
Տուժող Հակոբյաններն այսօր բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան
Այսօր լրանում է Վարդան Պետրոսյանի գործով Վճռաբեկ դատարան դիմելու մեկամսյա ժամկետը: «Հետքի» հետ զրույցում տուժող Հակոբյանների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հայտնեց, որ այսօր դիմելու են Վճռաբեկ դատարան: Փաստաբան Բալոյանը նշեց, որ բողոքում նշված են նույն երեք պահանջները՝ Վարդան Պետրոսյանի պատժաչափի խստացում, վարորդական իրավունքից 3 տարով զրկում, Տաթևիկ Հակոբյանի բուժման փոխհատուցում՝ մինչև բոլոր ֆունկցիաների վերականգնում:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր դատախազի ու տուժողների ներկայացուցչի բողոքները՝ թողնելով անփոփոխ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման:
Կենտրոնում Ռուբեն Բալոյանն է |
«Մենք Վճռաբեկ բողոք չէինք ներկայացնի, եթե հաշտվեին կողմերը: Մենք էլի կարող ենք հետ պահանջել բողոքը, եթե հաշտվեն կողմերը»,-ասաց փաստաբան Բալոյանը:
Ըստ Ռուբեն Բալոյանի, Վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվի՝ հաշվի առնելով մեր դատական պրակտիկան: Սակայն, տուժող կողմն օգտվել է իր իրավունքից: Բացի այդ, տուժողները ցանկանում են Հայաստանում սպառել բոլոր դատական ատյանները, որպեսզի դիմում ներկայացնեն ՄԻ եվրոպական դատարան:
Փաստաբան Բալոյանն ընդգծեց, որ Վճռաբեկ դատարան դիմելու համար հիմք է հանդիսացել այն, որ «Վերաքննիչ դատարանում Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ պատրաստ է հոգալ Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը: Ես ընդամենը իրենց առաջ դրեցի պայման, որ պայմանագիրը կնքվի ոչ թե երկկողմանի, այլ եռակողմ: Սրանով Վարդան Պետրոսյանը ոչ մի կերպ չէր տուժելու, պարզապես Տաթևիկ Հակոբյանը որպես տուժող ձեռք էր բերելու որոշակի իրավունքներ: Նաև հարց դրեցի, որ վերականգնողական բուժումները լինեն այնքան ժամանակ, մինչև Տաթևիկի լիարժեք ապաքինումը՝ ներառյալ վնասված ֆունկցիաների լրիվ վերականգնում: Այս ֆունկցիաների լրիվ վերականգնում արտահայտությունը, կարծում եմ, իրենց դուր չեկավ: 8 մլն 700.000 դրամի հայց էինք ներկայացրել, բայց փաստացի հրաժարվեցինք այդ գումարից: Մտածեցինք՝ եթե Վարդան Պետրոսյանը ցանկանում է բուժել, թող բուժի: Մեզ պետք չի գումարը, մեզ պետք է, որ Տաթևիկ Հակոբյանը բուժվի… եթե կփորձեն նորից հաշտվել, թող հաշտվեն, էլի կա հնարավորություն»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կարծիքով՝ Տաթևիկ Հակոբյանի բուժման համար որևէ եռակողմ պայմանագիր կնքելու կարիք չկա: «Բոլոր գումարները, որոնք անհրաժեշտ են Տաթևիկի բուժման համար, Վարդան Պետրոսյանը կվճարի, եթե այդ գումարը չի վճարի ապահովագրական ընկերությունը: Մենք դեռ մեկ տարի առաջ գրավոր իրազեկել ենք այդ մասին «Գրացիա» վերականգնողական կենտրոնի տնօրինությանը, որ Վարդան Պետրոսյանը պատրաստ է վճարել Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը: Հարցն այն է, որ Վարդան Պետրոսյանը նախընտրում է միանգամից վճարել կենտրոնին: Չեմ հասկանում, թե ինչ տարբերություն կա՝ Վարդան Պետրոսյանը տուժողներին է գումարը տալիս, թե վերականգնողական կենտրոնին»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել