
Մոտ 20 տարի պատիժ կրող դատապարտյալների գործով բողոքները լսվեցին առանց իրենց
Լուսանկարում պատկերված ՀՀ երկու քաղաքացիները դատապարտվել են մահապատժի 1990-ականներին, երբ դեռ սաղմնավորման փուլում էին պետական բոլոր համակարգերը, այդ թվում՝ դատականը: Արցախյան պատերազմի մասնակից, 1995թ. իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեջ մեղադրված ու մահապատժի դատապարտված (2003թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով՝ ցմահ ազատազրկում) Սողոմոն Քոչարյանի (լուսանկարում՝ աջից) և 1997թ.՝ 19 տարեկանում 5 համածառայակիցների սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված Արթուր Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործերին «Հետքը» ծանոթացել է դատարանների կենտրոնական արխիվում:
Երկու քրեական գործերով էլ նախկին դատախազները 19 տարի անց բացահայտել են նախորդ դարի 90-ականներին քննված գործերով նոր հանգամանքներ: Սողոմոն Քոչարյանի գործով Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանն իր ինքնակենսագրականում հայտնել է, որ Սողոմոն Քոչարյանի մահվան դատավճռի պահանջը եղել է մեկ այլ պետության՝ Իրանի կողմից քաղաքական ճնշման հետևանք: Իսկ Արթուր Մկրտչյանի գործով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը 19 տարի անց հայտնել է օպերատիվ տեղեկություններ, որոնք քննության նյութ չեն դարձել 19 տարի առաջ:
Երկու դեպքերում էլ նախ «Հետքը», ապա Հայաստանի Հելսինկյան կոմիտեն՝ ի դեմս փաստաբան Ռոբերտ Ռևազյանի, դիմել են ՀՀ գլխավոր դատախազություն` նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման վարույթներ հարուցել 19 տարի անց՝ հիմք ընդունելով «Հետքի» լուսաբանումները:
Սակայն թե՛ Սողոմոն Քոչարյանի, թե՛ Արթուր Մկրտչյանի գործերով մերժվել է վերանայման վարույթի հարուցումը: Մերժումները բողոքարկվում են դատարանում:
Ըստ փաստաբանի` 19 տարի առաջ Սողոմոն Քոչարյանի գործով մեղադրանքը Գերագույն դատարանում պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանի գործունեության նկատմամբ տեղի է ունեցել միջամտություն, այսինքն՝ կատարվել է արդարադատության դեմ ուղղված հանցագործություն` նախատեսված Քրեական օրենսգրքի 332 հոդվածով (արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելը): Ուստի, փաստաբանը նաև դիմել էր ՀՔԾ քրեական գործ հարուցելու պահանջով: Սակայն, դարձյալ մերժում է ստացել, բողոքարկել նաև գլխավոր դատախազություն, ապա դատարան:
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նույն դատավորի՝ Արմեն Խաչատրյանի նախագահությամբ այսօր լսվեցին փաստաբան Ռոբերտ Ռևազյանի՝ երկու գործով բողոքները: Փաստաբանը ներկայացրեց իր վստահորդների ցանկությունը՝ ներկա գտնել նիստին ու արտահայտել իրենց դիրքորոշումը, սակայն դատավորը նշեց, որ բողոքի քննության կողմերը սահմանված են քրեական դատավարության օրենսգրքով: Բողոքի քննությանը ներկա Արթուր Մկրտչյանի ծնողները «Հետքին» փոխանցեցին, որ իրենց որդին դիմում էր գրել դատարան, որ ապահովվի իր մասնակցությունը:
- Արթուրին պիտի բերեին նիստին մասնակցելու, թե ինչու են վերջին պահին փոշմանել չենք կարող ասել,-նշեցին նրանք:
Բողոք՝ ցմահ բանտարկյալ Արթուր Մկրտչյանի գործով
Նոր երևան եկած հանգամանքներով վարույթ հարուցելու՝ զինդատախազության մերժման որոշման մեջ նշված է, որ Արթուր Մկրտչյանի ցուցմունքը դարձել է քննության նյութ, և դեպքից 19 տարի անց նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը նույնի մասին չի կարող դիտվել որպես նոր երևան եկած հանգամանք:
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը մեզ հետ հարցազրույցում նշել է. «Իմ մասնակցությունն այդ գործին եղել է 1997-ին, երբ Արթուրն արդեն դատապարտված էր: Նոր Հաճնի բնակիչները՝ ստորագրություններով ու դատապարտված զինվորի հարազատները դիմել էին ինձ, որպեսզի նոր վարույթ սկսվի այդ գործով: Այո՛, 1997թ. հանդիպել եմ Արթուր Մկրտչյանի հետ: Նա լրիվ տեղյակ էր դեպքին և պատմում էր երեք զինվորների սպանության մասին: Չեմ ուզում Ձեզ օպերատիվ տեղեկատվություն հայտնել, բայց դիրք եկած մարդիկ, ըստ էության, եկել էին Արթուր Մկրտչյանից զենք գնելու համար: Չեմ բացառում, որ միգուցե երկուսին սպանել են ուրիշները: Բայց այն, որ Արթուրը մեղավոր է երեք զինվորների սպանության մեջ, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում... Բարեբախտաբար, թե դժբախտաբար այդ դեպքի ժամանակ չեմ եղել զինվորական դատախազ, այդ դատավճռի հետ կապ չունեմ: Բայց վարույթ եմ հարուցել, օպերատիվ մարմիններին հանձնարարություններ տվել, գործի վերաբացման հիմքեր չենք գտել: Չեմ բացառում, որ հիմա կարող են դրանք ձեռքբերվել»:
Ցմահ բանտարկյալ Արթուր Մկրտչյանը 1996-ին նախաքննության ժամանակ խոշտանգումների հետևանքով նախ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա դատավարությունից սկսած՝ պնդել, որ անմեղ է, որ չի սպանել 5 համածառայակիցներին, որ նրանց սպանել են Կոթիի զորամասի դիրք եկած 3 անծանոթներ, ովքեր եկել էին զենք գնելու նպատակով:
Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը բողոքը պնդելով՝ նշեց. «Օպերատիվ տվյալները չեն դարձել քննության նյութ 1996-ին: Ավելին՝ դրանց մասին պաշտպանական կողմին հայտնի չի եղել»:
Զինդատախազության ներկայացուցիչ Վիգեն Հարությունյանը առարկեց՝ նշելով, որ բողոքն անհիմն է, իսկ զինդատախազության մերժումը՝ հիմնավոր:
Բողոք՝ ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի գործով
Սողոմոն Քոչարյանի գործով, ըստ բողոքաբեր Ռևազյանի, ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը չեն կատարել պատշաճ քննություն, այլ բավարարվել են միայն մեղադրող դատախազ Ժիրայր Խառատյանից, այն ժամանակվա գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանից, նաև «Դատախազը» գրքի հեղինակ Սամվել Խալաթյանից բացատրություններ վերցնելով: «Սակայն ամենակարևոր հարցը՝ բացատրագիր գրելու հարցը, քննության նյութ չի դարձել ՀՔԾ-ի կամ գլխավոր դատախազության համար: Չէ՞ որ մեղադրող դատախազը իր ինքնակենսագրականում և իր բացատրության մեջ նշել է, որ համաձայն չլինելով Սողոմոն Քոչարյանի համար միջնորդելիք պատժին՝ ինքը զեկուցագիր է գրել, որը կա դատախազական վարույթում»,- նշեց փաստաբան Ռևազյանը:
Սակայն գլխավոր դատախազության ներկայացուցիչը առարկեց, թե պետք է հիմք ընդունել մեղադրող դատախազ Խառատյանի բացատրությունը, ոչ թե անուղղակի ապացույցները՝ գիրքը, հարցազրույցը, հրապարակումը:
Դատարանն այսպիսով ավարտեց բողոքների լսումները՝ առանց ցմահ բանտարկյալներին լսելու: Որոշումները կհրապարակվեն մարտի 20-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել