
Սևակ Մնացականյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից վերադարձավ տուն
Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով 1 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտված 26-ամյա Սևակ Մնացականյանն արդեն տանն է՝ ընտանիքի անդամների հետ: Այսօր լրացել է նրա պատժի կրման վերջնաժամկետը: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց նրան դիմավորել են հարազատները, ընկերները, մյուս քաղբանտարկյալների ընտանիքների անդամները:
«Հետքի» հետ զրույցում Սևակ Մնացականյանը պատմեց մեկ ու կես տարվա ընդմիջումից հետո ազատության մեջ լինելու իր առաջին զգացողությունների մասին. «Ոչինչ չի փոխվել. Ազատությունը ընկալում եմ նույն կերպ, որպես հոգու վիճակ: 1 տարի վեց ամիս պարզապես տեղաշարժվելու իմ իրավունքն էր սահմանափակվել, իսկ մարդու հոգևոր ազատությունը չի կարող սահմանափակվել»,-ասաց Սևակ Մնացականյանը՝ շնորհակալություն հայտնելով այն մարդկանց, ովքեր այս ընթացքում եղել են քաղբանտարկյալների ու նրանց ընտանիքների կողքին, պայքարել հանուն արդարության:
Հարցին, թե ինչ է պատրաստվում անել առաջիկա օրերին, Սևակը պատասխանեց. «Գնալու եմ Հրազդան՝ հանգստանալու»:
Սևակի հայրը՝ Բախշիկ Մնացականյանը մեզ հետ նախկին զրույցում նշել էր, որ այդ օրը՝ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին տղան ուղղակի տեսել է, որ ընկերոջը՝ Ավետիսին գցել են գետնին, Սևակը ցանկացել է պաշտպանել, գետնին ընկած ընկերոջն է բարձրացրել: «Սա էլ օգտագործեցին իր դեմ, թե ոստիկանի աշխատանքին է խոչընդոտել, հետո էլ ամեն ինչ փոխեցին ու դարձրեցին խուլիգանություն»,-ասել էր Սևակի հայրը:
Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին «Նոյեմբերի 5-ի» գործով խուլիգանության հոդվածներով կայացրել էր 14 մեղադրական դատավճիռ:
Մեկնաբանել