10-ամյա Նարեկը երազում է, որ իրենց տունն աղբանոցում չլինի
Վահրամը, Նարեկը, Ալինան և Հովհաննեսը իրենց ծնողներին և տատիկին օգնելու համար աղբանոցից շշեր ու պլաստմասե իրեր են հավաքում: Նրանցից մեծը՝ 13-ամյա Վահրամը, առանձնացնում է նաև մետաղները, այնուհետև դա հանձնում, որպեսզի գումար վաստակի:
Տնակները, որտեղ ապրում են այս երեխաները, գտնվում են աղբանոցի մոտ: Շենգավիթ համայնքի Շիրակի օժանդակ տնտեսություն 45. պաշտոնապես այսպես է կոչվում այն տարածքը, որտեղ մի քանի ընտանիքներ ստեղծել են իրենց կացարանները: Սա համայնքի հիմնական հատվածից կտրված, ամայի, փոշոտ տարածք է, որտեղ տարածքի բնակիչները սովորաբար բերում և թափում են անպիտան իրերը և աղբը: Տնակներից մեկում ապրում են Վահրամը, Նարեկը և Հովհաննեսը իրենց մոր՝ Լիլիթ Մանուկյանի և տատիկի՝ Անուշ Զաքարյանի հետ: Հարևան տնակում ապրում է 9-ամյա Ալինան մոր՝ Արմինե Մանուկյանի հետ: Լիլիթը և Արմինեն քույրեր են, երկուսն էլ՝ միայնակ մայր:
Լիլիթի կացարանը
Չնայած եղանակն արդեն տաք է, տնակի դուռը բացելուց հետո Լիլիթը շտապում է այն փակել, որովհետև քամին այստեղ այնքան ուժգինէ, որ թվում է, թե կպոկի ոչ միայն դուռը, այլև տնակը: Այնուհետև Լիլիթը ցույց է տալիս իրենց անկողիններն ու բազմոցը՝ ուրախանալով, որ իրենք այլևս հատակին չեն քնում: Դռան մոտի մահճակալին Վահրամն է քնում, բազմոցին՝ Նարեկը, մյուս մահճակալին տեղավորվում են Լիլիթն ու Հովիկը: Մետաղյա տնակին կից կարողացել են փոքր սենյակ առանձնացնել, որտեղ դրված են խոհանոցի պարագաները, պահարանը և Անուշի մահճակալը:
Անուշը պատմում է, որ ամուսինը հոգեկան հիվանդություն է ունեցել, նրա մահից հետո ինքն ու երեխաներն անօթևան են մնացել: Որոշ ժամանակ ընտանիքն ապրել է Կարմիր բլուր գերեզմանատան տարածքում, այնուհետև տեղափոխվել են այստեղ: Անուշն ասում է, որ գերեզմանոցում աշխատած փողով ու ծանոթների միջոցով կարողացել է այս տնակը գնել, որպեսզի հիմնական կացարան ունենան: Բայց տարածքը չեն կարող սեփականաշնորհել, որովհետև գումար չունեն:
Տնակի երկու սենյակների առաստաղները վնասված են, պարզ տեսանելի են մեծ անցքերը: Եթե անձրևի և ձյան ժամանակ առաստաղի անցքերից տունը լցվում է ջրով, ապա հատակի անցքերից այստեղ են մտնում առնետները: Լիլիթը պատմում է, որ վախեցել էր, երբ մի անգամ գուլպա հանելուց պահարանի մեջ սատկած առնետ է հայտնաբերել: Իսկ երեխաների համար նման տեսարաններն արդեն սովորական են դարձել, պատմում են, թե ինչ չափի առնետներ ու կարիճներ կան այդտեղ:
«Շորերից բռնած՝ սաղ կրծում են: Էնտեղից էլ օձը, կարիճը մեկ էլ տեսնում ես եկան, ներս են մտնում: Մի քիչ էլ խոնավություն եղավ, անձրև եկավ, դոմիկի տակից խոտ ա աճում: Պետք ա պոկեմ, մաքրեմ, որ էդ խոտը չերևա,- ասում է Լիլիթն ու ցույց տալիս պատի երկայնքով մեկ տարածված խոտի հետքերը:
Տան կահույքի և իրերի մեծ մասը նրանք աղբանոցից են գտել, մաքրել, լվացել են և օգտագործում են: Տարածքի բնակիչներից էլ նրանք, ովքեր անպիտան իրեր ունեն, բերում, տալիս են նրանց:
«Ուզում եմ, որ ձգտեմ լավին, նեղությունից դուրս հանեմ, բայց դեռ չի ստացվում: Ամառը որ էստեղ տենաս, շատ բան կա, բերում են, թափում են: Էսօր մի հատ մատրաս էր էլի, բերել էին էդտեղ: Էրեխեքը որ դասի են լինում, չեմ թողնում գան, բայց ընթացքում գալիս օգնում են», - ասում է Անուշը:
Այնուհետև Անուշը ցույց է տալիս այն տարածքները, որտեղ աղբ են թափում: Այժմ էլ նրա որդին նոր բերված աղբից փայտի մնացորդներն է առանձնացնում, որպեսզի վառելիք ունենան: Անուշի որդին էլ նույն տարածքում է ապրում՝ մեկ այլ տնակում:
Տղաների երազանքը
Մինչ 10-ամյա Նարեկը ակտիվորեն փորձում է մասնակցել զրույցին, Վահրամը գրեթե չի խոսում, լուռ նստած է: Այնուհետև առանց բառ ասելու բերում և ցույց է տալիս իր ձեռքի աշխատանքը՝ փայտի վրա փորագրված ծաղիկ: Դրա վրա նա գրել է՝ հոտով ծաղիկ: Իրենց տարածքում ծաղիկներ չկան, եթե, իհարկե, աղբի մնացորդների մեջ չորացած կամ արհեստական ծաղիկներ չեն պատահում: Ծաղիկ կարելի է տեսնել միայն ծաղկած ծառի վրա, որը աղբի կույտի միջից վեր է բարձրացել: Վահրամի երազանքն է՝ զբաղվել քանդակագործությամբ, փայտի մշակմամբ:
Նույն երազանքն ունի նաև Նարեկը: Նա ցույց է տալիս ձեռքի վրա գրված 10-ը. այդ օրը նա 10 է ստացել «Տեխնոլոգիա» առարկայի դասի ժամանակ, որն իր սիրած առարկան է: Այնուհետև Նարեկը ցույց է տալիս, թե ինչպես են ամեն օր այդ տարածքով քայլելով հասնում կենտրոնական ճանապարհ, որի համար պահանջվում է մոտ 15 րոպե, այնտեղից արդեն հեշտ է դպրոց հասնելը: Պատմում է, որ իրենց տարածքից հեռու, բայց էլի նույն համայնքում դպրոցի ճանապարհին տեսնում է «լավ ու սիրուն տներ»: Նարեկն ուզում է, որ մի օր իրենք էլ կարողանան այդ տներից մեկը տեղափոխվել:
Արմինեի կացարանը
Այնուհետև Արմինեն է ցույց տալիս իր տնակը: Նախկինում սա հավաբուն է եղել, որը բարեկարգել են և դարձրել բնակելի: Արմինեն երկրորդ կարգի հաշմանդամության թոշակ է ստանում: Մայրն ասում է, որ հիվանդության անունը չի հիշում, բայց ամուսնու հիվանդությունից ունի՝ շուտ բռնկվում, նյարդայնանում է: Արմինեն հոգեբուժարանում բուժում է ստացել, այժմ էլ հոգեմետ դեղեր է ընդունում: Բժիշկները խորհուրդ են տվել, որ նա առանձին ապրի: Արմինեն շատ չի խոսում, բայց մեծ ոգևորվածությամբ ցույց է տալիս իր տարածքը՝ բազմոցը, որ աղբանոցից են գտել, մեծ անկողինը: Նրան հատկապես դուր են գալիս փափուկ խաղալիքները, որոնք աղբանոցից գտել, լվացել է ու շարել իր անկողնու վրա: Այնուհետև Արմինեն ցույց է տալիս աղջկա նկարները, դրանցից մեկն արվել է, երբ Ալինան պարի էր հաճախում: Տան անկյունում կանգնած Ալինան լուռ նայում է, այնուհետև հայացքը իջեցնում ու ասում, որ հիմա էլ կցանկանար պարի խմբակ հաճախել:
«Բա մամային ոնց ա օգնում, տները մաքրում, լվացք անում, դասից եկավ՝ մամայի հետ գնում են ցախի, գնում են շիշ են հավաքում, բերում, էսօր ինքը իմ հետ փող ա աշխատել,- ասում է Անուշը: - Հիմա էլ եմ ես շիշ հավաքում, պլաստմասա, փայտ: Դրանով եմ ապրում, ուրիշ աշխատանք չունեմ: Ես թոշակ չեմ ստանում դեռ: Բայց դե տեղավորել եմ, մի կերպ հասցրել եմ»:
Թե՛ Արմինեի, թե՛ Լիլիթի տնակներում մի անկյունում դրված են մաքրության ու խնամքի միջոցները: Աղբանոցում գործը վերջացնելուց հետո ամեն օր լողանալը պարտադիր կանոն է. տաշտակը դնում են վառարանի դիմաց ու հերթով լողանում:
«Չկա հարմարություն չէ, բայց գիշերը էրեխեքը որ պետք է քնեն, էս վառարանի վրա միշտ ջուրը պիտի լինի, էրեխեքը լողանան, ոտք-ձեռք լվանան, պառկեն,- ասում է Անուշը: - Աղքատությունը մաքրության հետ կապ չունի: Արմինեին ամբողջ օրը թողնես լվացք կանի, մի հատ լվացքատուն լիներ, աշխատեր»:
Արմինեի հիվանդությունը թույլ չի տալիս նրան աշխատել, բայց Լիլիթն այժմ աշխատանք է փնտրում: Նախկինում տարբեր տեղեր աշխատել է՝ գերեզմանատանը, ձիարշավարանում, ֆերմայում: Հիմա էլ ուզում է թեկուզ փոքր օրավարձով այնպիսի աշխատանք գտնել, որ կարողանա համատեղել երեխաների խնամքի հետ:
Լուս.՝ Ադրինե Գրիգորյանի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել