
Վարդան Հակոբյան. «Խաղաղ անհնազանդությունը շփոթել են զանգվածային անկարգությունների հետ»
«Հիմնադիր խորհրդարանի» կենտրոնական գրասենյակում ավարտվել է մոտ 7 ժամ տևած խուզարկությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էին «Հիմնադիր խորհրդարանից», խուզարկությունը սկսվել է առավոտյան 6:30: Այս պահին բեռնատարի մեջ են տեղափոխվում գրասենյակից առգրավված իրերը: Նշենք, որ խուզարկության ողջ ընթացքում փակված էին մնացել նաև գրասենյակում գիշերող հերթապահները, նրանց հետ` նաև մեկ անչափահաս:
Մինչ խուզարկության ավարտը «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Գագիկ Սարուխանյանը իր մոտ եղած բանալիով բացեց գրասենյակի դուռը, որտեղ քաղաքացիական հագուստով մի անձ ցույց տվեց վկայականը:
- Ցույց տվեք դատական որոշումը, որով խուզարկություն անելու թույլտվություն ունեք,- պահանջեց Սարուխանյանը:
- Քննիչը կիջնի, կներկայացնի,-պատասխանեց վկայական ցույց տված անձը ու դուռը նորից նեսից փակեց:
«Եթե նույնիսկ իշխանությունը հավաք արտոնի Արագած լեռան փեշին, միևնույն է՝ իշխանափոխություն լինելու է: Իշխանությունները, իրոք, գիտեն՝ ինչ ճաշ են եփել՝ արտագաղթ, սոցիալական վատ վիճակ: Միանշանակ այս իշխանության վերջը եկել է»,- ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը նշեց. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ իշխանությունը փնտրում է թիրախներ: Բայց պետք է գիտակցի, որ մարդկանց մեկուսացնելով` ժողովրդական շարժումը չի կարող կանգնեցնել: Սա վատագույնն էր, որ կարող էր իշխանությունն անել: Ոչ մեկի համար էլ սա անսպասելի չէր՝ դատելով Բերձորի, Գյումրիի սադրիչ գործողությունների մեթոդաբանությունից: Խաղաղ անհնազանդությունը շփոթել են զանգվածային անկարգությունների հետ: Ժողովրդի ցասումն են ուզում, կունենան»:
Քիչ առաջ գրասենյակի մոտ եկած «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանը «Հետքին» փոխանցեց, որ վաղ առավոտյան` ժամը՝ 6:30-ի մոտ, ԱԱԾ մոտ 10 աշխատակից խուզարկության դատական որոշում ներկայացնելով` խուզարկության են եկել իրենց բնակարան. «10 հոգով մտան մեր տուն, 10 հոգի էլ ներքևում էին, մեկը ներկայացավ միայն: Իմացա, որ ԱԱԾ-ից էին: Ասացի` մինչև փաստաբանս՝ Տիգրան Հայրապետյանը, չգա, ոչ մի խուզարկություն մի արեք: Փաստաբանի ու երկու ընթերակայի հետ խուզարկել են մեր տունը, զենք-զինամթերք էին երևի փնտրում, չկար»,- պատմեց Կարո Եղնուկյանը:
Նա նշեց, որ խուզարկություն անողներն առգրավել են 3 համակարգիչ, Բերձորի դեպքերի կադրերով չիպերը, «Հիմնադիր խորհրդարան»-ի բուկլետներն ու թռուցիկները, խտասկավառակներ. «Մոտ 680 հատ բուկլետ ու թռուցիկ հաշվեցին, տարան: Տարան նաև այնպիսի իրեր, որոնք առհասարակ «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ կապ չունեն, օրինակ՝ ԱԻՄ-ի պատմության վերաբերյալ սկավառակներ: Հետո տարան Նալբանդյանի փողոցի վրա, քննչական բաժին»:
Այնտեղ առգրավել են գումար, ժամացույց, մատանի, թղթեր: Ասել են, որ ինքը վկայի կարգավիճակ ունի ու առաջարկել են ցուցմունք տալ կասկածյալի իրավունքներով: «Ինձ համար դա տարօրինակ էր, ու ես հրաժարվեցի ցուցմունք տալ: Կարճ ժամանակ անց ասացին, որ ազատ եմ, բայց ինձ պատկանող որևէ իր չեն վերադարձրել: Իրենք գնում էին ձերբակալման, վերջին րոպեին կարծես փոշմանեցին»,- ասաց Եղնուկյանը:
Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանի կարծիքով` իշխանությունը լավ ուսումնասիրել է հանրույթների վարքը: «Փոքրաթիվ պայքարող խմբեր են, որոնց հարցերը կարելի է լուծել:Այսպիսի բռնություններից հետո մեծ հանրային ալիք չի լինում: Միևնույն ժամանակ «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսը չէր ընդունվում շատերի կողմից, դա էլ առիթ էր պայքարող մի խմբի հարցերը ևս լուծել»,- ասաց Զառա Հովհաննիսյանը, ում կարծիքով՝ ելքը ակտիվ երիտասարդների մեջ է:
Ծրագրավորող Գուրգեն Մարտիրոսյանը նշում է, որ «Հիմնադիր խորհրդարան»-ում լիդերներ չկան, և դա լավ է. «Եթե ձերբակալեն տասին, 20-ը կգան նրանց փոխարեն: Ես ընտանիքներ գիտեմ, որ Ժիրայր Սեֆիլյանի կոչից հետո արտերկրից եկել են Հայաստան: Նման քայլերից հետո, վստահ եմ, էլ ավելի շատ սփյուռքահայեր կգան»,- կարծում է Գուրգեն Մարտիրոսյանը:
Բնապահպան Լևոն Գալստյանի համար սպասելի էին ձերբակալությունները. «Նույն սցենարն է, ինչ-որ Շանթ Հարությունյանի ու մյուսների հետ կապված: Ժողովուրդը պիտի մոբիլիզացվի, այլ ելք չկա»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից բեման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի մի շարք անդամներ, կատարվում են խուզարկություններ: ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելու) հանցագործության նախապատրաստության կասկածանքով ձերբակալվել են Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել