
Հայկ Կյուրեղյանի գործով կողմերը չէին ներկայացել նիստին
Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունն այսօր հետաձգվեց սկսվելուն պես. չէին ներկայացել դատավարության կողմերը` դատախազը, հանրային պաշտպանը: Զեկուցվեց, որ հանրային պաշտպանը տեղեկացրել է հիվանդ լինելու մասին: Դատախազի բացակայության պատճառը չնշվեց: Դահլիճում չէին նաև 2014թ. հուլիսի 12-ին Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի մոտ ծառայություն իրականացնող, այս գործով տուժողի կարգավիճակ ունեցող ոստիկանները:
- Տուժողներն ինչո՞ւ չեն ներկայացել,- կարգադրիչներին դիմեց դատավոր Արմեն Բեկթաշյանը:
- Տեղյակ չենք,- եղավ պատասխանը:
Դատարան չէին բերել նաև Հայկ Կյուրեղյանին: Վերջին նիստերից մեկի ժամանակ դատավոր Բեկթաշյանը պարզաբանեց հանրային պաշտպանին, որ Կյուրեղյանի նկատմամբ սանկցիան կիրառվել է 10 ժամով: Այսինքն` 10 ժամը վերաբերում է դատական նիստի ժամերին, որը դեռ չի լրացել:
Հիշեցնենք, որ Կյուրեղյանը մեղադրվում է ՔՕ 2 հոդվածներով` 316 և 258 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն և խուլիգանություն): Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի հունիսի 12-ին Շանթ Հարությունյանի և մյուս քաղաքացիների գործով դատավարությունից առաջ: Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դիմաց Կյուրեղյանը բարձրացել է դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրա, ապա «Մակարով» տեսակի օդամղիչ ատրճանակից մի քանի անգամ կրակել ոստիկանների ուղղությամբ: Իր քայլը Կյուրեղյանը մեկնաբանել է որպես բողոք` ուղղված քաղաքական դատավարությունների դեմ:
Կողմերի բացակայության պայմաններում դատավորը որոշում կայացրեց նիստը հետաձգել մինչև մարտի 27-ը:
Մեկնաբանել