
10 տարի է ՝ Արուսը երեխաների հետ ապրում է մշակույթի վթարային տանը
Շենքի երկրորդ հարկում երեւացող լվացքի պարանը հուշում է, որ այստեղ մարդիկ են բնակվում: Կիսավեր աստիճանները տանում են երկրորդ հարկ, որի միջանցքի վերջում գտնվում է Արուս Մկրտչյանի կացարանը: Երկհարկանի մեծ շենքում դեռեւս պահպանվում են սովետական տարիներից մնացած գրությունները, իսկ շենքի ներսում թափված են շինանյութի ու աղբի մնացորդներ: Շենքը Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի մշակույթի տունն է: Հայաստանի անկախացումից հետո մշակութային կենտրոնը դադարել է գործել:
10 տարի առաջ Արուսն ամուսնալուծվել է և երեխաների հետ տեղափոխվել մշակույթի տան սենյակներից մեկը: Այստեղ պարբերաբար հանգրվանել են օթեւան չունեցող ընտանիքներ, որոնք իրենց կացարանի հարցը լուծելուց հետո տեղափոխվել են: Արուսը երեխաների հետ մնացել է այստեղ, քանի որ չի կարողացել ոչ տուն գնել, ոչ էլ վարձակալել:
Արուսի երկու դուստրերն ամուսնացել են: Այժմ նա այստեղ ապրում է իր երկու տղաների հետ՝ 14-ամյա Էդգարի և 8-ամյա Արտյոմի: Արուսը հավաքարար է աշխատում գյուղի մոտակայքում գտնվող քարի արտադրամասում: Նա նաև օրավճարով աշխատանք է անում, եթե գյուղում որևէ մեկը դիմում է նրան: Ժամանակ առ ժամանակ օգնում են նաեւ համագյուղացիները: Արուսն ասում է, որ նպաստ ստանալու համար բազմիցս դիմել է Նոյեմբերյան քաղաքի սոցիալական ծառայությանը: Այնտեղ պատճառաբանում են, թե շենքը, որտեղ ապրում է, բնակելի չի համարվում, այնուհետև լրացուցիչ փաստաթղթեր են պահանջում և պարբերաբար հետաձգում նպաստ հատկացնելը:
«Մի կերպ, ծերը ծերին հասցնում եմ: Որ ասեմ, թե կարողանում եմ նոր հագուստներ առնեմ, էրեխեքիս թազա հագցնեմ, չէ, չեմ կարում: Մի կերպ կարողանում եմ իրանց գոյությունը պահպանել, որ էրեխեքս ոչ մի բանից հետ չմնան: Սնունդը ես մի կերպ առնում եմ»,- ասում է Արուսը:
Կոմունալ վճարումների համար շատ չի անհանգստանում, որովհետև գազ չունի, հոսանքի վճարն էլ հասցնում է տալ: Միակ սենյակը, որը նա զբաղեցնում է, տաքացնում է փայտե վառարանով: Մինչև վերջերս Արուսն ինքն էր փայտը մոտակա անտառից հավաքում: Այժմ նրան օգնում է նաև Էդգարը:
Էդգարը դեռ չի որոշել` մինչև ավարտական դասարան դպրոց գնալո՞ւ է, թե՞ ոչ, բայց արդեն մտածում է, թե ինչպես պետք է փող աշխատի, որ մորն օգնի: Ասում է, որ հիմա շատերն են գնում Ռուսաստան, բայց ինքը չի ուզում գնալ, որովհետև համոզված է, որ այնտեղ մարդկանց շահագործում են:
«Ուզում եմ գյուղում մնամ: Երևի կգնամ ես էլ քարհանքում կաշխատեմ, քար կկտրեմ»,- ասում է Էդգարը:
Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել