HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի նախարարության փորձագետները սխալ եզրակացություն են տվել

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների պահպանության» գործակալությունը սխալ կամ ասել է թե՝ կեղծ եզրակացություն է տվել 4 նկարների վերաբերյալ, որոնք Հայաստանից արտահանվել են Ռուսաստանի Դաշնություն որպես բնօրինակներ:

Այդ եզրակացության պատճառով Ազգային պատկերասրահի նախկին աշխատակից Կամո Բադալյանի տան վրա բռնագանձման պահանջ է տարածվում:

Հիշեցնենք՝ Ազգային պատկերասրահի նախկին աշխատակից Կամո Բադալյանի միջնորդությամբ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչ, նախկին դատախազ Ստեփան Ծաղիկյանը 2004-ին 4 նկար էր գնել՝  Պ. Կոնչալովսկու «Աղաց», «Բնանկար կամրջով» և Ա. Դեյնեկայի «Բնանկար» և «Բելոօզյորսկ» նկարները: Ստեփան Ծաղիկյանը նկարների մեծ կոլեկցիա ունի: 

Այդ նկարները Ծաղիկյանն արտահանել էր ՌԴ: 2005թ. հունվարի 11-ին ՌԴ արտահանելու կապակցությամբ նշված նկարները փորձաքննության են ենթարկվել ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում, որը հաստատել է դրանց բնօրինակ լինելը: 

Թե հետո ինչ ճակատագիր են ունեցել նկարները, հայտնի չէ: Սակայն տարիներ անց Ս. Ծաղիկյանը հայտնվել և հայտարարել է, որ դրանք կեղծ են և 2010-ին դատարան դիմել` իրեն վաճառված իբրեւ թե կեղծ նկարների դիմաց փոխհատուցում պահանջելով: Սակայն Ստեփան Ծաղիկյանը ոչ թե նկարների տիրոջ Աշոտ Պետրոսյանին է դատի տվել, այլ միջնորդին՝ Կամո Բադալյանին: Ծաղիկյանի հայցը համակարգից հեռացված դատավոր Սուրեն Ղազարյանը բավարարել է, իսկ վերադաս ատյանները նույնն են թողել վճիռը: Բադալյանների տունը կալանքի տակ է՝ 9600 դոլարի բռնագանձման ենթակա գումարի պատճառով:  

Ստեփան Ծաղիկյանը հայտարարել է, որ ՌԴ-ում կատարած փորձաքննության արդյունքում պարզել է, որ այդ նկարները բնավ էլ նշված հեղինակների վրձնին չեն պատկանում: Նա ՀՀ իրավապահներին է ներկայացրել նկարներ, որոնք չեն համապատասխանում ՀՀ մշակույթի նախարարության փորձաքննության ֆիզիկական և որակական բնութագրերին: Փորձաքննությունների եզրակացությունների ուսումնասիրությամբ, ինչպես նաև քննության ընթացքում իրականացված զննությամբ պարզվել է, որ նկարների անհատականացնող տվյալները տարբեր են, տարբեր են չափերը, նկարի վրա մակագրված հեղինակի անվան տեղը:

ՀՀ իրավապահները հարցում են կատարել ՌԴ իրենց գործընկերներին ՌԴ-ում կատարված փորձաքննությունների վերաբերյալ:

ՌԴ «Տերտեկովյան պատկերասրահը» հաստատել է իրենց մոտ փորձաքննված երկու նկարների փաստը: «Արտ կոնսալտինգ» ՍՊԸ-ի գխլավոր տնօրեն Դ.Լուկաշինը Մոսկվա քաղաքի Զամոսկվորեցկի Միջշրջանային քննչական վարչության քննիչ Ն.Լապենկովային 2012թ. մարտին  գրավոր պատասխանել է, որ «փորձաքննության եզրակացության պատճենները ներկայացնելու Պ.Կոնչալովսկու վրձնին պատկանող «Մելնիցա» նկարի մասին տեղեկատվությունն անհնարին է, քանի որ «Արտ կոնսալտինգ» ՍՊԸ-ի լաբորատորիայում հետազոտական աշխատանքներ, կապված Կոնչալովսկու նկարի հետ, չի անցկացվել 2007 թվականի նոյեմբերի 13-ին և 20-ին»:

Սակայն 2014թ.-ին ՌԴ-ից մեկ այլ պատասխան է ստացվել. «Արտ կոնսալտինգ» ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ ու լաբորատորիայի վարիչ Ա. Բորիսովը տեղակալը հարցաքննվել է ՌԴ իրավաահների կողմից և ասել, որ «Արտ կոսնալտինգ» ընկերությունն անցկացրել է «Ջրաղաց» նկարի տեխնոլոգիական քննություն, որը որոշել է ստեղծագործության ստեղծման ժամանակը և պարզել, որ նկարի վայի նշված 1951թ.-ը ճիշտ չէ: Նկարի հեղինակը այս փորձաքննությամբ չի որոշվել:

«Քննության արդյունքների տարաձայնությունների, կապված նկարի չափերի հետ, կարող եմ ասել, որ դա ոչ ճիշտ կամ անուշադիր չափման հետևանք լինի: Հնարավոր է կտավը ձգվել է նոր շրջանակի վրա»,-հայտնել է հարցաքննվող անձը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների պահպանության վարչության» փորձաքննության վկայագրում նույն նկարի մասին արձանագրված է՝ «թուղթ, ջրաներկ»: ««Ջրաղացը» կտավ չէր, որ ձգվեր, թուղթ էր: Սա ևս ապացուցում է մի բան, որ փորձագետներն ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը»,-ասում է Կամո Բադալյանը:

