HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղքատության նպաստ ստացողը էլեկտրոնային աճուրդով բնակարաններ է գնում

«Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացիներն ուղիղ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 13-ին հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն, որպեսզի վաշխառության հատկանիշներով մեղադրանք առաջադրվի Վարուժան Մարգարյան- Անահիտ Մարգարյան -Նաիրա Ասատրյան (առաջին երկու անձինք քույր ու եղբայր են, Նաիրան Վարուժանի կինն է) ընտանեկան եռյակի նկատմամբ: Հաղորդմանը կից 4 քաղաքացիները ներկայացրել էին «Հետքի» երկու հրապարակում, որտեղ վեր էինք հանել գործարքների մանրամասները: Ըստ հաղորդման` վերը նշված երեք քաղաքացիները մարդկանց տոկոսով գումարներ են տրամադրում՝ նրանց հետ կնքելով գույքի գրավադրմամբ փոխառության պայմանագրեր: Իսկ երբ պարտապանները չեն կարողանում տոկոսները վճարել, գումարի բռնագանձման հայցերով մտնում են քաղաքացիական դատարան ու շահում դատերը: Հետևանքը լիում է այն, որ պարտապանները զրկվում են իրենց գույքից:

Անցել է մեկ ամիս, սակայն քաղաքացիները ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնից գրավոր չեն տեղեկացվել, թե ինչ փուլում է իրենց դիմումը:

Վաշխառության հատկանիշներ իրավապահները դեռ չեն տեսնում

Նոր Նորքի բնակչուհի Մարի Հովհաննիսյանը, ում ընտանիքը նույնպես տուժել է Նաիրա Ասատրյանի հետ կնքած գույքի գրավադրմամբ փոխառության պայմանագրի հետևանքով, ասաց, որ մեկ ամսվա ընթացքում ամենաօպերատիվը գործել է ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչ Արթուր Մանուկյանը, ով դիմումը փոստով ուղարկելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում կանչել է իրենց, բացատրություն վերցրել: Իսկ հետո, երբ գործն անցել է քննիչի տիրույթ, որևէ լուր չեն ստացել, մինչև որ Մարի Հովհաննիսյանն իր նախաձեռնությամբ է այցելել քննիչին, երբ տեղեկացել է, որ գործը գտնվում է քննիչ Սասուն Ռաֆայելյանի վարույթում:

«Քննիչին ես ասացի, որ եկել եմ տեղեկանալու, թե ինչ փուլում է մեր դիմումը: Նա էլ ասաց, որ շուտով ուղարկվելու է գործը Չարենցավան, որտեղ նույն եռյակից տուժած ու տոկոսով գումար վերցրած Արամ Խաչատրյանի մասով հնարավոր է գործ սկսվի, բայց մյուս 3 տուժածներիս մասով ոչ մի գործ էլ չկա: Պատճառաբանությունն այն էր, որ մենք արդեն դիմել ենք նույն հարցով ոստիկանություն ու ստացել մերժում: Քննիչը նշում էր, որ ապացույցներ չկան, որ եռյակը զբաղվում է վաշխառությամբ»,- ասաց Մարի Հովհաննիսյանը:

Մարի Հովհաննիսյանի ընտանիքին սեփականության իրավունքով պատկանող բնակարանը, որը գույք՝ պարտքի դիմաց անցել է Նաիրա Ասատրյանին

Մարի Հովհաննիսյանի ընտանիքին պատկանող բնակարանն արդեն էլեկտրոնային աճուրդով անցել է Նաիրա Ասատրյանին:

ԴԱՀԿ-ում Նաիրա Ասատրյան-Վարուժան Մարգարյան զույգը 2 տասնյակից անցնող դիմում ունի որպես պահանջատեր

«Հետքը» դիմել էր դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն տեղեկանալու, թե Նաիրա Ասատրյանն ու  Վարուժան Մարգարյանը քանի անգամ են դիմում ներկայացրել ԴԱՀԿ կատարողական թերթ ներկայացնելու մասին և քանի անգամ են էլեկտրոնային աճուրդով պահանջատերներին վաճառվել պարտապաններին սեփականության իրավունքով պատկանող բնակարաններ:

ԴԱՀԿ մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանը «Հետքի» հարցմանը գրավոր պատասխանելով՝ տեղեկացրել է, որ Նաիրա Մերուժանի Ասատրյանի անունից ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող  ծառայությունում մուտքագրվել է թվով 17 դիմում, որից 9-ը՝ կատարողական թերթ ներկայացնելու  մասին և մեկական դիմումներ՝ գումարը հաշվեհամարին փոխանցելու, կատարողական վարույթը կարճելու, բնակարանը հանձնելու, վտարման, կատարողական թերթը հետ վերադարձնելու, կատարողական վարույթը վերսկսելու, փաստաթղթերի պատճենների տրամադրման  և պարտապանի կողմից կատարված վճարման մասին: Իսկ Քաղաքացի Վարուժան Մարգարյանի անունից մուտքագրվել է 6 դիմում, որից 5-ը՝ կատարողական թերթ ներկայացնելու, 1 դիմում՝կատարողական թերթը հետ վերադարձնելու վերաբերյալ:

ԴԱՀԿ պաշտոնյան տեղեկացրել է, որ որպես պահանջատեր Վարուժան Մարգարյանի օգտին կան հարուցված 5 կատարողական վարույթներ, որոնցով պարտապաններին սեփականության իրավունքով  պատկանող բնակարան հարկադիր էլեկտրոնային աճուրդով չի իրացվել: Իսկ որպես պահանջատեր Նաիրա Ասատրյանի վերաբերյալ կան հարուցված 9 կատարողական վարույթներ, որոնցով հարկադիր էլեկտրոնային աճուրդով վաճառվել են պարտապաններին սեփականության իրավունքով  պատկանող 2 բնակարան:

Հիշեցնենք, որ խոսքը սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքի մասին է: Միլիոնավոր դրամներ պարտք տվող, էլեկտրոնային աճուրդով պարտապանների բնակարանները գնող ընտանիքի անդամներից և ոչ մեկը չի աշխատում: Նաիրա Ասատրյանն էլ ստանում է աղքատության նպաստ:

«Մենք դիմումատու ենք, և պարտավոր ենք իմանալ, թե ինչ փուլում է գործը: Հասկանում եմ, որ մեր երկրում այնպես է, որ քաղաքացիները պիտի հետևողական լինեն: Եվ մենք հետևողական ենք. հավաքում ենք ապացույցներ, գտնում նույն անձանց գործողություններից տուժած մարդկանց, հրամցնում իրավապահներին, բայց իրենք ասում են՝ ապացույց չունենք: Հետքի շնորհիվ մենք ունենք ապացույց, երբ Անահիտ Մարգարյանն ասում է, որ մայր գումարից մենք 4000 դոլար տվել ենք: Քննիչին ասում եմ՝ մայր գումարի մասին է խոսում, իսկ որն է հայր գումարը, դուստր գումարը: Այսինքն՝ պարզ է, որ խոսքը տոկոսով գումարի մասին է:  Կամ նրանք ունեն լավ թիկունք, որ վաշխառություն գործերը չեն ուզում բացել իրավապահները կամ գումարով կաշառում են: Մենք մտածում ենք դիմել ՀՀ գլխավոր դատախազություն, այստեղ նաև ազգային անվտանգության խնդիր կա: Ո՞ւր են գնում այդ գումարները: Մի գործ չի, երկուսը չի, ուժածները շատ են»,- ասում է Մարի Հովհաննիսյանը:

Դիմումատունեից ու նույն անձանց գործողություններից տուժած Սիրական Մարտիրոսյանը ևս նշեց, որ որևէ լուր չունի դիմումի ընթացքի վերաբերյալ. «Ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր չենք տեղեկացվել, թե ինչ է արվել: Ես հավատում եմ, որ միևնույնն է՝ արդարությունը մի օր ջրի երես է դուրս գալու: Քննիչից շատ բան է կախված, եթե կամք լինի, կբացեն այս կծիկը»,- ասաց տուժած քաղաքացին:

Հիշեցնենք, որ «Հետքը» դիմել էր նաև ՀՀ ոստիկանություն հարցմամբ, թե վերջին 5 տարվա ընթացքում քանի դիմում է ստացվել քաղաքացիներից Նաիրա Ասատրյանի ու Վարուժան Մարգարյանի վերաբերյալ, արդյոք հարուցվել են քրեական գործեր, թե ոչ: Սակայն ոստիկանությունը մերժել է տրամադրել հայցվող տեղեկատվությունը` վկայակոչելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը: Ըստ ոստիկանության, պահանջված տեղեկատվության տրամադրմամբ կխախտվեր մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը: «Հետքը» դիմել է Վարչական դատարան՝ վիճարկելու ոստիկանության մերժումը:

Մեկնաբանություններ (4)

Աննա
Դե իհարկե ով է հաշմանդամ ազատամարտիկը, ինչ իրավունքներ ունի նա մեր երկրում,ում ինչ օգուտ նրանից արդնացեք հայեր չէ որ նրանց շնորհիվ եք այսօր ապրում ձեր իսկ երազած Հայաստանում ուղղակի ամոթ է կտրում եք ազատամարտիկին հասանելի նպաստը ու այն տալիս Նարիա Ասատրյան Վարուժան Մարգարյան,,,,,,,, և ելի շատ ու շատ նմանատիպ մատդկանց դե իհարկե նրանցից հօգուտ ունեք չէ՞ իսկ ազատամարտիկից՞ նողկալի է ուղղակի այս ամենը և դեռ այսքանից հետո ասում են թե ոստիկանությունը արդար է ոստիկանությունը թափանցիկ է սա պարզապես թատրոն է,
Աննա
Հետաքրքիր է մեր Ոստիկանապետը ամեն մամլո ասուլիսի ժամանակ շեշտում է,մեջբերեմ -մենք մաքրել ենք մեր համակարգը նրանցից ովքեր չեն հասկանում ու չեն գնահատում այս համազգեստն ու համակարգը․ Հարգելի ոստիկանապետ միթե դուք չեք ընթերցել այս հոդվածները ուրեն Ձեր խոսքերը ապացուցեք որ իսկապես Դուք հետևողական եք յուրաքանչյուր գործին վստահ եմ եթե Դուք հետևողան լինեք այս գործին ապա այն կբացահայտվի և ոչ միայն եռյակի վաշխառությունը այլ նաև նրանց (ԹԻԿՈՒՆՔԸ), չէ որ աղքատության նպաստ ստացողը էլեկտրոնային աճուրդով բնակարաններ է գնում միթե սա է արդարությունը
Էլյա
Մեկնաբանությունը խմբագրության կողմից հաստատվելուց հետո, խնդրում եմ պատասխանել:
Էլյա
Մեկնաբանության փոխարեն ուզում եմ իմ դժգոհությունը հայտնել այն առումով, որ Ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկ, հաշմանդամության կարգ ունեցողի նպաստը 2015թ. մերժել են, պատճառաբանելով, որ ազատամարտիկը էլեկտրոէներգիայի գումար է վճարելմոտ 7000 դրամի, այսինքն ստացվում է , որ միայնակ ապրող հաշմանդամ ազատամարտիկը իրավունք չունի տաքանալու, լողանալու կամ այլ կարիքները բավարարելու համար օգտագործի պետության կողմից տրամադրվող ջուրը, գազը, հոսանքը և հեռախոսը: Միթե սա արդար է, 1991թ-ից , . մասնակցել է պատերազմին, , իսկ ավարտից հետո մինչև 2005թ. ծառայել է հայոց բանակում: Իսկ այսօր առանց ամոթի և խղճի կտրում են նպաստը հիմար պատճառաբանությամբ: Պետությունը նրան տեր չի կանգնում, բայց հարազատները նրա կողքին են և օգնում են նրան: Իսկ եթե ցանկանում եք կարող եմ ասել նաև թե ով է այդ ազատամարտիկը և ինչ ուղի է անցել:Շատ ամոթ մեր պետությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter