
Ապրիլյան առաջնագիծը
Դիտակետի նեղ անցքից երեւում է հարթավայրը: 180 կիլոմետր ձգվող սահմանին իրարից գրեթե հավասարաչափ հեռավորության վրա գտնվող դիտակետերից հազարավոր զինվորներ նույն պահին նայում են հակառակորդի ուղղությամբ: Անհնար է կանխատեսել, թե գիշերը հարձակումը որ հատվածից է լինելու: Բանակի հրամանատարն ասում է` հնարավոր է կանախատեսել, բոլոր ուղղություններից սպասում ենք:
Վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ տեղացող անձրեւներից հետո մարդաչափ բարձրությամբ բույսեր են աճել` բազմազան գույներով: Դիտակետի անցքի հակառակ կողմից կարմիր կակաչներ են: Հակառակորդի հենակետերը հազիվ են նշմարվում կանաչի մեջ: Մեր հենակետերն էլ են ձուլվել կանաչին:
Հունվարի 3-ին ադրբեջանական բանակը դիվերսիաների երկարատեւ շարքի սկիզբը դրեց: Դրանցից 17-ը խոշոր գործողություններ են եղել, որոնցից յուրաքանչյուրին մասնակցում էին տասնյակ հատուկ ջոկատայիններ: Երբեմն նրանց թիվը հասնում էր 40-ի: Բանակի հրամանատար Մովսես Հակոբյանն ասում է՝ չի եղել մի դեպք, որ զինվորները խուճապի ենթարկվեն, թողնեն դիրքերը. «Ես հպարտանում եմ իմ զինվորով, մեր զինվորը հնարավորություն է տալիս հպարտանալ հայրենիքով»:
Ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները գրեթե ամեն օր դիվերսիոն ներթափանցման փորձ են արել: Ապրիլի 23-ին հակառակորդը նման եւս մի փորձ է արել սահմանի հարավային հատվածում: Դրա նախորդ օրը` ապրիլի 22-ի գիշերը, հակառակորդը երեք ուղղություններով է դիվերսիոն ներթափանցման փորձ արել: Զինվորները ետ են շպրտել հատուկ ջոկատայիններին: Հակառակորդի այս տարվա գործողություններն առանձնանում են նրանով, որ դիվերսիան իրականացնում են Թուրքիայում մարզված հատուկ ջոկատայինները, իսկ նրանց հետ որպես հրահանգիչներ մասնակցում են թուրք զինվորականներ: Ամենայն հավանականությամբ, նրանք Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ կապված ինչ-որ ծրագրեր ունեին, սակայն հայ զինվորները կարողացան ձախողել նրանց պլանները՝ երբեմն կորուստների գնով:
Զորամասի հրամանատարի անձնակազմի գծով տեղակալ Մհեր Սարգսյանը մեզ ուղեկցում է առաջնագիծ: «Վիլիսի» դիմապակուն գնդակի անցք է, հարցնում եմ դրա մասին, պատասխանում է. «Հա, գնդակի հետք է, մարդ չի վնասվել»: Մտածում եմ՝ հոգնած է, խոսելու ցանկություն չունի: Դեմքին դաջված են անքուն գիշերները: Քսաներեք ու կես տարի նա բանակում է:
Գնում ենք սահմանի այն հատվածը, որտեղ հակառակորդն ականներ է տեղադրել, եւ երբ զինվորական մեքենաներն այդտեղով անցել են, հեռակառավարման սարքի միջոցով դրանք գործի են դրել: Դրա վերաբերյալ ապրիլի 22-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ էին տարածել:
Նկարահանումները կատարվել են անօդաչու սարքի միջոցով: Հակառակորդը, իսկապես, հաջող գործողություն է իրականացրել: Նրանք անցել են սահմանը, ականներ տեղադրել ճամփեզրին, եւ երբ մեր մեքենաներն անցել են այդ հատվածով, անօդաչուի օգնությամբ՝ հեռակառավարման սարքով, պայթեցրել են դրանք: Բարեբախտաբար, կորուստներ չենք ունեցել, ականները սխալ թեքության վրա էին տեղադրել:
Հակառակորդի սխալ հաշվարկի արդյունքում զոհեր չենք ունեցել, երկու հոգի թեթեւ վնասվածքներ են ստացել: Գումարտակի հրամատար Արմեն Հարությունյանը ցույց է տալիս ականների փոսերը, ուղղությունը, որտեղից եկել ու հեռացել է հակառակորդը:
Այս տարի կանաչը մարդաբոյի է, եւ տեղանքի վերահսկումը դժվարացել է: Իհարկե, հայկական ուժերն էլ են օգտագործում խոտերի բարձրությունը եւ անցնում հակառակորդի թիկունք:
Դիրքերից մեկում գումարտակի հրամանատարն ասում է, որ ժամանակն է յուրաքանչյուր գումարտակ ունենա անօդաչու սարք, որպեսզի դրա միջոցով ժամանակին կարողանան հակառակորդի թիկնուքում նրա զինվորների շարժը վերահսկել, նաեւ դրա միջոցով իրականացնել հերթապահություն: Գումարտակներում պետք է լինեն համապատասխան մասնագետներ, որպեսզի կարողանան անօդաչու սարքի միջոցով նկարահանումներ կատարել, վերլուծություններ, հաշվարկներ անել:
«Նոր տեխնոլոգիաների մասնագետները պետք է օգտագործեն այս հնարավորությունը եւ բանակին առաջարկություններ անեն: Այսօր նրանց շատ խիստ կարիքն ունենք, նրանք պետք է մասնակցեն զինվորի անվտանգության միջոցառումներին: Այս իրավիճակը նրանց համար հնարավորություն է, եւ պետք է օգտագործել այդ հնարավորությունը»,- ասում է սպաներից մեկը:
Արտաշին հարցնում եմ` սիրած աղջիկ ունե՞ս: -Հա,- ասում է: -Մինչև ծառայությունդ վերջացնես, կթողնի քեզ,- կատակում է հրամանատարի տեղակալը: -Ինքը հիմա մեր տանն է,-հակադարձում է Արտաշը: -Դե վերցրու, զանգիր հետը խոսի,- հեռախոսն է մեկնում հրամանատարի տեղակալը: -Արդեն խոսել եմ,- ժպտում է Արտաշը: |
Չարենցավանցի Արտաշն ուսանող է, 15 ամիս է ծառայություն է իրականացնում: Ծնողները մանկավարժներ են: Հարցնում եմ` լարված էր հա՞ գիշերը: Ասում է. «Հա, լարված էր, բայց դե սովորել ենք: Սկզբի ժամանակներն էր մի քիչ դժվար, հիմա՝ չէ, սովորել ենք, սովորական է»: Երբ Արտաշի մասին գրեցի Ֆեյսբուքում, արձագանքեց նրա մայրը: Հարցուփորձ է անում որդուց, ասում է` շատ է կարոտել, 6 ամիս չի տեսել նրան: Հետո պատմում է որդու մասին, ասում է`Պոլիտեխնիկի ուսանող է, ապագա էներգետիկ, մնացել է դիպլոմայինի պաշտպանությունը: «Իսկ մայիսի 26-ին կլրանա տղայիս 21 տարին, Ավարայրի ճակատամարտի օրն է ծնվել: Բարի ծառայություն մեր բոլոր տղաներին, թող ոչ մի զինվորի մատը փուշ չմտնի, Աստված պահպանի մեր զինվորներին», -գրում է Արտաշի մայրը` Նաիրա Պողոսյանը:
Ծանր էր առաջնագծում 100-ամյակի ապրիլը:
Լուսանկարները՝ Էրիկ Գրիգորյանի եւ Էդիկ Բաղդասարյանի
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել