա»: Կարո Հարությունյանն իր ընտանիքի հետ նույնպես ապրում է այս թաղամասում: Մեզ հետ զրուցած փախստականներից նա միակն էր, ով գրեթե չէր խոսում իրենց սոցիալական վիճակից ու կենցաղային դժվարություններից: Նա ու իր կինը՝ Քնարիկը, համոզված են, որ անկախ պայմաններից` կարևորն այն է, որ թե́ իրենք, թե́ իրենց 3 տղաներն ընտանիքներով Հայաստանում են ապրում: Ամուսիններն այստեղ են տեղափոխվել Ադրբեջանի Վարդաշեն շրջանից: Կարոյի հարազատների մեծ մասն ապրում է արտերկրում: Նրան բազմիցս են առաջարկել տեղափոխվել իրենց մոտ, այնտեղ աշխատել, բայց Կարոն ու կինն առայսօր հրաժարվում են այդ մտքից:
«Ասի` չէ, տենց չի, Հայաստանը վտանգի տակ ա: Ես գնացի, էն մեկը գնաց, ո՞վ պետք ա մնա», - ասում է Կարոն:
«Սա մեր երկիրն ա, էստեղ ազատ ման ենք գալիս»,- հավելում է Քնարիկը:
Հայաստան գալուց հետո Կարոն աշխատել է քարհանքում, հող է մշակել, մասնակցել է նաև Տավուշի ինքնապաշտպանական կռիվներին: Այժմ էլ ասում է՝ պարապ չեն մնում, փորձում են աշխատել, օրվա հացը ստեղծել: Չնայած գյուղից արտագաղթողներ կան, բայց Կարոն համոզված է, որ սոցիալական վիճակից ավելի կարևոր է երկրի պաշտպանությունը:
«Սուտ ա, թե ռուսը մեզ պաշտպանելու ա, ռուսին փող ա պետք, ինքն իրա բիզնեսն ա անում: Մենք պետք ա եղունգ ունենանք, էս քաչալ գլուխը քորենք: Մենք ինքներս մեր մասին պետք ա մտածենք», - համոզված է Կարոն: - Պետք ա աշխատենք, ապրինք: Մի օր ձուկ ենք ուտում, մի օր ձուկի գլուխ ենք ուտում, մի օր էլ ոսկորները: Յոլա ենք գնում էլի, ի՞նչ ասեմ»:
Լուսանկարները` Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել