HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաշխարհային բանկը պնդում է՝ իրենց ծրագրերի արդյունքում մարդիկ չեն տեղահանվել

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին պատասխանել է ՀԲ 4 ծրագրերի արդյունքում տեղահանված բնակիչների վերաբերյալ «Հետքի» հարցերին՝ նշելով, որ «Համաշխարհային բանկի քաղաքականությունները Հայաստանի ժողովրդին պաշտպանում են զարգացման ծրագրերի բացասական հետևանքներից»: 

Հիշեցնենք՝ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) հրապարակել էր Համաշխարհային բանկի վերաբերյալ կատարած հետաքննությունը, որն անդրադառնում է Համաշխարհային բանկի՝ ոորպես հզոր դրամային փոխատուի ծրագրերին, որոնք աղքատության և տեղահանության են հասցրել շուրջ 3.4 մլն մարդու: Ուսումնասիրված երկրների շարքում է նաև Հայաստանը՝ 4 նախագծերով: Հետաքննողները հայտնաբերել էին, որ Հայաստանում 440 մարդ է տեղահանվել:

Այդ նախագծերից միայն մեկն է ավարտվել, 3-ը դեռևս ընթացքի մեջ են:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակին գրավոր հարցեր ուղարկեցինք՝ հստակեցնելու, թե ինչպե՞ս է գնահատում ՀԲ երևանյան գրասենյակն այս ծրագրերի ընթացքը, ի՞նչ ազդեցություն են ունեցել դրանք ազդակիր համայնքների վրա, արդյոք ծրագրերով նախատեսված էր բնակչության տեղահանում,  արդյոք ՀԲ-ն ուսումնասիրում է, թե ինչպիսի կացության մեջ են հայտնվում ազդակից համայնքների բնակիչները ծրագրերի իրականացման ավարտից հետո:

Հենրի Քերլանի պատասխանը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ.

«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (անգլ.՝ International Consortium of Investigative Journalists, ICIJ) ոչ ճիշտ և մոլորեցնող զեկույցի վրա հիմնված Ձեր հոդվածում նշված ծրագրերից ոչ մեկը չի խախտել Համաշխարհային բանկի երաշխիքների քաղաքականությունները: Մենք կտրականապես մերժում ենք ICIJ հաշվետվության մեջ արված պնդումներից և հայտարարություններից շատերը:

Համաշխարհային բանկի երաշխիքների քաղաքականությունները խստորեն կիրառվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող յուրաքանչյուր ծրագրի նախապատրաստման և իրականացման ժամանակ: Քաղաքականության նպատակներն են՝ ա) խուսափել վերաբնակեցումից, եթե հնարավոր է, կամ նվազագույնի հասցնել այն՝ ուսումնասիրելով ծրագրի բոլոր այլընտրանքային կենսունակ նախագծերը, բ)եթե այն անխուսափելի է, վերաբնակեցման աշխատանքները ծրագրել՝ ազդեցության ենթարկված անձանց տալով իրենց կենսապահովման միջոցները և կենսապայմանները բարելավելուկամ առնվազն իրական արտահայտությամբ դրանց՝ ազդեցությանը նախորդող մակարդակը վերականգնելու հնարավորությունև գ)ակտիվորեն մասնակցել և տեղեկացված լինելողջ գործընթացին: Հարկ է նշել, որ նշված պահանջները սովորաբար շատ ավելի ընդգրկունեն, քան հողի հարկադիր օտարման երկրի  ընթացակարգերը:

Ստորև նկարագրված ծրագրերից յուրաքանչյուրը, պահանջվող կարգով, հետևել է քաղաքանության դրույթներին, մասնավորապես. 

1. «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագիր»: Ծրագիրը ներառում է էլեկտրահաղորդման գծի երկայնքով շուրջ 220 մասնավոր հողակտորների ձեռքբերում, սակայն մարդկանց ֆիզիկական տեղահանում չի պահանջվել: Հողի բոլոր ձեռքբերումներն իրականացվում են ծրագրի Վերաբնակեցման քաղաքականության շրջանակի (ՎՔՇ, անգլ.՝ Resettlement Policy Framework, RFP) և Վերաբնակեցման գործողությունների ծրագրերի (ՎԳԾ-ներ, անգլ.՝ Resettlement Action Plans, RAPs) համաձայն, որոնք գտնվում են մշակման և իրականացման տարբեր փուլերում և հրապարակված են Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կայքէջում (www.hven.am): 

Ծրագրի շրջանակում գործում է բողոքների կարգավորման մեխանիզմ, որն ազդեցության ենթարկված բոլոր անձանց առաջարկում  է ներկայացնել ՎՔՇ և ՎԳԾ-ների իրականացման հետ կապված ցանկացած հարցերի վերաբերող բողոքները: Շինարարական աշխատանքների ժամանակ ծրագրի միջոցով տեղի բնակչության համար ստեղծվել են ժամանակավոր աշխատանքի հնարավորություններ:  Գծի որոշ հատվածներում շինարարական աշխատանքները դեռևս ընթացքում են և ակնկալվում է ավարտել մինչև 2016 թ. հունիսի 30-ը: 

2. «Ոռոգման համակարգի բարելավման ծրագիր»:Այս ծրագրում չի պահանջվել մարդկանց ֆիզիկական տեղահանում: Թեև ծրագրի շրջանակում կառուցվող կամ հիմնանորոգվող ոռոգման խողովակաշարերի կառուցվածքները և երթուղիները նախագծվել են այնպես, որ հիմնականում տեղակայված են պետական սեփականություն հանդիսացող գույքի վրա, օգտագործելով առկա օտարման գոտին, որոշ դեպքերում անհրաժեշտ է եղել համայնքի ղեկավարների (համայնքային հողերի մասով) և որոշ մասնավոր սեփականատերերի համաձայնությունը (ինչպես շինարարության ընթացքում հողի ժամանակավոր, այնպես էլ մշտական օտագործման մասով, օրինակ՝ հողի տակ թաղված խողովակ): Թեև նշված դեպքերը սակավաթիվ են այս խողովակաշարերի ընդհանուր երկարության համեմատ, այդ համաձայնությունների ձեռքբերումն ապահովելու գործընթացն ուշի ուշով մոնիթորինգի է ենթարկվում և փաստաթղթավորվում է կառավարության և վերահսկվում է Համաշխարհային բանկի կողմից: 

Ծրագիրը գտնվում է իրականացման վաղ փուլում, սակայն ակնկալվում է, որ կունենա դրական սոցիալական ազդեցություն, քանի որ ոռոգման թիրախային համակարգերի կառուցման կամ հիմնանորոգման շնորհիվ կբարձրանա ֆերմերների արտադրողականությունը և կբարելավվեն նրանց կենսապահովման միջոցները: Ժամանակավոր զբաղվածություն է ստեղծվում տեղի՝ աշխատանքների իրականացման վայրերի բնակչության համար: 

3. «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր»:  Ծրագիրը կբարելավի գյուղական համայնքների համար տնտեսական և սոցիալական ծառայությունների հասանելիությունը՝ կենսական նշանակության ընտրված ճանապարհների բարեկարգմամբ և գյուղական համայնքներում կստեղծվեն աշխատատեղեր՝ ծրագրի աշխատանքների միջոցով:  Մինչ օրս ծրագրի շրջանակում չեն գրանցվել մասնավոր հողի օգտագործման կամ ձեռքբերման դեպքեր և չի պահանջվել մարդկանց ֆիզիկական տեղահանում: Ընտրված գյուղական համայնքների վերաբերյալ հավաքվում են սոցիալական տվյալներ, ինչպես նախքան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, այնպես էլ դրանց ավարտից հետո՝ ծրագրի հետևանքով ազդակիր համայնքների բնակչության վրա ազդեցությունը վերլուծելու և բնակչության կենսամակարդակի մոնիթորինգ իրականացնելու համար: Սկզբնական փուլի իրականացման ընթացքը գնահատվում է բավարար: 

4. «Ոռոգման համակարգի վերականգնման հրատապ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում»: Վերաբնակեցման կամ ձեռքբերման ոչ մի դեպք չի արձանագրվել, քանի որ ծրագրով հիմնանորոգվում էին բացառապես առկա ջրանցքները և մարդկանց ֆիզիկական տեղահանում չի պահանջվել: Թեև վերականգնված ջրանցքների որոշ մասեր անցնում էին գյուղերով, գույքի օգտագործման ժամանակավոր կամ մշտական սահմանափակումներ չեն առաջացել, քանի որ ջրանցքների մի կողմի երկայնքով անցնող սպասարկող ճանապարհները կապալառուների համար ապահովում էին ջրանցքներին մոտենալու  բավարար հնարավորություն: Բացի այդ, շինարարության ընթացքում չեն հեռացվել մրգատու ծառեր կամ այլ օբյեկտներ, ինչպես նախատեսված էր եղել ծրագրի նախագծում: Ծրագիրն ավարտվել է 2013 թ. հունիսի 30-ին, և դրա արդյունքներն ու վերջնարդյունքներն արտացոլված են Իրականացման ավարտի հաշվետվության մեջ (անգլ.՝ Implementation Completion Report): 

Զարգացման միջազգային գործակալությունների թվում Բանկը 1980 թ. առաջինն է սահմանել ազդակիր համայնքների վրա հարկադիր վերաբնակեցման ազդեցության մեղղման քաղաքականություն: 

Կարևոր է նշել, որ Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերի գերակշիռ մեծամասնության դեպքում վերաբնակեցում նշանակում է ուրիշի հողամասից սահմանափակ օգտվելու իրավունք (սերվիտուտ) կամ  հողի ոչ էական ձեռքբերում, և մարդիկ կարող են մնալ իրենց տներում»:

Լոսւանկարում` Հենրի Քերալին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter