HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ-ում բեկանվել է 21 տարվա վաղեմության դատավճիռ

Երբ կա կամք` վերանայելու դատական ճակատագրական սխալները 

ԱՄՆ Լեյք Քաունթրիի դատարանը երեկ բեկանել է 21 տարի առաջ կայացված մի դատավճիռ. ԴՆԹ թեստի արդյունքներով պարզվել է, որ 1994 թ. անչափահասի առևանգման ու բռնաբարության մեջ մեղադրված իսպանացի Անխել Գոնսալեսն անմեղ է: Իրեղեն ապացույցների վրա պահպանված սերմնահեղուկը չի պատկանում 40 տարվա ազատազրկման դատապարտված Գոնսալեսին: Այս մասին գրում է innocenceproject.org կայքը:

Ամեն ինչ սկսվել է 1994թ. հուլիսի 11-ին, երբ ոստիկանությունը եկել է 20-ամյա Անխել Գոնսալեսին բերման ենթարկելու: Պարզվել է, որ անչափահաս աղջիկը ոստիկաններին պատմել է դեպքի մանրամասները՝ նշելով, որ իրեն սեփական բնակարանից գիշերն առևանգել են երկուսը, իսկ պատուհանի տակ տեսել է սև «Կադիլակ»: Ոստիկանները պարզել են, որ այդ մեքենան Անխել Գոնսալեսինն է, ով ոստիկանությունում ցուցմունք է տվել, որ ընկերուհու հետ եղել է քրոջ տանը: Թեև նրա ընկերուհին ու քույրը ևս հաստատել են մեղադրյալի ալիբին, ևս 4 վկա պնդել է այդ ալիբին, իսկ տուժողի նկարագրած մարդկանց տվյալներն այնքան էլ չեն համընկել Գոնսալեսի տվյալների հետ, այդուհանդերձ, ամերիկյան դատարանը նրան մեղավոր է ճանաչել: Դատարանը դատավճռի հիմքում դրել է անգլերենով տված ինքնախոստովանական  ցուցմունքը, որի տակ կա մեղադրյալի ստորագրությունը: Սակայն, ինչպես 21 տարի անց է պարզվել, իսպանացի երիտասարդը բավարար չի տիրապետել անգլերենին, իսկ քննիչը անգլերենով ցուցմունք է գրել ու ստիպել տղային ստորագրել: Այս մասին դատարանին հայտնել են ոստիկանները: Հիմա ոստիկանության երկու աշխատակիցների, քննիչի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր:  

Գոնսալեսի փաստաբան Վանեսսա Փոթկինը դատարանում շեշտել է, որ այս և նման այլ դեպքերը ցույց են տալիս քննության ժամանակ անթույլատրելի գործողությունների կիրառման վտանգավորության աստիճանը: «Հետևանքն այն է, որ անմեղն է դատապարտվում, իսկ մեղավորները կարողանում են խուսափել պատժից: Այս դեպքերը ցույց են տալիս նաև ցուցմունքների անարժանահավատությունը»:

Անխել Գոնսալեսի քրեական գործով վերանայման վարույթ սկսել է դատախազությունը՝ համաձայնելով անցկացնել գենետիկական փորձաքննություն: Իրեղեն ապացույցների վրա պահպանված սերմնահեղուկը պատկանել է 2 տարբեր տղամարդկանց, բայց որևէ մեկը չի համապատասխանել 21 տարի պատիժը կրող դատապարտյալին:

Նշենք, որ 1994 թ. Անխել Գոնսալեսը եղել է 20 տարեկան, այսօր 41-ամյա տղամարդ է: Դատական ճակատագրական սխալը նրա կյանքից խլել է 21 տարի: Տանը նրան սպասում են մայրն ու երեք եղբայրները: Գոնսալեսը 327-րդ մարդն է, ով ԴՆԹ թեստի արդյունքներով ճանաչվել է անմեղ ԱՄՆ-ում:

Հայաստանում 20 տարվա վաղեմության գործերի վերաբացման նախադեպ դեռ չի եղել

Մեզանում դատաիրավական համակարգը համառորեն չի ուզում ընդունել, որ հնարավոր են դատական ճակատագրական սխալներ: Այնինչ, սխալվելու հավանականությունը ընդունում են հարյուրամյակների դատաիրավական համակարգի փորձ ունեցող պետություններում: Ընդունում են ու քայլեր են ձեռնարկում դրանք շտկելու ուղղությամբ: Այդ սխալները հատկապես ճակատագրական են երկարատև ու ցմահ ազատազրկման պարագայում:

«Հետքն» իր հրապարակումներում պարբերաբար անդրադառնում է 1990-ականներին քննված գործերին, որոնցով մարդիկ դատապարտվել են մահապատժի (2003 -ից ՀՀ նախագահի հրամանագրով` ցմահ ազատազրկման): Ցույց ենք տալիս, թե որքան թույլ է եղել ապացուցողական բազան՝ հաճախ առանց փորձաքննությունների, 1-2 ցուցմունք դնելով դատավճռի հիմքում: Գործեր կան, որտեղ հիմք է ընդունվել գործի ելքով շահագրգիռ անձի ցուցմունքը և այլն: Իսկ ամենակարևորը՝ պետությունը չի պահպանել իրեղեն ապացույցները, որոնց հիմքով կարելի լիներ այսօր ԴՆԹ թեստեր անցկացնել:

Ինչ վերաբերում է նոր երևան եկած հանգամանքներին, ապա գլխավոր դատախազությունն ու դատարանները «Հետքի» լուսաբանած երկու գործով մերժել են վերանայման վարույթ հարուցել:

 

 

 

Մեկնաբանություններ (1)

Լևոն Բաղդասարյան
Տառոսը Հայաստանում դատական սխալի արդյունքում դատապարտվածներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter