
«Խնդրում եմ` Ձեր հրապարակման վերնագիրը դրեք` «Բանդայից» տուժածները»
«Հետքը» շարունակում է հետևել Անահիտ Մարգարյան- Վարուժան Մարգարյան- Նաիրա Ասատրյան ընտանեկան եռյակի (առաջին երկու անձինք քույր ու եղբայր են, Նաիրան Վարուժանի կինն է) գործողություններից տուժած քաղաքացիների պատմությանը: Ամուսինները անշարժ գույքի գրավադրմամբ պարտքով գումար տրամադրելու պայմանագրեր են կնքում: Ըստ քաղաքացիների վկայությունների, եռյակը միլիոններ է տոկոսով պարտք տալիս` ամսական 5 տոկոսով մայրաքաղաքում, 10 տոկոսով` մարզերում: Սակայն երբ քաղաքացիները չեն կարողանում վճարել տոկոսները, գումարի բռնագանձման հայցերով ամուսինները մտնում են դատարան ու շահում գործերը: Նրանց անունով գրավադրված 2 տասնյակից անցնող բնակարաններ կան: Քաղաքացիների բոլոր բողոքները ուղղված գլխավոր դատախազությանն ու ոստիկանությանը արդյունք չեն տալիս, քրեական գործեր չեն հարուցվում հանցակազմի բացակայության հիմքով:
«Հետքի» «Աղքատության նպաստ ստացողը գույքի գրավադրմամբ միլիոններ է պարտք տալիս» հոդվածի հրապարակումից հետո, նույն ամուսիններից նույն ձեռագրով` պարտքով, գույքի գրավադրմամբ գումար վերցրած քաղաքացիներ արձագանքեցին:
Արմեն Պապոյանի պատմությունը
Նույն անձանցից գումար վերցրած Երևանի բնակիչ Արմեն Պապոյանն ասաց, որ «Հետքի» հրապարակումից հետո իրեն է զանգահարել Անահիտ Մարգարյանը. «7-8 ամիս կլիներ ոչ մի զանգ չէր եղել իրենցից: Անահիտը ասում էր, որ իրեն տունը պետք չի, ուզում էր հաշտության գալ: Բայց այսօր արդեն պիտի ԴԱՀԿ-ում որոշեն, թե ում է գնում տունը: 99 տոկոսով այն գնալու է Նաիրա Ասատրյանին, ում անունով կնքվել էր գրավի պայմանագիրը` այսինքն` Անահիտի հարսին»,-ասաց Արմեն Պապոյանը, ով Սերգեյ անունով անշարժ գույքի մի գործակալի միջոցով է ծանոթացել պարտքով գումար տվող Անահիտ ու Վարուժան Մարգարյանների հետ:
2011 թ-ին Արմեն Պապոյանի կինը, քենին ու զոքանչը իրենց բնակարանի գրավադրմամբ կնքել են փոխառության պայմանագիր, որը վավերացվել է Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից: «Գումարը ինձ պետք էր մի շաբաթով, բայց Նաիրա Ասատրյանը ասաց, որ 3 ամսով պիտի անի: Կողքի նոտարն ազատ էր, բայց չմտանք էնտեղ, ասացին, որ Նունե Սարգսյանի մոտ պիտի պայմանագիրը կնքենք: 1000 դոլար առաջին ամսվա տոկոսը վերցրեցին, 1000 դոլար էլ միջնորդավճար: Բայց էդ ժամանակ դեռ չգիտեի, որ Անահիտն ու Վարուժանը քույր ու եղբայր են, իսկ Նաիրան Վարուժանի կինն է»:
Կարինե Նազարյանի պատմությունը
Նույն գործակալի միջոցով նույն ընտանեկան եռյակին գտել է Երևանի բնակչուհի Կարինե Նազարյանի ընտանիքը: Գալով «Հետքի» խմբագրություն տիկին Կարինեն պատմեց, թե ինչպես է գումար վերցրել Վարուժան Մարգարյանից թոռնիկի առողջական խնդիրները լուծելու համար:
«Վարուժանն ու Անահիտը եկան մեր տուն: Հետո պարզեցինք, որ քույր ու եղբայր են: Գնորդի աչքով նայեցին տունը: Փող էին տալիս, թե տուն էին առնելու, անհասկանալի մնաց: Հետո գրավադրման պայմանագիրը կնքեցինք Կենտրոն նոտարական բաժնում՝ Բաղրամյանի փողոցի վրա` նոտար Նունե Սարգսյանի մոտ: 20.000 դոլար տվեցին, բայց պայմանագրում գրեցին 29.000 դոլար, մեկ տարվա տոկոս էին գումարել: Ամեն ամիս տանում էինք 700 դոլար տոկոս էինք տալիս, բայց ոչ մի տեղ չի երևում, որ փողը տոկոսով են տալիս»,- պատմեց Կարինե Նազարյանը, ով քրոջ` Աննա Նազարյանի հետ է վեցրել գումարը` Կարինեի գույքի գրավադրմամբ: Վերջում 2 մլն դրամ գումար են տվել Կարինե Նազարյանի քրոջը, ինչի պատճառով այսօր Կարինե Նազարյանի բնակարանի բաժնեմասի բռնագանձման պահանջով գործ կա դատարանում:
Կարինե Նազարյանը Աջափնյակի ոստիկանությունում դիմում է գրել, բայց քրեական գործի հարուցումը մերժվել է: «Խնդրում եմ` Ձեր հրապարակման վերնագիրը դրեք` «Բանդայից» տուժածները»: «Բանդայի» ղեկավարը Անահիտն է, կանայք են էդ տանը հարցեր լուծում: Իր տան մոտ Անահիտը բարձր գոռում էր` քավոր ունեմ, աչքդ կհանեմ, Արաբկիրում միլպետ ա»,-ասաց Կարինե Նազարյանը:
Արամ Խաչատրյանի պատմությունը
Արամ Խաչատրյանը ապրում է Չարենցավանում: Գումարի խնդիր ունենալով` հետաքրքրվել ու իմացել է, որ Չարենցավանում մարդիկ կան, ովքեր տոկոսով գումար են տալիս: «Եկավ Անահիտ Մարգարյանը, նայեց տունը: Առաջարկեցին, որ գնանք Երևան: Ասացի` գնանք Չարենցավանի նոտարիատ, պնդեցին, որ Երևան` Կենտրոնի բաժին պիտի գնանք: Պայմանագրում ավելի շատ գումար գրեցին, հանգիստ բացատրեցին, որ դա իրենց ապահովագրության համար ա: Ասեցին, որ ռայոնի տուն ա, 10 տոկոսով տվեցին գումարը: Նաիրա Ասատրյանին էլ միջնորդավճար տվեցինք: Տոկոսները տալիս էի «Հայաստան» հանրախանութի մոտ: Մտքովս էլ չէր անցնում, որ ստացական վերցնեմ: Ոչ մեկին չեմ մեղադրում, մենք մեր խելքի պատճառով ենք տուժել: Անխեր գումար ա, կորավ բիզնեսս ու ոսկեղենս, ԴԱՀԿ-ում խնդիրներ ունեմ, ամեն ինչ կալանքի տակ ա»,- պատմեց Արամ Խաչատրյանը` նշելով, որ վերջին տոկոսները երբ փակել են, առաջարկել են ստացական տալ, բայց Նաիրա Ասատրյանը չի համաձայնել և ասել է, որ կմտնի դատարան: Դատարանը բավարարել է Նաիրա Ասատրյանի հայցը:
Գրավի գրեթե բոլոր պայմանագրերը կնքել է նոտար Նունե Սարգսյանը
Դատական տեղեկատվական համակարգի կայքում փնտրեցինք Նաիրա Ասատրյանի ու Վարուժան Մարգարյանի անուններով քաղաքացիական գործեր: Գումարի բռնագանձման բազմաթիվ գործեր կան նրանց անունով, որտեղ կարդում ենք, որ, ինչպես քաղաքացիներն էին վկայում, գործարքը վավերացրել է նոտար Նունե Սարգսյանը:
Ահա Արամ Խաչատրյանի գործից մի հատված. «Հայցվոր Նաիրա Ասատրյանը դիմելով դատարան հայտնել է, որ 2010թ. սեպտեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի և իր միջև կնքվել է անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագիր, որով Արամ Խաչատրյանին փոխառությամբ տվել է 3.000.000 դրամ մինչև 31.12.2010թ. մարման ժամկետով, առանց տոկոսի: Կողմերի միջև կնքված պայմանագիրը վավերացվել է Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից (գրանցված սեղանամատյանում թիվ 6072 համարի տակ)»:
Եվս մեկ վկայություն, որ միլիոններ պարտք տվողները աղքատ են
Դատական տեղեկատվական համակարգում կան վկայություններ, որ ամուսիններ Նաիրա Ասատրյանն ու Վարուժան Մարգարյանը միլիոնավոր դրամներ բռնագանձելու հայցերով մտնելով դատարան` միաժամանակ տարբեր գործերով միջնորդել են պետական տուրքի գանձումը հետաձգելու մասին: Նրանք դատարանին հայտնել են, որ չեն աշխատում, գտնվում են նյութապես վատ վիճակում, որի պատճառով հնարավորություն չունեն վճարելու նախատեսված պետական տուրքի գումարը:
Նախորդ հրապարակման մեջ նշել էինք նաև, որ Նաիրա Ասատրյանը 2005 թ-ից աղքատության նպաստ է ստանում, իսկ Վարուժան Մարգարյանը դիմել էր դատարան, որ կնոջը անհայտ բացակայող ճանաչեն, որպեսզի կարողանա նպաստ ստանալ ու ապահովել երեխաներին:
Դարձյալ զանգահարեցինք Նաիրա Ասատրյանին (նախորդ անգամ խուսափել էր զրույցից), երբ իմացավ, որ նորից «Հետքից» են զանգահարում, հեռախոսը փոխանցեց ամուսնուն` Վարուժան Մարգարյանին, ով ասաց, որ որևէ ապացույց չկա, որ իրենք տոկոսով գումար են տալիս:
Իսկ երբ հարցրեցի, թե դիմել է, որ նպաստ ստանա, պատասխանեց, որ ոչ մի տեղ էլ չի դիմել ու անջատեց հեռախոսը:
Տուժած քաղաքացի. «Սրանից ավելի ի՞նչ ապացույցներ են անհրաժեշտ իրավապահներին»
Նույն եռյակի գործողություններից տուժած Սիրեկան Մարտիրոսյանն ասում է, որ ոստիկանության գործն է ստիպված անում, ապացույցներ է հավաքում: «Իրավապահները պետք է հեռախոսահամարների վերծանումները հանեն, տեսնեն այս ամենի կապը: Ոստիկանները կարող են միանգամից պարզել, թե մեկ տարվա ընթացքում ինչքան գումար են այս մարդիկ տալիս, հիփոթեքի քանի պայմանագիր են կնքել: Օլիգարխ են ուրեմն. որտեղի՞ց էդքան գումար: Գյուղերում մարդիկ սոված ապրում են, բայց եթե մի կով են ունենում, նրանց նպաստից կտրում եմ: Նաիրայի ու Վարուժանի անունով գրավադրված էդքան տուն կա, բայց պարզվում է, որ Նաիրան նպաստառու է 2005 թ-ից»,-զարմանում է Սիրեկան Մարտիրոսյանը` պնդելով, որ իրենք խաբեության զոհ են դարձել:
Առաջին լուսանկարում Արմեն Պապոյանն է
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել