HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու տունը վաճառվել է առանց իր գիտության ու համաձայնության՝ տոկոսով գումարի դիմաց

Այս անգամ «Հետքին» ահազանգել է Երևանի Հաղթանակի 4-րդ փողոցի 6/3 տան բնակչուհի Նարինե Պետրոսյանը՝ նշելով, որ 4 տարի է՝ տարբեր դատական ատյաններում պայքարում է սեփականության իր իրավունքի վերականգնման համար: Թեպետ դատական կարգով հաստատվել է, որ վեճի առարկա դարձած տունը այլ անձի է անցել կեղծ փաստաթղթերով, այդուհանդերձ քաղաքացու սեփականության իրավունքը չի վերականգնվում: 

«Դուք պատկերացնո՞ւմ եք նման բան՝ լինեք սեփականատեր ու առանց Ձեր համաձայնության ու գիտության Ձեր սեփականությունը վաճառեն: Ես իմ տանը նստած՝ երբեք ոչ մեկին տուն չեմ վաճառել, երբեք իմ համաձայնությունը չեմ տվել, որ տունը անցնի այլ անձի, նույնիսկ տունս վաճառելու մտադրություն չեմ ունեցել, բայց այն այսօր ինձնից խլել են»,- ասաց Նարինե Պետրոսյանը: 

Առք ու վաճառք՝ տոկոսով գումարի դիմաց 

Այս պատմության հիմքում, ինչպես տիկին Նարինեն է վկայում, տոկոսով գումարի հարց կա. վաշխառություն է կատարվել, որին իրավական գնահատական չի տրվել: 

Ամեն ինչ սկսվել է 2011-ին, երբ տիկին Նարինեն պատահաբար է որդու՝ Դավիթ Պետրոսյանի հագուստից գտել է իր սեփականությունը հանդիսացող գույքի առք ու վաճառքի պայմանագիրը և մի կեղծ փաստաթուղթ, թե, իբր, ինքը գտնվում է Հունաստանում, որտեղից միջնորդի միջոցով լիազորում է, որ տղային նվիրատվություն արվի իր սեփականությունը: Այդպիսով՝ Նարինե Պետրոսյանի գույքը անցնում է որդուն: «Բայց ես Հայաստանից չեմ բացակայել, ապացույցներ՝ որքան ասեք. անձնագրիս մեջ բացակայում է ելքի կնիքը»,- ասաց Նարինե Պետրոսյանը՝ նշելով, որ որդու հետ զրուցելով պարզել է՝ նա ներքաշվել է գումարային հարցերի մեջ: 

«Տղաս ասաց, որ փորձանքի մեջ է եղել, վատ շրջապատ է ընկել: Գումարի պահանջ են դրել իր վրա ժամով, որ եթե չբերի, վատ կինի: Հետո տոկոսով գումար տվողների տեղ են հուշել նրան, ովքեր արդեն հետքրքրվել են, թե արդյոք տղաս իր անունով գույք ունի, քանի որ գործարքը գույքի գրավով պիտի կատարվի»,- պատմեց Նարինեն: 

Նարինե Պետրոսյանը պատմեց, որ տղային ամսական 5 տոկոսով գումար են տվել Վարդան Հերոյանն ու Արտյոմ Պողոսյանը (55.000 ԱՄՆ դոլար), ովքեր, ինչպես հետագայում տանտիրուհին է պարզել, քավոր- սանիկ են: Տիկին Նարինեի սեփականությունն էլ անցել է Վարդան Հերոյանի ազգական Արթուր Հերոյանին, ում անունով էլ կնքվել է ոչ թե անշարժ գույքի գրավի, այլ տան առք ու վաճառքի պայմանագիր: 

Սեփականատիրոջ ձայնագրությունը ապացույց չի համարվել    

Երբ Արտյոմ Պողոսյանն ու Վարդան Հերոյանը եկել են Պետրոսյանների տուն, Նարինեն բջջային հեռախոսով ձայնագրել է իրենց զրույցը: «Հետքը» լսեց այդ զրույցը, որտեղ հստակ լսվում է, որ երկու անձինք պայմանավորվածության չեն գալիս տոկոսների հարցում, պարզապես զրույցի վերջում ամսական 5 տոկոսը զիջում են 1 տոկոսով: 

Հետագայում Նարինե Պետրոսյանն այդ ձայնագրությունը ներկայացրել է ոստիկանություն, սակայն քաղաքացու պնդմամբ, Արաբկիրի քննչականում մեկ տարի բջջային հեռախոսը պահելուց հետո, քննիչն ասել է, որ դա չի կարող որպես ապացույց ծառայել: 

Պետական պաշտոնյաները դուրս են մնացել պատասխանատվությունից 

Նարինե Պետրոսյանի բազմաթիվ բողոքներից հետո քրեական գործ է հարուցվել սեփականությունը խաբեությամբ հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով, սակայն պատասխանատվության է ենթարկվել միայն վերջինի որդին ու կեղծ կնիքներ պատրաստող երկու անձինք: Նարինե Պետրոսյանի որդին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, սակայն ՔՕ 70 հոդվածի կիրառմամբ՝ պայմանականորեն ազատազրկումը չի կիրառվել: 

«Դատարանը ոչ կադաստրից աշխատակից կանչեց, ոչ նոտարիատից: Կադաստրը, նոտար Ալվարդ Մելքոնյանը, բոլոր պետական օղակները մաքուր դուրս եկան, ամեն ինչ ջարդվեց իմ տղայի գլխին՝ խարդախության համար, մեկ էլ կնիք կեղծողների: Հետագայում իմ տղան ասաց, որ պետական օղակներում բոլոր գործարքները արվել են գումարի դիմաց՝ 5000 դոլար կադաստրին են տվել, 5000 դոլար նոտարին, 5000՝ միջնորդին»: 

Վաշխառության հատկանիշներով գործը առանձնացվել է, ապա կարճվել 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը որոշել է առանձնացնել ՔՕ 213 հոդվածի՝ վաշխառության հատկանիշներով գործը: Այն հետագայում կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:   

«Իմացանք, որ մենք 17-րդն ենք այս խմբից տուժածների ցուցակում: Մյուս խաբվածներն ասում են, որ Հերոյանները հատուկ փնտրում են ունևոր, լավ տուն-տեղ ունեցող քաղաքացիների: Ասում են կա՝ բարձրաստիճան պաշտոնյա, որը քավոր- սանիկի միջոցով հարուստ մարդկանց է գտնում, տոկոսով գումարներ տալիս, իսկ երբ մարդիկ չեն կարողանում տոկոսները վճարել, ձեռք են բերում բնակարանները: Բայց ես պայքարելու եմ, ու եթե ինձ հետ մի բան պատահի, մեղավորը  վաշխառուական այս շղթան  է լինելու»,-մեզ հետ զրույցում ասաց Նարինե Պետրոսյանը: 

Տան նոր գնորդ Արթուր Հերոյանը տան տերերին վտարելու հայցով մտել է դատարան, հակընդդեմ հայց է ներկայացրել նաև Նարինե Պետրոսյանը՝ պնդելով, որ տեղի է ունեցել խաբեություն: Թեպետ առաջին ատյանի դատարանը վերականգնել է նախկին սեփականատիրոջ իրավունքները, այդուհանդերձ, Արթուր Հերոյանը դիմել է Վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը և բեկանել է առաջին ատյանի դատավճիռը: 

«Լև գրուպ» իրավաբանական ընկերության հիմնադիր Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Նարինե Պետրոսյանի շահերը դատարանում ներկայացնում է իրենց ընկերության փաստաբան Թադևոս Ալեքսանյանը: Մեզ հետ զրույցում Լևոն Բաղդասարյանը նկատեց, որ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է Նաիրնե Պետրոսյանի սեփականության իրավունքը. «Վաշխառության հատկանիշներով գործն էլ կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով»,-նշեց փաստաբանը:   

Վաշխառության հատկանիշներով գործերը հիմնականում չեն հասնում դատարաններ 

«Հետքին» պարբերաբար ահազանգում են քաղաքացիներ, ովքեր վկայում են վաշխառության մասին: Ֆինանսական վատ դրության մեջ գտնվելով՝ նրանք ամսական 5 կամ 10 տոկոսով գումարներ են վերցրել անշարժ գույքի գրավի դիմաց, խաբեության, խարդախության ու վաշխառության զոհ են դարձել: Նրանք դիմում են իրավապահներին, սակայն անարդյունք: Ինչպես վկայում են թվերն ու փաստերը, շատ հաճախ վաշխառության հատկանիշնորով քրեական գործերը նախաքննության փուլում կարճվում են հանցակազմի բացակայության հիմքով: «Ապացույց չկա, որ գումարները տոկոսով են տրվել»,-իրավապահների պատասխանները մեզ են փոխանցում տոկոսի տակ գտնվող քաղաքացիները: Սակայն բազմաթիվ են «Հետքի» ուսումնասիրած քրեական գործերը, երբ մեկ-երկու վկայի ցուցմունքով կայացվել են անգամ պատժի առավելագույն չափի դատավճիռներ: Այնինչ մեզ դիմած տասնյակ քաղաքացիներ վկայում են այն մասին, որ վաշխառության զոհ են դարձել, սակայն նախաքննական մարմիններն ու դատարանները ապացույց չեն տեսնում: Այսպես՝ ՀՀ դատարաններում վաշխառության հոդվածով (ՔՕ 213-րդ հոդված) անցյալ տարի պատասխանատվության է ենթարկվել ընդամենը 2 անձ (1-ը՝ տուգանք, մյուսը՝ ազատազրկում): 

Քաղաքացիների վկայություններից պարզ է դառնում, որ հիմնականում տոկոսով գումար տվողները նույն կերպ են գործում. անշարժ գույքի գրավադրում, տոկոսների մարման ստացականների տրամադրման մերժում, գումարի բռմագանձման հայցերով դատական պրոցեսներ: Հետևանքը՝ քաղաքացիների կորցրած բնակարաններն են: Հաճախ քաղաքացիները վկայում են այն մասին, որ տոկոսով գումար տվողները սպառնում են՝ ասելով, որ իրենց թիկունքում բարձրաստիճան պաշտոնյաներ են, և ոչ մի պատասխանատվության իրենք չեն ենթարկվի: 

Փաստաբան Լևոն Բաղդասարյանի դիտարկմամբ, պարզ հարց է առաջանում՝ ինչու են փոխառությամբ տալիս մեծ գումարներ՝ «հոր խերի համա՞ր»: «Ակնհայտ է, որ տալիս են տոկոսով: Թե ինչու են վաշխառության հանցակազմերով գործերը կարճվում, կամ քրեական գործեր առհասարակ չեն հարուցվում, ապա մեղմ ասած, սա ինձ համար անհասկանալի է: Քաղաքացին կքած է այդ ֆինանսական բեռի տակ: Այստեղ պետք է լինի պետական քաղաքականություն: Իսկ երբ քաղաքացիներն արդեն բարձրաստիճան պաշտոնյաների միջամտության մասին վկայություններ են տալիս, նախաքննական մարմինները պարտավոր են ստուգել ամեն փաստ: Այլ խնդիր է, որ լիազոր մարմնին որքանով են թույլ տալու իր պարտականությունները կատարել մաքսիմալ ձևով»,- ընդգծեց Լևոն Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter