Հրապարակում մեր դատավորների ու դատախազների համար
30 տարի բանտում՝ չկատարած հանցանքի համար

| Էնթոնի Ռեյ Հինթոնը 1985-ին |
Հինթոնի պաշտպանը երեկ լրագրողներին հայտնել է, որ իր պաշտպանյալը ժամանակին չի կարողացել լավ պաշտպանվել, քանի որ եղել է աղքատ: «Ամեն օր, ամեն ամիս ու տարի պետությունն իմ պաշտպանյալից խլել է այն, ինչ չի կարող այժմ վերադարձնել»,- ասել է Հինթոնի փաստաբանը:
30 տարվա ընդմիջումից հետո Բիրմինգեմի բանտից դուրս գալով՝ անմեղ ճանաչված մարդը գրկել է իր հարազատներին՝ բացականչելով. «Շնորհակալություն, Հիսո՛ւս… միակ բանը, որ նրանք պիտի անեին՝ զենքերը ստուգելն էր… ես երեսուն տարի ապրել եմ վախով, որ ինձ մահապատժի կդատապարտեն մի բանի համար, որ ես չեմ արել: Այն մարդիկ, ովքեր մասնակցություն ունեն ինձ մահապատժի դատապարտվածների խուց ուղարկելու գործում, պատասխան են տալու Աստծո առաջ»:

| Ազատության առաջին րոպեները |
Ազատություն վերադարձած Հինթոնն ասել է, որ կշարունակի աղոթել տուժողների համար՝ արդարության հաղթանակը համարելով նաև տուժողների հարազատներինը, քանի որ նրանք նույնպես տուժել են դատական սխալի հետևանքով: Ազատության առաջին րոպեները
Նման պատմությունները դատաիրավական համակարգի կատարելագործման նշան են
Հինթոնի պատմությունը միակը չէ: Մենք պարբերաբար ենք լսում, որ 10, 20, 30 տարի անց զարգացած դատաիրավական համակարգ ունեցող երկրներում քրեական գործեր են վերաբացվում: ԱՄՆ-ում միայն ԴՆԹ փորձաքննությամբ 327 նման դեպք է գրանցվել մինչ օրս: Միգուցե մենք՝ բոլորս, հանգիստ ենք արտասանում «10, 20, 30 տարվա ազատազրկում» արտահայտությունը, բայց դա մի ամբողջ կյանք է, մանավանդ, երբ խոսքը չկատարած հանցանքի մասին է: Դատական սխալները հատկապես ճակատագրական են, երբ խոսքը վերաբերում է մահապատժին, ցմահ ու երկարատև ազատազրկմանը:
Ուսումնասիրելով այս պատմությունները՝ նկատում ենք, որ գործերի վերաբացման համար կարևոր դեր են խաղում պետության կողմից պահպանված իրեղեն ապացույցները, դրանց կրկնակի փորձաքննությունները գիտության զարգացման շնորհիվ ու նոր տեխնոլոգիաներով: Հաճախ արդարացման դատավճիռները կայացվում են ապացույցների անբավարարության հիմքով:
Չբացառելով դատական սխալի հավանականությունը՝ անգամ դատաիրավական համակարգի 100-ամյակների փորձ ունեցող պետություններում կամք են ցուցաբերում պետական համապատասխան մարմինները՝ վերաբացելով հին քրեական գործեր: Անգամ դատավորներն ու դատախազները ներողություն են խնդրում սխալի համար:
Հայաստանում կամք չկա անդրադառնալու հնարավոր դատական սխալներին
Հայաստանում դեռ մի քանի տարի առաջ ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները բացառում էին, որ հնարավոր է՝ բանտում անմեղ մարդ լինի: Մեր վերջին հարցազրույցները ոլորտի պատասխանատուների հետ վկայում են այն մասին, որ նրանք արդեն չեն բացառում, որ ազատազրկման վայրերում կարող են լինել նաև անմեղ դատապարտյալներ: Սա հսկայական առաջընթաց է: Հաջորդ քայլը, կարծում ենք, գործերի վերաբացման հնարավորություն տալն է, որը դեռ համառորեն չեն անում ՀՀ գլխավոր դատախազությունն ու Վճռաբեկ դատարանը: «Հետքի» լուսաբանած երկու գործերով գլխավոր դատախազությունը մերժել է վերանայման վարույթ սկսել:
«Հետքն» իր հրապարակումներում պարբերաբար անդրադառնում է 1990-ականներին քննված գործերին, որոնցով մարդիկ դատապարտվել են մահապատժի (2003 -ից ՀՀ նախագահի հրամանագրով` ցմահ ազատազրկման): 11 գործ ուսումնասիրելով դատարանների արխիվում՝ ցույց ենք տվել, թե որքան թույլ է եղել ապացուցողական բազան՝ հաճախ առանց փորձաքննությունների (անգամ 1996թ. գործով մատնադրոշմային փորձաքննություն արված չէ), 1-2 ցուցմունք դնելով դատավճռի հիմքում: Գործեր կան, որտեղ հիմք է ընդունվել գործի ելքով շահագրգիռ անձի ցուցմունքը և այլն: Իսկ ամենակարևորը՝ պետությունը չի պահպանել իրեղեն ապացույցները, որոնց հիմքով կարելի լիներ այսօր ԴՆԹ թեստեր անցկացնել: Մեր առաջարկով իրեղեն ապացույցների պահպանման դրույթը երկու տարի առաջ թեպետ ներառվել է Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում, բայց քանի դեռ այն օրենքի ուժ չի ստացել, մեր պետությունը շարունակում է ոչնչացնել իրեղեն ապացույցները դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Իսկ դրանք որքան անմեղների կարող էին փրկել սխալ դատապարտումից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել