
«Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանին և Հրանտ Գալստյանին բերման են ենթարկել
Բաղրամյան պողոտայում ոստիկանները սկսել են բերման ենթարկել ցուցարարներին: Ջրցան մեքենան գործի դնելուց հետո ոստիկանները բռնի ուժով, քաշքշելով, հարվածներ հասցնելով, տեղափոխել են նստացույցի մասնակիցներին: Բռնություններ են կիրառվել նաեւ լրագրողների նկատմամբ: «Հետքի» լրագրողներ Անի Հովհաննիսյանը եւ Հրանտ Գալստյանը եւս բերման են ենթարկվել: Նրանց փոխանցմամբ` իրենց եւ բազմաթիվ քաղաքացիների քաղաքացիական հագուստով ոստիկաններ բռնի կերպով են տեղափոխել ոստիկանության Կենտրոն բաժանմունք:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների հետ ամբողջ գիշեր բանակցում էին ոստիկանները: Նրանց առաջարկվել էր 4-5 հոգանոց խմբով հանդիպել նախագահի հետ, սակայն ինչպես այդ, այնպես էլ նորից Ազատության հրապարակ վերադառնալու առաջարկները մերժվել էին ցուցարարների կողմից:
«Քաղաքացիական հագուստով ոստիկաններ սկսեցի ուժ կիրառել մեր եւ ցուցարարների նկատմամբ: Մեր լրագրողական վկայականներն անտեսվեցին, բռնությամբ մեզ եւ եւս 13 քաղաքացու լցրեցին մեքենան ու տեղափոխեցին Կենտրոնի ոստիկանություն: Այստեղ եւս շարունակում են բռնություններ կիրառել բոլորիս նկատմամբ: Հիմա էլ ասում են, որ մեզ տեզափոխում են Մալաթիա-Սեբաստիայի բաժանմունք», -փոխանցում է Անի Հովհաննիսյանը:
Մեկնաբանել