ՀՀ մշակույթի նախարարության փորձագետներ Վեհանուշ Փունարջյանը և Մարինա Ստեփանյանը նույնաբովանդակ ցուցմունքներում նշել են, որ «քանի որ իրենց գործակալությունը տեխնիկապես բավարար չափով հագեցված չէ, չկան փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ սարքավորումներ, իրենք նկարների մասով կատարյալ ճշմարտացիությամբ եզրակացություն տալ չեն կարող, ուստի ցանկացած դեպքում իրենց և փորձագիտական այլ կենտրոնների կողմից նույն նկարների մասով տրված եզրակացությունները կարող են չհամընկնել...»:

Քննությամբ պարզվել է նաև, որ «Բնանկար» նկարի վրա «Ա.Դայնեկա 1953» գրառումը կատարված է եղել նկարի ստորին ձախ անկյունում, որը չի համընկել նկարի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյութո» ՊՈԱԿ-ի փորձագետների կողմից տրված եզրակացությանում նշված տեղակայման հետ: Այդ կապակցությամբ հարցաքննված ՊՈԱԿ-ի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Էմիլ Ավանեսովը հայնտել է, որ «իր անուշադրության հետևանքով տեխնիկական վրիպակ է թույլ տրվել», և դրա հետևանքով եզրակացության մեջ նշվել է, որ գրառումը տեղակայված է նկարի ստորին աջ անկյունում:

Այս փորձագետների տված «չհամընկնող» եզրակացության հետևանքով Կամո Բադալյանի ընտանիքը կարող է կորցնել տունը, իսկ երեխաները՝ մնան անօթևան: Սակայն փորձագետներն իրենց սխալի հետևանքով պատասխանատվության չեն ենթարկվել:

«Եթե մեր փորձագետները գտնում են, որ տեխնոլոգիական վատ վիճակի պատճառով չեն կարողացել հավաստի եզրակացություն տալ, դա չի նշանակում, որ մեր փորձագետները պատասխանատվության ենթակա չեն, որովհետև նրանք իրավունք չունեին տալու կեղծ փորձագիտական եզրակացություն, որը ներկա պահին մեղադրողը ընդունեց կեղծ,- ասում է Սեդա Սաֆարյանը,- այդ դեպքում եկեք փորձագետներին դատենք, որ մենք էլ իմանանք՝ ումից մեր վնասներն ուզենք, որովհետև Կամո Բադալյանը փորձագետների պատճառով կրել է վնասներ»:

Ս.Ծաղիկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Կամո Բադալյանի և նրա փաստաբան Սեդա Սաֆարյանի՝ քրեկան գործը կարճելու դեմ բերված բողոքի քննությունը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանը դատարանում հայտնեց, որ քննությամբ բազմաթիվ հարցերի պատասխաններ չեն պարզաբանվել և քննչական համապատասխան գործողություններ չեն կատարվել, հետևաբար, քննիչը չէր կարող կարճել գործը: Նկարների որակական և ֆիզիկական տարբերությունների մասին հարցապնդումները չեն հիմնավորվել, չեն առերեսվել Ստեփան Ծաղիկյանն ու Կամո Բադալյանը, անձինք, ում պատկանել են նկարները, վկաներից ոչ թե ցուցմունքներ, այլ բացատրություններ են վերցվել, որը ազատում է նրանց քրեական պատասխանատվությունից, եթե նրանք սուտ ցուցմունք տան: ՌԴ-ից ստացված փաստերի հակասությունները նույնպես չեն պարզաբանվել:

«Մեր իրավապահների կողմից անորակ քննություն է տարվել նկարների հակասության վերաբերյալ, մեր և իրենց անցկացրած փորձաքննությունների վերաբերյալ: Հարյուրավոր անձանց ձեռքի տակով, այդ թվում Ստեփան Ծաղիկյանի՝ ռուսաստանյան պատկերասրահում աշխատող աղջկա՝ Դիանա Ծաղիկյանի ձեռքի տակով անցել են այդ նկարները, գուցե նրանք են փոխել»,-ասում է Սեդա Սաֆարյանը:

Ըստ փաստաբանի՝ եթե մշակույթի նախարարության փորձագետները արտահանման ժամանակ ճիշտ եզրակացություն տային (եթե իհարկե այն սխալ է եղել), այդ նկարները հետ կտային Աշոտ Պետրոսյանին, և Կամո Բադալյանն այժմ տուն կորցնելու վտանգի առաջ չէր հայտնվի: 

Դատարանը մերժեց Կամո Բադալյանի և նրա փաստաբանի՝ քրեական գործը կարճելու դեմ բերված հայցը: Սեդա Սաֆարյանը կբողոքարկի այն ՀՀ վերաքննիչ դատարանում: ՀՀ բոլոր ատյաններում արդարություն չգտնելու դեպքում փաստաբանը մտադիր է գործը տանել Եվրադատարան:  

Լուսանկարում՝ ձախից փաստաբան Սեդա Սաֆարյանը, Կամո Բադալյանը, Ստեփան Ծաղիկյանը: 

Մեկնաբանություններ (1)

Երվանդ
Ինչ նախարարը, ինչ նրա փորձագետները... թող գնան դաշտում քար հավաքեն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter