HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Բոբ Դիլըն. «Knockin’ on Heaven’s Door»

1972թ. ռեժիսոր Սեմ Փեկինպան ամերիկացի երգիչ, երգահան Բոբ Դիլընին առաջարկեց աշխատել միասին իր  «Փեթ Գերեթ և Բիլլի Քիդ» ֆիլմի վրա: Երբ ռեժիսորն առաջին անգամ լսեց Դիլընի գործերից մի քանիսը, որոշեց, որ վեսթերն ժանրում նկարահանվող ֆիլմի երաժշտության հեղինակը ինքը պետք է լինի: Եվ ոչ միայն. Դիլընն այդ ֆիլմում նաև մարմնավորեց հերոսներից մեկին՝ Էլիասին: Սա կինոյում նրա առաջին քայլերից մեկն էր: Սակայն ֆիլմը մեծ նշանակություն պետք է ունենար արտիստի կյանքում ոչ թե դերասանական, այլ երաժշտության մասով:

Դիլընը ստեղծեց ֆիլմի սաունդթրեքը, որը 1973թ-ից՝ ֆիլմի լույս աշխարհ գալուց հետո, հանդիսատեսի մտքում պետք է տպավորվեր մի գեղեցիկ երգով՝ «Knockin’ on Heaven’s Door»-ով: Երգը դարձավ Դիլընի ամենահայտնի գործերից մեկը, որը, շնորհիվ իր համընդհանուր ճանաչման, ժամանակի ընթացքում վերածվեց դասական գործի: Այս հարցում, անշուշտ, իրենց ներդրումն ունեցան նաև հայտնի երաժիշտների  բազմաթիվ կատարումները:

Որպես սինգլ  Billboard Hot 100 –ում այն հասավ 12-րդ հորիզոնականին, ժամանակի ընթացքում այն մեգահիթ ճանաչվեց և համարվում է բոլոր ժամանակների լավագույն երգերից մեկը: Բացի այդ՝ Western Writers of America  այսպես ասած գրողների միության անդամներն այն ընդգրկել են 100 լավագույն վեսթերն երգերի շարքում՝ 34-րդ տեղում:

Ֆիլմում «Knockin’ on Heaven’s Door» -ը հնչում է մի էպիզոդում, երբ շերիֆի օգնական  Քոլին Բեյքերը մահանում է: Երգի տեքտն այնպիսին է՝ ասես կատարվում է երկնքի դռներն արդեն թակող հերոսի անունից՝

«Mama, take this badge off me,
I can’t use it anymore
It’s getting dark, too dark to see,
Feel I’m knockin’ on heaven’s door…
» 

Բոբ Դիլըն՝ երգիչ, երգահան, դերասան, նկարիչ, գրող: Արտիստ, ում համարում են ժամանակակից երաժշտության հիմնաքարերից մեկը: Նա, սկսած 60-ականներից մինչ այսօր, պտտում է երաժշտության անիվը՝ ձևավորելով սերունդներ, մտածողություն և ուղղություն: Լրագրողական միջավայրում ընդունված էր նրան «իր սերնդի խոսնակը» անվանել, քանի որ ամենաազդեցիկ երաժիշտներից մեկն էր: Դեռևս 60-ականներին ստեղծված «Blowin' in the Wind» և «The Times They Are a-Changin» երգերը ԱՄՆ-ում հնչում էին իբրև հիմն՝ հակապատերազմական և քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար ծնված շարժումների համար: Իսկ «Knockin’ on Heaven’s Door» երգը առավել ընդլայնեց նրա ճանաչման սահմաններն ու երկրպագուների բանակը:  Ժամանակ առ ժամանակ երգը կատարելիս, Դիլընը փոփոխություններ էր անում տեքստում. այդպես արել են նաև մի քանի այլ երգիչներ իրենց քավըր կատարումների ժամանակ:

1996թ. շոտլանդացի երգիչ Թեդ Քրիստոֆերին Դիլընը անձամբ երգի բառերը փոփոխության ենթարկելու համաձայնություն տվեց: Այս անգամ «Knockin’ on Heaven’s Door» –ը պետք է նվիրվեր Դանբլեյն քաղաքի դպրոցներից մեկում մասսայական սպանության զոհ դարձած աշակերտների և իրենց ուսուցչուհու հիշատակին: Սա նաև բացառիկ դեպքերից էր, երբ արտիստը համաձայնում էր թույլ տալ իր գործերում ավելացնել կամ փոխել որևէ բան: Քրիստոֆերի կատարումը Մեծ Բրիտանիայում գրավեց երաժշտական գլխավոր հորիզոնականները: Երգի այս տարբերակում  ներգրավված էին նաև մանկական երգչախումբ և հայտնի կիթառահար, երաժիշտ, երգիչ Մարկ Նոփֆլերը: Վերջինս նաև Դիլընի 1983թ. թողարկված «Infidels» ալբոմի պրոդյուսերն էր:

Բազմաթիվ են «Knockin’ on Heaven’s Door» –ի կատարողները, նրանց անուններն իսկական աստղաբույլ են հիշեցնում: Բոբ Մառլի, Արետա Ֆրենկլին, Ռոջեր Ուոթերս, Էրիկ Քլեփթոն (ռեգգի ոճում), Ռենդի Քրոֆորդ, «U2, «Guns N’ Roses, Բեյբիֆեյս, Ավրիլ Լավին և ուրիշներ. նրանք նաև ձայնագրություններ են թողարկել, սակայն հայտնիների մեկ այլ խումբ էլ գոյություն ունի, ովքեր թեև չեն ձայնագրվել, այնուամենայնիվ, իրենց համերգային շրջագայությունների ժամանակ կատարել են երգը: Այստեղ արդեն ամենահայտնի քավըրներ են Բրյուս Սփրինգսթինի, Ֆիլ Քոլինզի և «Bon Jovi»-ի կատարումները:

Դրանք մեկը մյուսից տարբեր են, ինչպես իրենք՝ երգիչները, բայց ամեն մեկն աշխատել է հնարավորինս շատ չհեռանալ նաև դիլանյան տարածքից: Թերևս քիչ թե շատ սեփական ոճին խառնել են «Guns N’ Roses»-ը, Բոբ Մառլին, Ռենդի Քրոֆորդը, մի քիչ էլ՝ Ռոջեր Ուոթերսը, որոնց կատարումները նաև ինչ-որ չափով նոր մեկնաբանություններ են:

Հենց այս երգի անունով է կոչվում 1997թ. նկարահանված «Knockin’ on Heaven’s Door» գերմանական ֆիլմը, որտեղ հնչում է մեկ այլ քավըր տարբերակ՝ գերմանական «Selig»  խմբի կատարմամբ: Սակայն պետք է նշենք նաև մի կարևոր հանգամանք. շատ-շատերի կարծիքով` Դիլընի  «Knockin’ on Heaven’s Door» –ն իրականում մեծ նմանություն ունի  կանադացի ռոք երգիչ, երգահան Նիլ Յանգի «Helpless» երգին, որը ձայնագրվել էր 1969թ.: Ազդվե՞լ է արդյոք Դիլընը այս երգից, օգտվե՞լ էր նրանից, թե ոչ․ տեղեկությունները քոմենթների մակարդակում են: Երգերն իսկապես նման են` տեղ-տեղ գրեթե կրկնելու տպավորությամբ: Համենայնդեպս ժամանակը տարածության մեջ ամենաերկար ուղին վերապահել էր ամենևին էլ ոչ «Helpless» –ի համար: