
Նորքում ծառեր են հատվել. կառուցվում է բազմահարկ շինություն
«Հետքին» ահազանգած Նորքի 7-րդ փողոցի բնակիչները պատմեցին, որ իրենց առանձնատների, հեռուստաաշտարակի հարևանությամբ նախկին անտառից մի հսկայական հատված հատվել է, եւ այդ տարածքում աշխատում է տեխնիկա: Տարածքի բնակիչներից Տիգրան Ազիզյանը նշեց, որ ծնված օրվանից ապրել է Նորքում. «Մութ ու ցուրտ տարիներին կտրեցին շատ ծառեր, բայց որոշները մնացել էին: Այդտեղ կային անգամ 30-40 տարեկան ծառեր, մեծ թթենիներ, հետո բնակիչներով նորից ծառեր ենք տնկել, կային նաև մոտ 15 տարվա ծառեր: Բայց մի օրվա մեջ բոլորը կտրեցին: Հիմա մի ցուցանակ են կախել, որից էլ իմացել ենք, որ բազմահարկ շինություն են կառուցում»,- ասաց Ազիզյանը՝ ներկայացնելով մեզ տարածքի լուսանկարները մինչև ծառերի հատվելն ու հատումներից հետո:
![]() |
![]() |
Հատումներից առաջ |
![]() |
|
Հատումներից հետո |
Ազիզյանները դիմել են Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, որտեղից էլ ստացել են պատասխան: Ըստ այդմ, հողամասի սեփականատեր է դարձել Հագոպ Լուսարարյանը:
Երևանի ավագանու 2014 թ.-ի ապրիլի 30-ի որոշմամբ համաձայնություն է տրվել, որ Հագոպ Լուսարարյանին պատկանող 800 քմ մակերեսով հողամասից 553 քմ-ը փոխանակվի Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հարևանությամբ գտնվող համարժեք մակերեսով հողամասի հետ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը լիազորել է Երևանի քաղաքապետարանի անշարժ գուլքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ քաղաքապետի անունից Հագոպ Լուսարարյանի հետ կնքել հողամասերի փոխանակման պայմանագիր:
«Հետքը» պարզեց, որ Հագոպ Լուսարարյանի անունով Երևանի քաղաքապետի որոշումներով 2 հասցե է տրամադրվել: Անշարժ գույքի հասցեներ տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի հուլիսի 25-ի Հ.2879–Ա որոշման հավելվածում նշված է. «Նորքի 7-րդ փողոց, 116/3 Հագոպ Լուսարարյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորքի 7-րդ փողոցի 116/3 հասցեում գտնվող հողամասի առանձնացվող 246.09 քառ. մետր մակերեսով մասին նախնական տրամադրել հասցե՝ Նորքի 7-րդ փողոց, 116/5»:
Անշարժ գույքի հասցեներ տրամադրելու մասին Երևանի քաղաքապետի մեկ ուրիշ՝ Հ.3043–Ա որոշման հավելվածում նշված է, որ Հագոպ Լուսարարյանը լիազորված անձ Արսեն Մկրտչյանի միջոցով մեկ միասնական հասցե է վերցրել: Մասնավորապես՝ Նորքի 7-րդ փողոց, հ. 116/4 և հ. 116/3 հողամասերի փոխանակության 01.07.2014թ պայմանագրով, Հագոպ Լուսարարյանին անցած Նորքի 7-րդ փողոցի 116/4 հասցեում գտնվող հողամասին և Նորքի 7-րդ փողոցի 116/3 հողամասի մնացորդային մասին նախնական տրամադրվել է մեկ միասնական հասցե՝ Նորքի 7-րդ փողոց, 116/4:
Ազիզյաններն այս հարցով դիմել են «Լև գրուպ» իրավաբանական ընկերություն: «Հետքի» հետ զրույցում ընկերության նախագահ Լևոն Բաղդասարյանը նշեց, որ հարցը ուսումնասիրման փուլում է:
«Իրավունքի խախտում այստեղ տեսնում ենք այն առումով, որ անգամ եթե այդ տարածքում կա կառուցապատում իրականացնելու թույլտություն, ապա չկա ծառահատումներ անելու թույլտվություն: Ավելի քան տարօրինակ է, թե ինչպես են 30-40 տարեկան ծառերը հատվել: Բացի այդ, փակցված է բազմաբնակարան շենքի մակետ: Դիմացը մասնավոր տնատիրություն կա, հետևաբար ո՞րն է այն նորմատիվային ակտը, որով չեն խախտվելու մասնավոր տնատերերի իրավունքները»,-ասաց Լևոն Բաղդասարյանը:
Մեկնաբանել