HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ռիշար Կլայդերման. «Ամեն անգամ զարմանում եմ, երբ ինձ ասում են՝ հազարավոր մարդիկ են եկել համերգին»

Հայաստան է ժամանել ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը (Richard Clayderman): Սա դաշնակահարի առաջին այցն է Հայաստան: Նա հանդես է գալու երկու համերգով:

«Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ 40 տարվա երաժշտական կարիերայից հետո սա իմ առաջին այցն է Հայաստան, և ինձ նոր հանդիսատես է սպասվում: Հույս ունեմ, որ կկարողանամ կիսվել իմ հույզերով իմ երաժշտության և դաշնամուրի միջոցով», - ասում է ֆրանսիացի դաշնակահարը:

Չնայած Ռ. Կլայդերմանի առաջին համերգը Երևանում կապված չէ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ, սակայն երաժիշտը լրագրողների հետ հանդիպման ժամանակ կրծքին կրում էր Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ դարձած անմոռուկը: Դաշնակահարն իրեն համարում է «ընդամենը երաժշտության համեստ դեսպան» եւ համոզված է, որ ամենածանր իրավիճակներում անգամ երաժշտությունն ի զորու է մխիթարել մարդկանց:

«Հույս ունեմ, որ կկարողանամ բացահայտել ձեր երաժշտական ժառանգությունը, չնայած այստեղ մնալու եմ ընդամենը երեք օր: Կարծում եմ, որ ձեր երաժշտական ժառանգությունից նոր կտորներ կսովորեմ, որպեսզի կարողանամ հաջորդ համերգներին նվագել», - ասում է Ռ. Կլայդերմանը:

61-ամյա դաշնակահարի երգացանկը բազմազան է՝ դասական գործերից մինչև փոփ կատարումներ, էթնիկ երաժշտությունից մինչև ֆիլմերի համար գրված ստեղծագործություններ: Այդ ցանկում կան նաև հատվածներ Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետից:

Ռ. Կլայդերմանին համաշխարհային փառք և ճանաչում է բերել «Բալլադ Ադելինայի համար» (Ballade pour Adeline) կատարումը, որը նա ձայնագրել է 1976 թ.-ին: Ձայնասկավառակն ավելի քան 30 երկրներում վաճառվել է միլիոնավոր օրինակներով: Դրանից հետո սկսվում են համերգային շրջագայությունները, ավելանում են նոր ձայնագրությունների առաջարկությունները: Տարիների ընթացքում դաշնակահարը հայտնի է դառնում հատկապես իր ռոմանտիկ երաժշտության կատարումներով: Դրա շնորհիվ էլ նրան անվանում են «ռոմանսների արքայազն»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռ. Կլայդերմանը պատմում է, որ երբ նոր էր սկսում իր կարիերան, հույս ուներ, որ գուցե կկարողանա Ֆրանսիայում վաճառել մի քանի ձայնասկավառակ: Բայց շուտով իր կատարումները՝ դասականի և փոփի համադրմամբ, նրան համաշխարհային ճանաչում բերեցին:

«Ահա թե ինչպես սկսվեց պատմությունը, որը դեռ շարունակվում է, - ասում է ֆրանսիացի դաշնակահարը: - Ես կարծում եմ, որ բախտն ինձ իսկապես ժպտաց, որովհետև աշխարհում կան բազմաթիվ երաժիշտներ, որոնք հրաշալի են նվագում»:

Նրա հայտնի կատարումներից են Ballade pour Adeline, Love story, Ave Maria, Romeo and Juliet, Mariage D'Amour  եւ այլն:

«Կարծում եմ, որ այն երաժշտությունը, որը կատարում եմ, ներկայացնում է ինձ, իմ անձը: Դաշնամուրը և երաժշտությունը ստիպում են ինձ ասել, որ ես ինքս ռոմատիզմի մեջ եմ: Դա իմ տրամադրությունն է, իմ բնույթն է, իմ ապրելակերպը», - ասում է Ռ. Կլայդերմանը:

Վերջինս հաճախ է լսում, որ իրեն անվանում են աստղ, սակայն ինքն իրեն համարում է ընդամենը երաժիշտ: Կլայդերմանը խոստովանում է, որ շուրջ 40 տարի է ելույթ ունենում, բայց ամեն ելույթից առաջ հուզվում է:  

«Բոլոր էմոցիաները շատ ուժեղ են տարբեր երկրներում: Միշտ հուզիչ է տեսնել, որ հանդիսատեսը հուզվում է քո երաժշտությունից, - ասում է Ռ. Կլայդերմանը: - Ես ամեն անգամ զարմանում եմ, երբ ինձ ասում են՝ հազարվոր մարդիկ են եկել համերգին իմ երաժշտությունը լսելու»:

Քանի որ հայ հանդիսատեսն իր համար նոր է, դաշնակահարը հույս ունի, որ կկարողանա մի քանի ստեղծագործությունների միջոցով հուզել նրանց:

Նախքան իր կարիերան սկսելը, Ռ. Կլայդերմանը աշխատել է որպես նվագակցող, համագործակցել տարբեր երաժիշտների հետ: Բայց ափսոսում է, որ իրեն բախտ չի վիճակվել նվագակցել Շառլ Ազնավուրին, ում համարում է շանսոնի լավագույն վարպետը: Միաժամանակ, դաշնակահարը խոստովանում է, որ որոշ կապեր ունի  Փարիզի հայ երաժշիտների հետ, որոնք հրաշալի են նվագում: Այժմ էլ խանդավառված է, որ առիթ ունի Երևանում նվագել Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտների հետ: Դաշնակահարը խոստովանում է, որ արտիստի համար միշտ հետաքրքիր է բացահայտել նոր երկիր, և հույս ունի, որ այս այցը Հայաստան վերջինը չի լինի:

Ռիշար Կլայդերմանի համերգները տեղի են ունենալու մարտի 13-ին և 14-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter