
Դատախազը ներողություն է խնդրել 30 տարի պատիժ կրած անմեղ մարդուց
Միայն ուժեղ համակարգն է ունակ ընդունել սեփական սխալները
30 տարի ամերիկյան բանտում չկատարած հանցանքի համար պատիժ կրած Գլենն Ֆորդի գործով դատախազ Մարթի Սթրաուդը (լուսանկարում) երեկ ներողություն է խնդրել արդարացվածից ու նրա ընտանիքից: Այս մասին գրում է “The Times” պարբերականը:
«Ես ներողություն եմ խնդրում Գլենն Ֆորդից բոլոր այն տանջանքների համար, որ պատճառել եմ իրեն ու իր ընտանիքին: Ներողություն եմ խնդրում տուժողի ընտանիքից, ժյուրիի անդամներից, դատարանից: Իմ ակամա զոհը դարձել է Գլենն Ֆորդը»:
Գլենն Ֆորդի պատմությանը արտասահմանյան մամուլն անդրադարձավ մեկ տարի առաջ, երբ նա 64 տարեկանում ազատություն ստացավ:
Հիշեցնենք, որ 34-ամյա Ֆորդը 1984 թ.-ին դատապարտվել է մահապատժի՝ մեղադրվելով 1983 թ.-ին կատարված ոսկերչի ու ժամագործի սպանության, նաև` թալանի մեջ: Դատավճռի հիմքում եղել են վկաների ցուցմունքներ, ըստ որոնց` դեպքի օրը՝ 1983 թ. նոյեմբերի 5-ին, Գլեննին տեսել են տեղանքում: Իսկ նա բանվորություն անելիս է եղել սպանված ոսկերչի մոտ: Այդ ցուցմունքների հիմքով հայտարարված հետախուզման ժամանակ Գլենն ինքն է ներկայացել ոստիկանություն, աջակցել քննությանը, սակայն երբեք չի ընդունել, որ ինքն է կատարել սպանություններն ու թալանը:
Նա 30 տարի նա ժխտել է իր մասնակցությունը սպանությանը` պնդելով, որ անմեղ է: Այս տարիներին Ֆորդը բազմաթիվ անգամ բողոքարկել է մեղադրական դատավճիռը, սակայն անարդյունք: Պայքարը, ինչպես լրագրողներին հայտնել են Գլեննի երկու փաստաբանները, տևել է 10 տարի: Նրանց հաջողվել է գտնել ապացույցներ, ըստ որոնց` իրենց պաշտպանյալը չի գտնվել դեպքի վայրում, և որ դատավարությունն ընթացել է խախտումներով ու կեղծիքներով: Դրանցից մեկն այն է, որ Գլենն Ֆորդը 30 տարի առաջ դատավարության ժամանակ չի ունեցել բավարար պաշտպանություն: Նրան տրամադրվել է պաշտպան, ով մասնագիտացած է եղել քաղաքացիական գործերում: Տարիներ անց այդ փաստաբանը խոստովանել է, որ ոստիկաններն են իրեն օգնել հավաքել անհրաժեշտ ցուցմունքներ, որպեսզի ապացուցեն Ֆորդի մեղքը: Իսկ տարիներ անց գործի վերաբացմանն օգնել է նաև դատախազությունը՝ գտնելով նոր հանգամանքներ:
«1984 թ.-ին ես 33 տարեկան էի, ինքնահավան ու գոռոզ: Ես շահագրգռված չէի, որ արդարությունը հաղթի, ես շահագրգրռված էի իմ հաղթանակով»,- երեկ հայտարարել է դատախազ Մարթի Սթրաուդը:
Հենց դատախազ Մարթի Սթրաուդի բացահայտումներն էլ հիմք են դարձել Ֆորդի արդարացման համար: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
«Որպես դատախազ ես պարտավոր էի բացահայտել նաև Գլենն Ֆորդի անմեղության մասին վկայող ապացույցները, որոնց մասին ես տեղեկացված էի: Ես չեմ լսել այս գործով մեղավորների այլ շրջանակի մասին վկայությունները, հետևանքն այն է եղել, որ մյուսները ազատ են արձակվել ապացույցների անբավարարության հիմքով: Իմ անգործությունը բերել է դատական սխալի կայացման: Ես մտածում էի, որ հենց Գլենն Ֆորդն է մեղավոր, և ոչ մի ջանք չեմ ներդրել, որ ստուգեմ սպանության այլ վարկածներ: Իմ լռությունը դատարանում բերել է անմեղ մարդու դատապարտման»:
Լուսանկարներում՝ Ֆորդը՝ 34 և 65 տարեկանում
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել