HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի ոչ ֆորմալ կրթության համալսարանն իրականում ՍՊԸ է

«Վարկով գումարով եմ վճարել ուսման վարձը, հիմա բանկին տոկոսներ եմ վճարում». ծնող

«Հետքին» դիմած Երևանի բնակչուհիներ Քնքուշ Կիրակոսյանն ու Սիրանույշ Աղաջանյանը պատմեցին, որ երեխաների ուսումը կազմակերպելու նպատակով դիմել են Երևանի ոչ ֆորմալ կրթության համալսարան, սակայն երկու ամիս անց համոզվել, որ պայմանագրով նախատեսված կրթության որակը չի ապահովվում: Այժմ նրանք չեն կարողանում ետ ստանալ իրենց վճարած գումարները:  

Նրանց դուստրերը՝ Գոհար Ղարիբյանն ու Անահիտ Հովհաննիսյանը գործերը հանձնել են 2014-ի օգոստոսին, պայմանագիր կնքել հոկտեմբերին: Գոհարը ընդունվել է բեմարվեստի, իսկ Անահիտը՝ պարարվեստի բաժին: Ծնողները վճարել են մեկ տարվա համար նախատեսված գումարը. բեմարվեստի բաժնի համար՝ 150.000 դրամ, իսկ պարարվեստի՝ 300.000 դրամ: «Ստիպված էինք այդպես անել, քանի որ պայմանագրում կար մի անհեթեթ կետ, եթե կես-կես վճարեինք գումարը, ուսման վարձը ավելանում էր: Բայց քանի որ չէինք ուզում տարի կորցնել, ստիպված դիմեցինք՝ ակնկալելով, որ երեխաներն ինչ էլ սովորեն, լավ է»,- ասաց ծնողներից Քնքուշ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ վճարած գումարի դիմաց իր երեխան՝ Գոհարը, ով երազել է երգչուհի դառնալ, ոչինչ չի սովորել: «Դասատուները չէին գալիս դասերին: Գոհարը զանգում էր, ասում՝ 3 ժամ ազատ ենք, թեպետ սկզբում համալսարանի ռեկտոր Արմեն Նալբանդյանը մեզ հավատացնում էր, որ երեխաները բարձրակարգ կրթություն են ստանալու: Անգամ մեզ բուկլետներ էին տալիս, որ ուրիշ երեխաների էլ ներգրավենք, այսպես ասած՝ համալսարանի քարոզարշավով էինք զբաղվում»:

Դասերը սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից: Վարդանանց փողոցի հարմարավետ տարածքից, ինչպես երկու ծնողները պատմեցին, համալսարանը տեղափոխվել է Արշակունյաց 5 հասցե: «Ահավոր պայմաններ էին այնտեղ: Հետո տեղափոխվեցին Երվանդ Քոչարի փողոցում գտնվող մի սեփական տուն: Մենք ենք գնացել նույնիսկ մաքրություն արել այդ տանը, որ երեխաները հաճախեն նորմալ պայմաններում»,-նշեցին ծնողները:

Համալսարանի 12 ուսանողներից մեկը՝ Գոհարը, համալսարան է հաճախել ընդամենը 2 ամիս: Իսկ Անահիտը և ևս մեկ ուսանող մինչև կիսամյակի ավարտը՝ դեկտեմբերի 25-ը, գնացել են դասի: Ծնողները պատմեցին, որ 2 ամսվա մեջ 3 անգամ դասացուցակ է փոխվել, քանի որ դասախոսներ չկային:

«12 երեխաներից մի քանիսը կարճ ժաանակ անց տեսան, որ համալսարանում գիտելիք չեն ստանում, դուրս եկան: Մի քանիսը չցանկացան առողջություն ու ժամանակ կորցնել, հրաժարվեցին վճարած գումարից, գնացին: Մի 4 ծնող ենք, որ ցանկանում ենք պայքարել մինչև վերջ, հասնել նրան, որ բուհը ետ տա մեր վճարած գումարները: Ես վարկով էի վերցրել այդ գումարը, հիմա բանկին վարկի տոկոսներ եմ վճարում»,- ասաց տիկին Սիրանույշը:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն և համալսարան միաժամանակ

«Հետքը» դիմեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ պարզելու, թե Երևանի ոչ ֆորմալ կրթության համալսարանն արդյոք գրանցված է ԿԳՆ արտոնագրման գրանցամատյանում: Նախարարությունից ստացանք պատասխան, ըստ որի՝ լիցենզավորման գրանցամատյանում չկա Երևանի ոչ ֆորմալ կրթության համալսարանի մասին գրառում, ավելին՝ երբևէ նման հայտ չի ստացվել:

Մենք դիմեցինք նաև համալսարանի ռեկտոր Արմեն Նալբանդյանին, ով պատասխանեց, որ նման լիցենզավորման կարիք չկա, քանի որ 2014-ին «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխությամբ ամրագրվել է կրթության ոչ ֆորմալ ձևը:

Այսպես՝ օրենքի 6-րդ կետը լրացվել է հետևյալ բովանդակությամբ. «Պետությունը, համագործակցելով սոցիալական գործընկերների հետ, ապահովում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը՝ աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, ինչպես նաև երաշխավորում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգի համաչափ գործարկումն ու արդյունքների ճանաչումը»։

Վերահսկիչ պալատը բացահայտել է խախտում, սակայն քրեական գործ չի հարուցվել

Արմեն Նալբանդյանը հայտնի է նաև որպես «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի» հիմնադիր: Մի համալսարան, որտեղ 2010 թ.-ին Վերահսկիչ պալատը խախտումներ էր հայտնաբերել: Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը 5 տարի առաջ ասել էր, որ համալսարանի իրականացրած գործունեությունն ապօրինի է, իսկ ՔՕ 118-րդ հոդվածի համաձայն՝ սա կոչվում է ապօրինի ձեռնարկատիրություն, այսինքն՝ առանց պետական գրանցման կամ առանձնահատուկ թույլտվությամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականցնելը քրեական արարք է և կարող է պատժվել օրենքի ողջ խստությամբ։ Սակայն 5 տարի անց Արմեն Նալբանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որևէ քրեական գործ չի հարուցվել, քանի որ ոչ ֆորմալ կրթության համար լիցենզավորում առհասարակ պետք չէ:

Ամեն դեպքում մենք տեղեկացանք, որ 1998 թ.-ից գործող «Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանը» լուծարվել է: Հիմնադիր Արմեն Նալբանդյանը նշեց, որ համալսարանը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Այդպիսով ստեղծվել է Երևանի ոչ ֆորմալ կրթության համալսարանը: «Ցանկանում էինք ընդգրկել նաև այլ ոլորտներ: Իսկ «Նիկոլ Գալանտերյանն» ավարտած շրջանավարտներ ունենք անգամ կառավարությունում: Մենք գաղտնի չենք աշխատել, համագործակցել ենք կառավարության, մշակույթի նախարարության հետ»,- ասաց Արմեն Նալբանդյանը:

«Մենք գիտեինք, որ ժամանակին այդ համալսարանը կոչվել է Նիկոլ Գալանտերյանի անվան: Անգամ մեր հարևանուհին այնտեղ էր դասավանդում և հենց ինքն էր, որ խորհուրդ տվեց երեխայիս տանել ուսման՝ նշելով, որ միայն անունն է փոխվել»,- ասաց Քնքուշ Կիրակոսյանը:

Համալսարանի փոխտնօրենը աշխատել է 2 ամիս

«Հետքը» զրուցեց նաև Երևանի ոչ ֆորմալ կրթության համալսարանի փոխտնօրեն Գոհար Հակոբյանի հետ, ով նշեց, որ 2 ամիս է ընդամենը աշխատել այնտեղ: Սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից դեկտեմբերի սկզբին: Նրա հետ ևս մի քանի դասախոս է դուրս եկել: 35 տարվա մանակավարժական փորձ ունեցող, դպրոցի նախկին տնօրենը աշխատանքի տեղավորման գործակալության միջոցով է տեղեկացել Երևանի ոչ ֆորմալ կրթության համալսարանի մասին: «Ինձ սկզբում գրավեց ոչ ֆորմալ կրթության մասին գաղափարը, որն իսկապես հիանալի էր հնչում, բայց այն չիրագործվեց: Ինչքան հիշում եմ, 8-9 երեխա հավաքվեց, 10-ն էլ չդարձան: Դասախոսներին չէին կարողանում վարձատրել, այդպես չէր կարող շարունակվել: Հիմա որևէ կապ չունեմ Արմեն Նալբանդյանի հետ: Կարելի է ասել, որ հյուրի նման եկա ու գնացի»,- ասաց նախկին փոխտնօրենը:

«Եթե մեկ երեխա էլ լինի, ես կաշխատեմ»

Արմեն Նալբանդյանը գտնում է, որ ստեղծված իրավիճակը անձնական խռովության պատճառով է եղել և ամենևին կրթության կազմակերպման կամ որակի հետ կապ չունի: «Երեխաներին գցեցին ազդեցության տակ, բայց 2 երեխա մինչև վերջ եկան դասերին: Անգամ եթե 3, եթե 1 երեխա լինի, ես պարտավոր եմ դասընթաց ապահովել: 12 երեխայի համար 15 դասախոս եմ պահել: Երկու դասախոս դուրս եկան, սակայն հիմա դասախոսների խնդիր չունենք, երեխաներին էլ փորձում ենք ներգրավել ուսումնական պրոցեսում»,- ասաց Արմեն Նալբանդյանը:

Հարցին, թե համալսարանի ռեկտորն ինչու ետ չի վերադարձնում ուսման վարձավճարները՝ այն դեպքում, երբ երեխաները չեն ստացել պայմանագրով նախատեսված կրթությունը, պատասխանեց. «Ըստ պայմանագրի, եթե ուսանողները չվճարեն ամբողջ տարվա դիմաց, մենք կարող ենք դիմել դատարան և վարձավճարի մյուս մասը բռնագանձել»:

Դատարան դիմելու մասին մտածում են նաև ծնողները, ովքեր դժգոհ լինելով դասապրոցեսի որակից, իրենց երեխաներին չեն ուղարկել դասերի: Նրանք ցանկանում են ետ բերել իրենց գումարները, նաև ստանալ բարոյական վնասի փոխհատուցում:

Մինչ այդ, նկատեցինք, որ ակտիվ գործում է Երևանի ոչ ֆորմալ համալսարանի ֆեյսբուքյան էջը՝ դիմորդներին հրավիրելով սովորել իրենց մոտ մարտի 1-ից:

Մեկնաբանություններ (3)

erik nasibyan
Երևանի ոչ ֆորմալ կրթության համալսարանն իրականում ՍՊԸ է Հա ինչ անենք, մեր ինստիտուտն էլ էր ՍՊԸ, մասնավոր ԲՈՒՀ-երի մեծ մասը ՍՊԸ է, անիմաստ վերնագիր եք ընտրել
Նոնա
հաա, էս Քնքուշին ճանաչում եմ, խելառա
Քնքուշ
եդ ամնակարդակ աֆեռիստներին երեխաներին ուսուցանումը վստահողին այլ կերպ չես էլ անվանի:բայց դու ով ես?նոնա մոնա չեմ ճանաչում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter