HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սյունիքի մարզպետի որդու հետ վիճաբանած երիտասարդը վիրահատվել է

Դեռեւս դատաբժշկական փորձաքննություններ չեն նշանակվել

Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում մայիսի 3-ին վիրահատության է ենթարկվել Գորիս քաղաքի բնակիչ, 32-ամյա Հարություն Զաքարյանը: Վիրահատությունից առաջ կատարված հետազոտությունը նրա մոտ նաեւ գլխուղեղի ցնցում է արձանագրել: Բժիշկները հարազատներին հայտնել են, որ  երիտասարդի տեսողությունը վերականգնելու հավանականությունը շատ փոքր է: Նրա հայրը` Գագիկ Զաքարյանը, մեզ հայտնեց, որ որդու բուժումը Մոսկվայում շարունակելու ցանկություն ունի, սակայն բժիշկները դեռեւս թույլ չեն տալիս տեղափոխել:

Հարություն Զաքարյանն «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» ախտորոշումով «Գորիս բժշկական կենտրոն» է տեղափոխվել 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին: «Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության աշխատակիցները զեկուցագրեր են ներկայացրել, որ 2015 թվականի մայիսի 2-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Հարություն Զաքարյանը Գորիս քաղաքի կենտրոնական մասում վիճաբանել է Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո գնացել են Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածք, որտեղ նրանց են միացել նաեւ այլ անձինք։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Հարություն Զաքարյանին աչքի շրջանում պատճառվել է մարմնական վնասվածք»,- ասվում է ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Սյունիքի մարզային դատախազությունում մայիսի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ինքնությունը չպարզված անձանց կողմից «Սդղի գյոլ» կոչվող տարածքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով։ Քրեական գործը մայիսի 5-ին ստացվել է Գորիսի քննչական բաժնում։

Դեպքից անցել է արդեն 3 օր, սակայն դեռեւս դատաբժշկական փորձաքննություններ չեն նշանակվել: Տուժածի հայրը` Գագիկ Հարությունյանը մեր հարցերին ի պատասխան հայտնեց, որ Երեւանում քննիչ չի այցելել իրենց, որդին այստեղ չի հարցաքննվել, իսկ Գորիսում նա ստորագրել է մի փաստաթղթի տակ, ըստ որի վնասվածքն ինքը ստացել է ավտոմեքենայի վրա աշխատանք կատարելիս:

Քննչական կոմիտեն արդեն հայտարարել է, որ «Հարություն Զաքարյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, այդուհանդերձ, Գագիկ Զաքարյանը չցանկացավ որեւէ բան պատմել դեպքի վերաբերյալ` ասելով, թե իրեն ոչինչ հայտնի չէ, եւ իրավապահները պետք է պարզեն, թե որդին ինչպես է վնասվածքներ ստացել:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի որդին` Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր 2013թ. հունիսի 1-ին Ս. Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպից հետո, որի հետեւանքով կրակոցներից տեղում մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:  2013թ. սեպտեմբերի 7-ին ՊՆ քննչական ծառայությունն ազատ արձակեց նրանց, դադարեցրեց նրա ու մարզպետի թիկնապահի՝ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Մեկնաբանություններ (1)

Մինչեւ երբ
Բա դրանք հաստի չեն պատահելու մի օր՜

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter