
Ազգային ժողովը դատապարտում է հույների ու ասորիների ցեղասպանությունը
Ազգային ժողովը քննարկում է «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը, որին միացել են ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նախագիծը ներկայացրեց ԱԺ փոխխոսնակ, ծագումով հույն Էդուարդ Շարմազանովը: Նախագծում նշված է, որ «արձանագրելով հայ, հույն եւ ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, ԱԺ դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների եւ ասորիների ցեղասպանությունը»:
Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նախագծի հիմնավորումները, ըստ որի` 1948թ. ՄԱԿ-ը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, որում հստակ նշված են այն չափանիշները, որոնց համաձայն իրականացվող քաղաքականությունը որակավորվում է որպես ցեղասպանություն:
Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչվել է Շվեդիայի խորհրդարանի կողմից 2010թ. մարտի 11-ի հատուկ բանաձևով: Հույների ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել են Հունաստանը և Կիպրոսը, ընդ որում Հունաստանի խորհրդարանը 1994թ. ճանաչել էր Պոնտոսի հույների ցեղասպանությունը, իսկ 1998թ. Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունը:
Ըստ նախագծի` ընդհանուր առմամբ Օսմանյան Թուրքիայում հույների ցեղասպանության զոհ դարձան 1.000.000 - 1.100.000 մարդ, որոնք կամ սպանվեցին կամ տեղահանվեցին: Ըստ ասորական պատրիարքարանի տվյալների՝ ոչնչացվել է շուրջ 250.000 – 300.000 ասորի:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը առաջարկեց նախագծի վերնագիրը երկարացնել և ավելացնել նաև Ռուանդայի, Կամբոջայի, Դարֆուրի, Իրաքում եզդիների ցեղասպանությունը:
Զեկուցող Էդ. Շարմազանովն ասաց, որ դեմ չէ մարդկության դեմ իրագործված այլ որճրագործությունների դատապարտմանը, սակայն այս նախագծում նպատակահարմար չէ ներառել այլ ցեղասպանությունները դատապարտող հայտարարություններ: Նա կոչ արեց այլ հայտարարությունները չխառնել այս տեքսին և հանդես գալ առանձին նախաձեռնությամբ:
Գրեթե նույն պատասխանը տվեց նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, որը վերաբերում էր եզդիների ցեղասպանությանը: Այս դեպքում Շարմազանովն ասաց, որ եզդիները զրկված չեն՝ բերել հիմնավորումներ, ինչի արդյունքում էլ ԱԺ-ն կընդունի առանձին հայտարարություն: Էդ. Շարմազանովն ասաց, որ այստեղ պետք չէ շտապողականություն դրսևորել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել եզդիական համայնքի հետ, որպեսզի այս քառօրյայից հետո ևս մեկ անգամ քննարկեն հարցը, և եթե անհրաժեշտություն լինի՝ ձևավորեն պատմաբաններից բաղկացած խումբ և քննարկեն հարցը:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ առաջարկեց հույներ, ասորիներ անունները գրել մեծատառով, իսկ որպես ընդգծված վերաբերմունք փոքրատառով գրել Օսմանյան բառը:
Էդվարդ Շարմազանովն ասաց, որ ինքը ոչ թե ձևի, այլ բովանդակության կողմնակից է և պետք չէ իջնել ցածր մակարդակի: Բացի այդ, նշեց, որ իրենք ամենազոր չեն, որպեսզի միջամտեն հայոց ուղղագրությանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել