
Վերաքննիչ դատարանը Վարդան Պետրոսյանի գործով բողոքները կլսի 20 օր անց
Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ քրեական դատարանի նիստն սկսվեց Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ ու կարճ ժամանակ անց հետաձգվեց մինչև ապրիլի 21-ը: Վերաքննիչ երկու բողոքներն այսօր չլսվեցին. պաշտպանական կողմը 20 օր ժամանակ խնդրեց, որպեսզի Վարդան Պետրոսյանի մյուս փաստաբանները նույնպես կարողանան իրենց դիքորոշումները հայտնել:
Դատավարությանը ներկա փաստաբաններ Ռուբեն Ջաղինյանն ու Նիկոլայ Բաղդասարյանը նշեցին, որ Ֆրանսիայում ապրող մյուս երկու փաստաբանները չեն տիրապետում հայերեն գրավոր ու բանավոր լեզվին, ուստի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի դատախազի ու տուժողների ներկայացուցչի բողոքները թարգմանվեն ֆրանսերեն: Դատախազ Արթուր Սարգսյանն ու տուժողների ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը չառարկեցին:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի կայացրած դատավճռով Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով 2013 թ.-ի հոկտեմբերի 20-ին Երևան- Եղվարդ ավտոճանապարհի վրա տեղի ունեցած վթարի մեջ:
Դատախազը, բողոք բերելով Վերաքննիչ դատարան, միջնորդել է մասնակիորեն` պատժաչափի մասով բեկանել և փոփոխել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ավելի խիստ պատիժ:
Ռուբեն Բալոյանը ևս միջնորդել է բեկանել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը` ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատժի մասով և նրա նկատմամբ նշանակել պատիժ` ազատազրկում նվազագույնը 6 տարի ժամկետով: Տուժող կողմը նաև միջնորդել է բեկանել դատավճիռը լրացուցիչ պատժի մասով և նրան տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկել 3 տարի ժամկետով, ինչպես նաև բեկանել դատավճիռը հայցի մասով, ամբողջությամբ բավարարել տուժող Տաթևիկ Հակոբյանի առողջությանը պատճառված վնասի մասով ներկայացված հայցապահանջը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում
Մեկնաբանել